Ինֆանտինոյի ավագ խորհրդականը հրաժարական է տվել ՖԻՖԱ-ի մրցաշարի ծրագրի պատճառով
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի ավագ խորհրդական Կառլոս Կորդեյրոն հրաժարական է տվել՝ ի նշան կազմակերպության նախագահի կողմից Աշխարհի առաջնության առևտրային իրավունքների բաժնեմասը մասնավոր ներդրողներին վաճառելու ծրագրի դեմ բողոքի․ հայտնում է Sky News-ը։
«Որպես ՖԻՖԱ-ի նախագահի ավագ խորհրդական, նախկին բանկիր և ամբողջ կյանքում ֆուտբոլի երկրպագու՝ ես չեմ կարող անտարբեր մնալ, մինչ ՖԻՖԱ-ն քննարկում է Աշխարհի առաջնության բաժնեմասը վաճառելու հարցը։ Թույլ տվեք հստակեցնել. ես որևէ կապ չունեի այս առաջարկի հետ, և կտրականապես դեմ եմ դրան։ Սա վատ գործարք է ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների համար, վատ գործարք ֆուտբոլի համար և վատ գործարք խաղի երկարաժամկետ ապագայի համար», – նշել է նա։
Աղբյուրի համաձայն՝ Ինֆանտինոն կորցրել է նախագծի շուրջ իր մերձավոր շրջապատի աջակցությունը։
Նախկինում հաղորդվել էր, որ ՖԻՖԱ-ի նախագահը պլանավորում է Աշխարհի առաջնության առևտրային իրավունքների բաժնեմասը մասնավոր ներդրողներին վաճառել։ ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ այս ծրագիրը կարող է 4.2 միլիարդ դոլար հավաքել։ Այս նախաձեռնությունը լայնորեն քննադատվել և դատապարտվել է պաշտոնյաների, ֆեդերացիաների և այլ կազմակերպությունների կողմից։ Ավելի ուշ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարել է ՖԻՖԱ-ի կողմից հովանավորվող մրցաշարերի բոյկոտի մասին: Այս որոշումը պաշտպանել են կազմակերպության բոլոր 55 անդամները: Առաջարկը մերժել են նաև Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԿԱԿԱՖ) անդամները: Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիան կոչ է արել բարեփոխումներ կատարել ՖԻՖԱ-ի կառավարման համակարգում:

