«Ռեկտորի օգնականը բացարձակ թյուրիմացություն է». մամուլ
«ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար, դաշնակցական Բագրատ Եսայանը «Ժողովուրդի» հետ զրույցում դասադուլ անող ուսանողներին խորհուրդ տվեց. «Եթե ցանկանում են արդյունքի հասնել, ապա ուսանողները չպետք է գնան ու կանգնեն բուհի առաջ և փորձեն այդ պահին գոռալով՝ կոչ անեն միանալ: Դասադուլը կազմակերպվում է մինչև փողոց դուրս զալը, և եթե երթ կա, ապա ուսանողները միանում են այդ երթին, և ոչ թե երթ անող դասադուլավորը գնում ու սկսում է պատուհանի տակ գոռալ, թե եկե՛ք միացե՛ք մեր դասադուլին»»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և ներկայացնում Բագրատ Եսայանի հետ հարցազրույցը.
– Պարոն Եսայան, Դուք ժամանակին շատ ակտիվ մասնակցել եք դասադուլներին ու կազմակերպիչներից մեկն եք եղել: Եթե համեմատական անցկացնենք նախկին և ներկայիս դասադուլների միջև, ինչ նմանություններ ու տարբերություններ եք տեսնում:
– Նախ համեմատությունն առաջին հերթին դասադուլի նպատակների մեջ է, այն ժամանակ դասադուլի նպատակն ամբողջ ազգի նպատակն էր, և այդ նպատակի շուրջ համախմբված էին բոլորը՝ առանց որևէ տարբերակման՝ ուսանող էր, բանվոր էր, գյուղացի էր, բոլորը համախմբված էին գաղափարի շուրջ: Եվ այդ առումով դասադուլն ընդունվում և ընկալվում էր բոլորի կողմից: Օրինակ՝ դասախոսները, համալսարանի ղեկավարությունը շատ ավելի լոյալ էին դասադուլավորների նկատմամբ և փորձում էին այնպես անել, որ ուսանողներն ու բուհերը չվարկաբեկվեն:
– Այսօր հակառակ իրավիճակն է:
– Այսօր այլ վիճակ է, փաստորեն ուսանողության մի հատվածը ոտքի է կանգնել քաղաքական հստակ պահանջով, որն ուսանողության մյուս հատվածի կողմից ընդունելի չէ, և դա է պատճառը, որ այսպիսի սև ու սպիտակի բաժանման է հասցրել ուսանողությանը: Սա գալիս է նաև քաղաքական ուժերի դիրքորոշումներից, որոնք նույնպես սև ու սպիտակի են բաժանում հասարակությունը:
– Այսինքն, ըստ Ձեզ, այսօրվա դասադուլավորները նախկինների համեմատությամբ ավելի «թո՞ւյլ» են:
– Մի քանի տարբերություններ էլ կան. այն ժամանակ մենք դասադուլը կազմակերպում էինք՝ մեր շուրջը համախմբելով տարբեր ֆակուլտետների ակտիվիստներին, մենք հստակ գիտեինք, թե որ ֆակուլտետում ով իր շուրջը կարող է համախմբել ուսանողությանը: Այն ժամանակ բուհերի ղեկավարությունն այս չափ ագրեսիվ չէր փորձում խոչընդոտել ուսանողների կողմից արտահայտած մոտեցումները:
– Որպես կրթության նախկին փոխնախարար՝ ինչպե՞ս եք վերաբերում ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի պահվածքին: Վերջինս ԵՊՀ բակում հայտարարեց, թե «զորքերն առաջ բերեք»: Ու ընդհանրապես, ի՞նչ պիտի աներ ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը, որ չարեց:
– Ընդհանրապես այդ տղան՝ օգնականը, բացարձակ թյուրիմացություն է: Բացարձակ թյուրիմացություն է ոստիկանություն բերել ու կանգնեցնել բուհի շրջակայքում: Նման հիմարություն ով է որոշել՝ ես չգիտեմ, և եթե մեկը մտածել է ու կարծում է, որ դա պայքարի արդյունավետ ձև է, ուրեմն նա բացարձակ բան չի հասկանում: Փոխանակ ուսանողների հետ ինչ-որ փոխզիջումային տարբերակներ գտնեն, գնում են թշնամություն հրահրելու ճանապարհով՝ հայտնվելով այդպիսի հիմար վիճակում: Եվ ռեկտորի օգնականը բացարձակ հիմար քայլ է թույլ տվել. և՛ նախարարով, ռեկտորով, և՛ աշխատակազմի ղեկավարով ստիպված են արդարանալ նրա արած հիմարության պատճառով:
– Դուք ի՞նչ խորհուրդ կտայիք ուսանողներին, ի՞նչ քայլեր անեն, որպեսզի հաջողությունների հասնեն:
– Եթե ցանկանում են արդյունքի հասնել, չպետք է գնան ու կանգնեն բուհի առաջ և գոռալով կոչ անեն միանալ իրենց: Դասադուլը կազմակերպվում է մինչև փողոց դուրս գալը: Նախ պետք է դասադուլի գաղափարն ու նպատակը հասկանալի և ընկալելի լինի մյուս ուսանողների համար: Այսօր այնպիսի տպավորություն է, որ ուսանողների մեծ մասի համար հասկանալի չէ: Իսկ եթե գաղափարը ընկալելի չէ, որքան էլ շենքի տակ բղավես, չեն միանալու: Եվ երկրորդը, երբ որ մարդիկ համատարած ոչ մի բանի չեն հավատում, ամեն ինչին վերաբերում են ժխտողական մոտեցմամբ… նաև պետական ամբողջ ապարատը տասնամյակներ շարունակ, սկսած առաջին նախագահից մինչև հիմա, ատելություն է սերմանում հասարակության մեջ և մանավանդ երիտասարդության մեջ ընդհանրապես «քաղաքականություն» բառի նկատմամբ: Պետք է մի բան հստակ հասկանալ, որ բուհում չպետք է քաղաքականություն լինի: Եթե այսօր այս ուսանողության առջև հայրենիքը փրկելու հարց լինի, ես վստահ չեմ, թե ով է լինելու առաջին շարքերում` այդ փողկապավոր, փայլուն «կոստյում-շալվարով», գավառական ակցենտով ջահելնե՞րը՝ հանրապետական զնաչոկները դոշին, թե՞ իսկապես քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդները, որոնք այս երկրի ցավն ու դարդն իրենցն են համարում: