Արհեստականորեն փորձում են քաոս ստեղծել Արցախում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրդ համարում մենք տեղեկացրել էինք, որ Արցախի նախագահի պաշտոնում օրեր առաջ պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանին ընտրելու հարցում կա կոնսենսուս: Եվ ահա, երեկ հայտնի դարձավ, որ Արցախի խորհրդարանի 5 խմբակցություններից 4-ի նախագահի թեկնածուն Սամվել Շահրամանյանն է։ «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», ՀՅԴ և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները առաջադրել են նույն թեկնածուին։
Ըստ տեղեկությունների, գործող պետնախարարն այս 4 ուժերի հետ երեկ հանդիպել է, իսկ ընտրությունը սպասվում է շաբաթ օրը: Այսուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, Արցախի նախագահի սպասվող ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանություններն իրենց վերջին ճիգերն են գործադրում ՀՀ-ից քարոզչական նպատակով Արցախում ավելի վաղ շրջանում ներդրված ականները գործի դնելու համար։
Մասնավորաբար, այս առումով Փաշինյանի իշխանության «վերջին ճիչն» այն ուժերն են, որոնց միջոցով փորձում են Արցախում անառողջ մթնոլորտ, խժդժություններ ստեղծել: Այսինքն, ըստ արցախցի մեր զրուցակիցների, Նիկոլ Փաշինյանը, չկարողանալով ստորագրությամբ և փաստաթղթային ձևով Արցախի հանձնման գործընթացն ավարտին հասցնել, փորձում է Արցախում քաոս և անարխիա հրահրել, ինչը հղի է լուրջ վտանգներով, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից հանցագործ «միջամտության» տեսքով։
Թերթի արցախյան աղբյուրը հայտնում է, որ Արցախում հասարակության շրջանում այս ամենը հիանալի գիտակցում են և համոզված են, որ այս չարաբաստիկ սցենարն ուղղակի կյանքի չի կոչվի»: