Քննչական կոմիտեի՝ Հայրենիքը չուրացող, գործ չկարող քննիչներին ազատում են աշխատանքից. ովքե՞ր են նրանք
Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական լայնածավալ հարձակմանը հաջորդած Արցախի ամբողջական հանձնումից հետո Երևանում ու մարզերում ընդվզման ալիք բարձրացավ, որին հետևեց ուժային կառույցների շատ կոշտ հակազդեցությունը:
Երեք տարվա մեջ երկու անգամ տուն ու այս անգամ՝ արդեն վերջնականապես Հայրենիք կորցրած մարդկանց արդար ցասումը գազանաբար խեղդվում էր փողոցում, ապա՝ Քննչական կոմիտեում ու դատարաններում:
168.am-ը գրել էր այն մասին, որ Երևանի քրեական դատարաններում տարերային կալանավորումներ են, որ դատավորները չեն խորշում անգամ կալանավորել ցույցերի ժամանակ բերման ենթարկված անչափահասներին:
Երևանի ավագանու ընտրություններից հետո ստացած 9%-անոց «պողպատյա մանդատը» երևակայականից առարկայական դարձնելու, իրենց տարատեսակ վախերը հաղթահարելու միակ միջոցն այս իշխանությունները փաստացի դարձրել են ռեպրեսիաները:
Աստվածավախ, Շուշիի անկումից տառացիորեն րոպեներ առաջ, ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների, Շուշիից ինկասացիայի մեքենայով ճողոպրած Արգիշտի Քյարամյանի ղեկավարած հիմնարկում նրա իսկ ցուցումով, բնականաբար, ցույցերի մասնակից երիտասարդներին կալանավորելու զանգվածային միջնորդություններ ներկայացնող քննիչների մեջ, բարեբախտաբար, կան այնպիսիները, ովքեր հրաժարվում են կենսագրություն թաղել, Հայրենիք ուրանալ ու պատվեր կատարել:
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ օրերս Քննչական կոմիտեից աշխատանքից ազատվել է երկու քննիչ՝ Հակոբ Գևորգյանը և Օհան Գրիգորյանը, երկուսն էլ՝ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնից:
Հակոբ Գևորգյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի վրա «կարված» քրեական վարույթով քննչական խմբի ղեկավարը: Վերջինս նախ դուրս է եկել քննչական խմբից, ապա ազատվել աշխատանքից, քանի որ հրաժարվել է մասնակից դառնալ այդ թատրոնին՝ ասելով՝ այստեղ հանցակազմ չկա:
Հիշեցնենք՝ խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաների ժամանակ Լևոն Քոչարյանին 6 հոգով բերման ենթարկած ու ոստիկանական ավտոմեքենայում նրան ծեծի ենթարկած կարմիր բերետավորներից 4-ը ցուցմունք են տվել, թե Լևոն Քոչարյանը ծեծել է իրենց, թեպետ տեսանյութն այլ բանի մասի է խոսում:
Ի վերջո, պատվերը կատարող թե քննիչները գտնվեցին, թե դատավոր Մասիս Մելքոնյանը, ով երկու ամսով կալանավորեց նրան, սակայն փաստ է, որ կան նաև ընդդիմացողներ:
Հակոբ Գևորգյանը միակը չէ. Կենտրոնի բաժնում աշխատանքից ազատվել է ևս մեկ քննիչ՝ Օհան Գրիգորյանը: Վերջինիս «մեղքը» եղել է այն, որ նա ցույցերի ժամանակ ոստիկանին վնասվածք պատճառելու համար բերման ենթարկված, ապա ձերբակալված ու կալանքի ներկայացված 1999թ. ծնված երիտասարդին չի ցանկացել տեսնել քրեակատարողական հիմնարկում:
Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց մեղադրյալ Սարգիս Աբրահամյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Իմ պաշտպանյալը թեպետ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, սակայն դատական նիստի ժամանակ ասաց՝ ցավում եմ, որ իմ անզգույշ գործողության արդյունքում վնասվածք եմ պատճառել ոստիկանին, ինչի համար զղջում եմ: Պաշտպանական կողմը միջնորդեց տնային կալանք կիրառել, ինչին քննիչը չառարկեց: Անգամ դատավոր Վաչե Մարգարյանն էր զարմացել և ճշտող հարց տվեց՝ վստա՞հ եք: Քննիչն ասաց՝ այո, վստահ է, որովհետև վստահ է, որ քրեակատարողական հիմնարկը լավագույն վայրը չէ երիտասարդ տղային այնտեղ ուղարկելու համար այդ մեղադրանքով»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:
Մեր տեղեկություններով՝ հենց կալանքը չպնդելու, տնային կալանքի դեմ չառարկելու համար էլ Օհան Գրիգորյանին ազատել են աշխատանքից:
Մանրամասները՝ տեսանյութում: