Վաշինգտոնի հանրահայտ Public International Law and Policy Group (PILPG)-ի   հուշագիրը Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ

Վաշինգտոնում գտնվող հանրահայտ Public International Law and Policy Group (PILPG) խորհրդատվական ընկերությունը հուշագիր է հրապարակել հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի վրա:

Հուշագրի նպատակը (Statement of Purpose)

Այս հուշագրի նպատակն է՝ ներկայացնել այն փաստարկը, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, և, որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից և արդյունավետ պաշտպանությունը: Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի ինքնավար կարգավիճակը պետք է հենանիշ ծառայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագա ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներում։

Ընդգծենք, որ այս հուշագիրը չպետք է մեկնաբանվի՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների կոնկրետ արդյունքի ջատագովություն: Դա որոշելը բանակցող կողմերի ու նախևառաջ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավասությունն է:

Կարդացեք նաև

Ամփոփագիր (Executive Summary)

Ներկայում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու համար բանակցություններ են ընթանում, որոնք մի  կողմից հյուրընկալում են Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, մյուս կողմից՝ Ռուսաստանը:

Բանակցությունների օրակարգը ներառում է՝ 1) սահմանազատում, 2) տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, 3) Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական պաշարման դադարեցում, 4) կալանավորված անձանց և ռազմագերիների ազատ արձակում ու անհայտ կորածների խնդրի հասցեագրում, 5) Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգություն և իրավունքներ։

Մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին համահունչ երկարատև խաղաղություն հաստատելու համար օրակարգում պետք է ընդգրկված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ ժողովրդի՝ սոսկ «անվտանգության և իրավունքների» քննարկումները՝ ինքնորոշման իրավունքի համատեքստից և շրջանակից դուրս, ինչը նախատեսված է ներկայիս օրակարգով, արժեք չունեն և պատրանքային են։ Գոյութենական այդ հարցերի բովանդակալից քննարկումը կարող է տեղի ունենալ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման համատեքստում։

Ինքնորոշման սկզբունքը հստակ ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բազմաթիվ բանաձևերում և միջազգային պայմանագրերում ու վերահաստատվում է Արդարադատության միջազգային դատարանի, ինչպես նաև տարածաշրջանային և ներպետական դատարանների տարբեր որոշումներում:

Ինքնորոշման սկզբունքը կարող է իրականացվել ներքինից՝ ավելի մեծ պետության շրջանակում ինքնավարության միջոցով կամ արտաքինից՝ նոր պետություն ստեղծելու միջոցով։ Թեև տարբեր տեսակետներ կան, թե արտաքին ինքնորոշումն արդյոք ներառո՞ւմ է անջատում հանուն փրկության սկզբունքը, բայց որևէ հակասություն չկա, որ ներքին ինքնորոշումը վերաբերելի է բոլոր ժողովուրդներին:

Որպեսզի խումբն ունենա իր քաղաքական ճակատագիրը կոլեկտիվ որոշելու  իրավունք՝ այն պետք է ունենա ինքնության կենտրոն, որը բավարար է նրան որպես ժողովուրդ տարբերակելու համար: Լեռնային Ղարաբաղի հայերի դեպքում կան օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնք անհրաժեշտ են ինքնորոշման իրավունքի իրացման համար:

Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը դարեր շարունակ պահպանել է ամբողջական ինքնություն՝ որպես Լեռնային Ղարաբաղի հողի հետ կապված ժողովուրդ: Ժամանակ առ ժամանակ ենթարկվելով քաղաքական ոտնձգության՝ այս տարածքը Խորհրդային Միության ժամանակ ունեցել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակ, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո այդ տարածքում իրականացրել է արդյունավետ և օրինական կառավարում:

1991 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին»։ Այնուհետև՝ 1991 թվականի նոյեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին օրենքը: Բոլորովին վերջերս Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կտրվի «զրո կարգավիճակ»:

Ադրբեջանը հայերի ինքնորոշման իրավունքը ժխտելու երկար պատմություն ունի, և ամեն ինչ վկայում է այն մասին, որ առանց միջազգային հանրության հովանու ներքո բանակցվող համակողմանի և արդյունավետ մեխանիզմների կիրարկման՝ էական գործիքակազմով, ոչ միայն կմերժվի այդ իրավունքը, այլև Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը կշարունակի ենթարկվել մարդու իրավունքների կոպիտ խախտումների, այդ թվում՝ էթնիկ զտումների և բռնի տեղահանության։

Ադրբեջանի մերժումը, որ խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակն ընթացիկ բանակցությունների օրակարգում ներառվի որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետագա ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ քննարկումների հենանիշ, հստակ ազդանշան է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այդ իրավունքը շարունակաբար մերժվում է, իսկ դա արտաքին ինքնորոշման հնարավորության դուռ է բացում՝ անջատում հանուն փրկության սկզբունքի միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս