BRICS-ին անդամակցելը զգալիորեն կբարձրացնի Իրանի աշխարհաքաղաքական կշիռը տարածաշրջանում և Միջին Արևելքում․ իրանագետ
Իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը համոզված է, որ Իրանի անդամակցումը BRICS-ին ունի չափազանց կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն, քանի որ նոր անդամների թվում Իրանն ունի տեսակարար մեծ կշիռ և հեղինակություն։
Օգոստոսի 22-ից 24-ը Յոհանեսբուրգում կայացած BRICS-ի գագաթնաժողովում կայացվել է կարևոր որոշում։ Գագաթնաժողովում նախագահող Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել է, որ Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան կհամարվեն BRICS-ի լիիրավ անդամ 2024 թվականի հունվարի 1-ից: Այս պահին BRICS-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Առաքելյանը նշեց, որ Չինաստանի կողմից առաջ քաշվող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգածրագրի իրականացման հարցում մեծ դերակատարում ունի հատկապես Իրանը, քանի որ գտնվում է շատ կարևոր աշխարհագրական դիրքում՝ ունենալով բավականին լուրջ լծակներ։
«Բոլոր ենթակառուցվածքներն անցնելով Իրանի տարածքով՝ շարժվելու են դեպի Արևմուտք, ինչը BRICS-ի անդամ հանդիսացող Ռուսաստանի և Չինաստանի համար ունի կենսական նշանակություն։ Վերջին շրջանում շատ լուրջ մրցակցություն էր ընթանում Արևմուտքի և Արևելքի միջև, քանի որ յուրաքանչյուրն ուզում էր իր կողմը բերել Իրանին։ BRICS-ի վերջին որոշումը վկայում է, որ Իրանը հետայսու գլոբալ առումով ավելի սերտորեն համագործակցելու է Չինաստանի և Ռուսաստանի հետ»,- ասաց Առաքելյանը։
Իրանագետի համոզմամբ՝ տվյալ իրադարձությունը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար, քանզի մեր երկիրն արդեն BRICS-ի հետ դառնում է հարևան, հետևաբար ավելի լրջորեն պետք է մոտենա Իրանի հետ հարաբերություններին և խորացնի երկկողմ համագործակցությունը։ Մենք, ըստ էության, կարող ենք կնքել տարանցիկ ճանապարհներն ու ենթակառուցվածքները գործարկող շահութաբեր պայմանագրեր։ Այդ ամենով հանդերձ՝ Հայաստանը կունենա լուրջ և ազդեցիկ ուժ իր կողքին։
«Հատկապես Սաուդյան Արաբիայի և Իրանի անդամակցումը BRICS-ին մեծ հարված հասցրեց Արևմուտքին, քանի որ այդ երկրներն իրենց ահռելի նավթագազային ռեսուրսներով կարող են համագործակցել բոլորովին անկախ այլ կառույցում։ Բացի դրանից, շատ է խոսվում այն մասին, որ BRICS-ը պատրաստվում է թողարկել իր արժույթը, որի հենքը կլինեն նշված երկրների էներգակիրները, հանածոները, ոսկին, և որակյալ աշխատուժը, առավել ևս, որ տվյալ կազմակերպության անդամ երկրների ազգաբնակչությունը կազմում է ողջ մոլորակի բնակչության 60 տոկոսը։ Նշված արժույթի գործարկումն անշուշտ մեծ հարված կհասցնի դոլարին, ինչը բնականաբար կստիպի ԱՄՆ-ին դիմել հակաքայլերի, որպեսզի պահպանի համաշխարհային առևտրի ոլորտում իր հաշվեկշիռը»,- ասաց իրանագետը։
Առաքելյանի դիտարկմամբ՝ BRICS-ին անդամակցելուց հետո Իրանի կշիռը կրկնակի անգամ մեծանում է, քանի որ այդ երկիրը անդամագրվեց նաև Շանհայի կազմակերպությանը։ Մյուս կողմից Իրանը Սաուդյան Արաբիայի հետ կարգավորեց իր հարաբերությունները Չինաստանի միջնորդությամբ և հիմա այդ պետությունները Եգիպտոսի ու ԱՄԷ-ի հետ մեծ դերակատարում կունենան ամբողջ Միջին Արևելքում՝ առաջնորդելով տեղի երկրներին։ Իրանագետի կարծիքով՝ BRICS-ն իր հերթին ունենալով նման հզոր անդամներ՝ տասնապատիկ անգամ կմեծացնի իր քաղաքական, տնտեսական ու ռազմական հնարավորությունները և ծանրակշիռ հայտ կներկայացնի ինչպես միջազգային հարաբերություններում, այնպես էլ ձևավորվող նոր աշխարհակարգում։
Մանվել Մարգարյան