Բաժիններ՝

Հնդկաստանը ձգտում է համաձայնության հասնել G20-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության շուրջ

Հնդկաստանը կձգտի այս շաբաթ սպասվող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովում հասնել ամփոփիչ հայտարարության շուրջ բոլոր կողմերի փոխհամաձայնության՝ չնայած աշխարհաքաղաքական տարաձայնություններին։ Այս մասին հայտնել է G20-ի գագաթնաժողովի բարձրաստիճան կազմակերպիչ Ամիտաբհ Կանտը Financial Times թերթին հարցազրույցում։

«Մենք կջանանք բոլոր կողմերի, G20-ի բոլոր անդամների կոնսենսուսի հասնել գագաթնաժողովում։ Եվ դա անհրաժեշտ է G20-ի ապագայի համար: Մեր նպատակն է կոնսենսուսի հասնել բոլոր հարցերի շուրջ… այդ թվում՝ աշխարհաքաղաքականության», – ասել է նա:

Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող ռազմական գործողությունների թեման նույնպես պետք է ներառված լինի ղեկավարների հայտարարության տեքստում, սակայն Մոսկվան և Պեկինը դեմ են դրա ձևակերպումներին։

Գագաթնաժողովին նախորդող տարբեր հանդիպումների ընթացքում G20-ի երկրներին չի հաջողվել համաձայնության գալ ամփոփիչ հայտարարությունների շուրջ։

Հնդկաստանը 2022 թ. դեկտեմբերի 1-ից նախագահում է G20-ում։ Նյու Դելիում գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերի 9-10-ը` առկա ձևաչափով։ Դրան հրավիրված են Մեծ քսանյակի բոլոր ղեկավարները, ինչպես նաև ևս ինը երկրի՝ Բանգլադեշի, Եգիպտոսի, Իսպանիայի, Մավրիկիոսի, Նիգերիայի, Նիդերլանդների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի և Սինգապուրի ղեկավարները։ Հնդկաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բագչին հայտարարել է, որ Նյու Դելին ակնկալում է միության բոլոր երկրների ղեկավարների մասնակցությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Դաշնությունը գագաթնաժողովում կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Բացի այդ, Չինաստանը գագաթնաժողովին կարող է ներկայացնել ոչ թե երկրի ղեկավար Սի Ծինփինը, այլ վարչապետ Լի Ցյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս