«Հիմա Ադրբեջանը Նիկոլի գործը թեթևացրել է՝ Արցախի հանձնման ու խաղաղության պայմանագիրն արագ ստորագրելու համար». Գառնիկ Դավթյան
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամասները պետք է համաձայնեցվեն:
Միևնույն ժամանակ, Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ղարաբաղի և Ադրբեջանի հայերի միջև բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության պայմանագրի կնքմանը, որը վերջ կդնի հակամարտությանը։
168.am–ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը կարծիք հայտնեց, որ Ստեփանակերտ-Բաքու հանդիպումների փուլը դեռ երկար կտևի։
«Ադրբեջանի ակնկալիքն այս հանդիպմանն այն է, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրով, փաստաթուղթ ստորագրեին, որով կնսեմացնեին Հայաստանի անկախության օրը։ Կարծում եմ՝ Արցախի կողմից հանդիպմանը մասնակցողները սա լավ են հասկացել և փորձել են գործընթացը ձգել, որպեսզի որևէ փաստաթղթի ստորագրումը չհամընկնի ՀՀ խորհրդանիշներից որևէ մեկի հետ։
Ինչ վերաբերում է կոնկրետ այդ հանդիպմանը, ապա այժմ ադրբեջանական տեղեկատվական հարթակներում ինֆորմացիան սուղ է։ Սակայն ամենաակնհայտն այն է, որ Ադրբեջանի նպատակն արցախահայության ինտեգրումն է Ադրբեջանի կազմ, և այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում ունենալ Ադրբեջանի անձնագիր, պետք է դուրս գան Արցախից»,- նշեց փորձագետը։
Գառնիկ Դավթյանը վստահ է, որ Ադրբեջանը կպահանջի ցուցակ այն մարդկանց տվյալների վերաբերյալ, որոնք մասնակցել են Արցախի երեք պատերազմներին և Արցախի պետականության կայացման համար մեծ ավանդ ունեն։
«Ադրբեջանական տեղեկատվական հարթակները հրապարակում են այն արցախցիների լուսանկարները, որոնք կոչ էին անում չհանձնվել ու պայքարել։ Ադրբեջանը նրանց դիտարկում է՝ որպես իրեն թշնամի։ Նման մարդկանց ցուցակ ևս կլինի, ինչպես եղավ «Ավո» ֆուտբոլային թիմի երիտասարդների հետ, որոնց առևանգեցին, հետո արտաքսեցին։ ՀՀ այս իշխանության, Նիկոլի երազանքն էր՝ ազատվել Արցախից, որպեսզի խաղաղության պայմանագիրը մաքսիմալ արագ ստորագրվի։ Հիմա Ադրբեջանը Նիկոլի գործը թեթևացրել է՝ Արցախի հանձնման ու խաղաղության պայմանագիրն արագ ստորագրելու համար։ Նաև արդեն նշել են, որ Ադրբեջանի կողմից Երևանին է տրամադրվել խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր կետեր, և պարզ է, չէ՞, թե ինչու հենց այսօր դրա մասին խոսվեց»,- շեշտեց Գ. Դավթյանը։
Ինչ վերաբերում է այս ամենի համատեքստում Ռուսաստանի ու Արցախում ռուս խաղաղապահների արձագանքին, փորձագետը նկատեց՝ իհարկե, ռուսների դեմ բողոքը հասկանում է, քանի որ կար էմոցիոնալ ակնկալիքներ, որոնք իրականության հետ առհասարակ կապ չունեն։
«Իհարկե, այսօր ռուսական կողմն այս գործընթացներում չի կարող լիարժեք ներգրավվածություն ունենալ մեկ պարզ պատճառով, երբ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի Պրահայում ստորագրեց փաստաթուղթ՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ այս ամենից հետո ակնկալել, որ ռուսը հայից ավելի հայ պետք է լինի ու պաշտպանի հայկական շահը՝ ուղղակի հեքիաթների ժանրից է։ Երբ ռուսական իքնաթիռը խոցվեց, և ռուսական կողմը դրան համարժեք չարձագանքեց, մենք տեսանք երկրորդ ապտակը՝ երբ ռուս խաղաղապահներ զոհվեցին Ադրբեջանի պատճառով»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։