Դեսպան Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ռումինիայի թագի պահապան Նորին Մեծություն Մարգարետայի հետ

Սեպտեմբերի 12-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն իր տիկնոջ՝ Լիանա Մինասյանի հետ Էլիզաբետա պալատում հրաժեշտի հանդիպում է ունեցել Ռումինիայի թագի պահապան Նորին Մեծություն Մարգարետայի հետ։ Այդ մասին ասված է Ռումինիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել են Ռումինիայի թագավորական ընտանիքի և հայ համայնքի սերտ պատմական հարաբերությունները և թագավորական ընտանիքի ցուցաբերած անուրանալի աջակցությունը 20-րդ դարի սկզբին Ռումինիա գաղթած հայ փախստականներին։

Դեսպանը գոհունակությամբ անդրադարձել է դեսպանության և թագավորական ընտանիքի միջև ավանդական դարձած համագործակցությանը՝ այս համատեքստում հատուկ ընդգծելով 2019 թ. արքայազն Ռադուի Հայաստան կատարած այցի կարևորությունը։

Նորին Մեծություն Մարգարետան շնորհակալություն է հայտնել դեսպանին Ռումինիայում իր ծառայության ընթացքում ներդրած ջանքերի ու արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Նորին Մեծության Տան տնօրեն Կոնստանցա Յորգան և Նորին Մեծության Տան կանցլեր Տրայան Սարկան»,- նշված է գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս