Շատ զարմանալի է, որ ՄԱԿ պատվիրակությունըունը գալիս է, երբ Արցախը հայաթափված է. Վլադիմիր Վարդանյան

Շատ զարմանալի է, որ Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակությունը գալիս է Արցախ այն ժամանակ, երբ այն ամբողջությամբ հայաթափված է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Իշխանական պատգամավորին նաև զարմացրել է ՄԱԿ առաքելության հնչեցրած գնահատականները։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հոկտեմբերի 2–ին հայտարարել էր, որ մեկ օրում ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել, չի ստացել խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություն կիրառելու մասին որևէ հաղորդագրություն, չեն հայտնաբերել սատկած ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացման դեպքեր։

«Մենք պետք է հետագա ուսումնասիրություններ անենք` հասկանալու, թե ՄԱԿ-ի կենտրոնակայանը, քարտուղարությունը և անդամ պետությունները, այդ թվում՝ Անվտանգության խորհրդում, արդյո՞ք կիսում են Ադրբեջանում տեղակայված այս փոքրիկ պատվիրակության կարճաժամկետ այցի արդյունքները»,- նշեց Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ այս փուլում զերծ է մնում հստակ արձագանքներից հաշվի առնելով, որ դեռ չի տեսել ՄԱԿ-ի վերջնական եզրակացությունը, սակայն, նրա խոսքով, տողերի արանքում նշվում է, որ առաքելությունը չի կարողացել այցելել հեռավոր հատվածներ, սահմանափակվել են միայն Ստեփանակերտով, Լաչինի միջանցքով և ինչ-որ բնակավայրով ու զարմանք են հայտնել, թե ինչպես կարող էր մի քանի օրում բնակչությունը «հօդս ցնդել»։

«ՄԱԿ–ն էլ պետք է համապատասխան հետևություններ անի սրանից»,–կարծում է պատգամավորը։
Վարդանյանն ընդգծում է, այնուամենայնիվ իրենք գոհ չեն Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ միջազգային արձագանքից, և այդ մասին նաև միջազգային հարթակներում են բարձրաձայնում։

«Կներեք, բայց մենք մի պարագայում ունենք արձագանք, որը բավարար չէ, մյուս պարագայում մենք չունենք արձագանք և շատ զարմանալի է, որ մեր բարեկամ պետություններից ոմանք առ այսօր հստակ չեն արձագանքել ոչ միայն այն իրավիճակին, որ տեղի է ունեցել ՀՀ-ում, չեն անդրադարձել այնպիսի խախտումներին, որոնք դիտարկվում են իրենց իսկ ՔՕ–ում որպես ամենածանր հանցագործություն»,- ասաց իշխանական պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս