Վրաստանի Սահմանադրական դատարանը ձեռնամուխ է եղել նախագահի իմփիչմենթի հարցի քննարկմանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ իմփիչմենթի հարցը գրանցվել է Սահմանադրական դատարանում և քննարկվում է ատյանի կողմից: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

«Սահմանադրական դիմումի հեղինակները 2023 թ. սեպտեմբերի 12-ին դիմել են Սահմանադրական դատարան՝ անցնելով սահմանադրական դիմումի գրանցման ընթացակարգերը. սեպտեմբերի 14-ին հարցումը գրանցվել է օրենսդրությանը համապատասխան: Գործը փոխանցվել է Սահմանադրական դատարանի պլենումի դիտարկմանը, որն այն կքննարկի և մեկ ամսվա ընթացքում եզրակացությունը կներկայացնի խորհրդարանին», – հաղորդել է Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 1-ին Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել էր նախագահի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու մասին։ Պատճառը դարձել է այն, որ Զուրաբիշվիլին, չնայած կառավարության մերժմանը, մեկնել էր Եվրոպա՝ ԵՄ երկրների ղեկավարների հետ հանդիպելու։ Այսպիսով, Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը, որի համաձայն՝ նախագահը կարող է արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ իրականացնել միայն նախարարների կաբինետի համաձայնությամբ։

Տեսանյութեր

Լրահոս