Ովքեր են սոդոմիտները
Իրականում ովքե՞ր էին սոդոմիտները, որոնց հիշատակում է Աստվածաշունչը և որոնց այսօր անվանում են այսպես կոչված ԼԳԲՏ ներկայացուցիչներ: Եվ ճի՞շտ է արդյոք, որ Աստված պատժեց Սոդոմի բնակիչներին հենց նույնասեռ կապերի հակվածության համար:
Բոլորը լսել են սուրբգրային այն պատմությունը, թե ինչպես Աստված ոչնչացրեց Սոդոմ և Գոմոր քաղաքները՝ դրանց վրա ծծումբ ու կրակ թափելով: Այդ պատմությունն ամփոփված է Ծննդոց գրքի 18-րդ և 19-րդ գլուխներում: Սակայն որպեսզի հասկանանք, թե ինչն ինչոց է այդ պատմության մեջ, եկեք նախ ուշադիր քննենք, թե Աստվածաշունչն ինչ է ասում Սոդոմի ու Գոմորի մասին:
Ի՞նչ գիտենք Սոդոմի ու Գոմորի մասին
Նախ, որ այդ քաղաքները գտնվում էին գեղեցիկ բերրի հովտում, որը ոռոգվում էր Աստծու դրախտի նման, Եգիպտացվոց երկրի նման (Ծննդ. 13:10): Երբ Աբրահամը (որ դեռ Աբրամ անունն էր կրում) և նրա զարմիկ Ղովտը որոշեցին բաժանվել՝ տարբեր վայրերում ապրելու, որպեսզի խուսափեն ունեցվածքի համար տարաձայնություններից, Ղովտն ընտրեց հենց բեղուն Սոդոմը: Սակայն Քանանը ևս, որտեղ մնաց Աբրամը, ամենևին էլ անապատ չէր. հետագայում Աստված այն կանվանի «մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում» (Ղևտ. 20:24):
Արդեն այստեղ կարդում ենք, որ Սոդոմի բնակիչները չար մարդիկ էին և Աստծու հանդեպ բազում մեղքեր էին գործում (Ծննդ. 13:13): Սակայն թե հատկապես որ մեղքն էին գործում, Սուրբ Գիրքը դեռևս լռում է:
Երկրորդ, Ծննդոց գիրքը պատմում է, թե ինչպես տեղի ցեղերից մեկի արքա Քոդողագոմորն իր դաշնակիցների հետ պարտության մատնեց Սոդոմն ու Գոմորը, կողոպտեց դրանք և բնակիչներին էլ գերի տարավ: Աբրամը պաշտպան կանգնեց սոդոմիտներին (չէ՞ որ Ղովտը նրանց մեջ էր բնակվում), սակայն հրաժարվեց նրանցից ընծաներ (որպես երախտագիտության նշան) վերցնելուց: Քեզ պատկանող ոչ մի բանից՝ թելից մինչև կոշիկի կապն անգամ ես չեմ վերցնի, որպեսզի չասես, թե՝ “ես հարստացրի Աբրամին” ,- պատասխանեց նա սոդոմացի արքային (Ծննդ. 14:23): Միգուցե արդար Աբրամը չցանկացա՞վ ընդհանուր ոչինչ ունենալ երդվյալ մեղավորների՛ հետ: Ոչ, բոլոր սուրբ հայրերն այս հատվածն այլ կերպ են մեկնաբանել. Աբրամն ընդամենը ցանկանում էր Աստծու արդարությունն իրագործել, իսկ հարևանների ունեցվածքի հետ գործ չուներ:
Եվ, վերջապես, ամենահայտնի երրորդ միջադեպը: Այն սկսվում է նրանից, որ Աստված զգուշացնում է Աբրահամին, որ Ինքը գնում է ստուգելու անօրեն քաղաքները: Սոդոմացիների ու գոմորացիների աղաղակը ահագնացել, հասել է ինձ. նրանց մեղքերը խիստ շատացել են: Արդ, իջնեմ տեսնեմ, թե ինձ. հասած նրանց աղաղակը համապատասխանո՞ւմ է նրանց կատարածին, թե՞ ոչ: Այդ եմ ուզում գիտենալ» (Ծննդ. 18:20, 21): Աստված չի շտապում միանգամից պատժել մեղավորներին, Նա փորձում է նրանց, բացատրում է սուրբ Եփրեմ Ասորին: Վերջին փորձությունը: Տերը Աբրահամին խոստանում է խնայել ողջ քաղաքը, եթե գոնե տասը արդար գտնի այնտեղ (Ծննդ. 18:23-33):
Սակայն պարզվում է, որ միակ արդարն այդ անառակ քաղաքներում Աբրահամի զարմիկ Ղովտն էր…
Արդ ո՞րն էր դրանց բնակիչների մեղքը
Դա պարզ է դառնում այն փորձության նկարագրությունից, որն Աստված կազմակերպում է սոդոմիտների համար: Տերը երկու հրեշտակ է ուղարկում Սոդոմ, որոնց դիմավորում, իր տուն է տանում և մեծապատիվ հյուրերի պես ընդունում է արդար Ղովտը: Սակայն այդ լուրն առնելով, սոդոմացի մի մեծ ամբոխ՝ երիտասարդից մինչև ծերը, պաշարում է նրա տունը և միաբերան գոչում՝ ո՞ւր են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մոտ եկան: Նրանց բե՛ր մեզ մոտ, որ կենակցենք նրանց հետ (Ծննդ. 19:5): Ղովտն աղաչում է նրանց չարիք չպատճառել իր հյուրերին և քիչ է մնում, որ հենց ինքը դառնա մոլեգնած ամբոխի զոհը: Արդյունքում հրեշտակներն են ստիպված լինում միջամտել. նրանք հանկարծակիորեն կուրացնում են սոդոմացիներին, և վերջիններս ստիպված հեռանում են (տե՛ս՝ Ծննդ. 19:11): Դրանից հետո Աստված որոշում է ոչնչացնել անօրեն քաղաքները և ի կատար ածում Իր որոշումը, հենց որ Ղովտն իր ընտանիքով լքում է Սոդոմը:
«Կենակցել հյուրերի հետ» նշանակում է ֆիզիկապես մերձենալ նրանց, պարզ ասած բռնաբարել, բացատրում է 19-20-րդ դարի հայտնի աստվածաշնչագետ, Սանկտ-Պետերբուրգի հոգևոր ակադեմիայի պրոֆեսոր Ալեքսանդր Լոպուխինը: Այդ մտադրության մեջ արտահայտվում է սոդոմացիների ծայրաստիճան անառակությունը: Սարսափելի և զզվելի է բռնության յուրաքանչյուր դրսևորում, սակայն տվյալ դեպքում, եթե կարելի է այդպես ասել, դա բռնություն էր ծանրացուցիչ հանգամանքներով: Ցանկանում էին անարգել հյուրերին՝ բոլորովին օտար ու տեղի «ավանդույթներին» անծանոթ մարդկանց: Դեռ մի բան էլ անբնական եղանակով, քանի որ Ղովտի տան շուրջբոլորը միայն տղամարդիկ էին հավաքվել:
Մեղքի էությունը միանգամայն թափանցիկ է ցույց տրված սուրբգրային տվյալ պատմության մեջ: Պրոֆեսոր Լոպուխինը խոսում է «նրանց սեռական հակման աննորմալության ու այլասեռվածության» մասին, որը ծնում էր այնպիսի հակաբնական արատ, ինչպիսին արվամոլությունն է կամ հոմոսեքսուալիզմը: Այդ ժամանակից ի վեր ընդունված է այդ արատը անվանել «սոդոմական մեղք»: Իսկ «սոդոմիտներ»՝ «ոչ ավանդական սեռական կողմնորոշում» ունեցող մարդկանց, որոնք, Սոդոմի բնակիչների նման, մեղսալի, հակաբնական ոչինչ չեն տեսնում դրանում, երբեմն էլ դեռ ակտիվորեն պրոպագանդում են իրենց ապրելակերպը և այն փաթաթում շրջապատի վզին:
Այսինքն կործանված քաղաքների պատմությունն ընդգծում է, որ սոդոմական մեղքը հատկապես ծանր է, իսկ այն գործողները մահացու վտանգի մե՞ջ են:
Մահացու վտանգավոր է յուրաքանչյուր մեղք: Մեղքը, հասունանալով, մահ է ծնում,- գրում է Հակոբոս առաքյալը (Հակ. 1:15) և չի հստակեցնում, թե հատկապես որը: Իսկ սուրբ Իսահակ Ասորին ասում է՝ ցանկացած անզեղջ մեղք մահացու է: Ցանկացած մեղք, որի համար մարդ չի ապաշխարել, նրան բաժանում է Կենաց աղբյուրից՝ Աստծուց:
Այո, Սոդոմի և Գոմորի պատմության մեջ կարդում ենք կոնկրետ մեղքի մասին: Ընդ որում մի մեղքի, որի մասին սուրբգրային հեղինակները մեկ անգամ չէ, որ խոսում են և առավելագույնս հստակ են այն բնութագրում՝ անվանելով. «պղծություն» (Ղևտ. 20:13), «անարգ կիրք», «խայտառակություն», «անարգություն» (Հռոմ. 1:26-28): Պողոս առաքյալը գրում է հստակ ու միանշանակ. արվամոլները… Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն (Ա Կորնթ. 6:9-10): Սակայն կարելի՞ է արդյոք ենթադրել, որ այս պատմությունը միայն որոշակի մեղքի հետևանքների մասին է: Որ մյուս բոլոր, «ոչ նման վրդովեցուցիչ» մեղքերին այն չի վերաբերում:
Ուշադրությո՛ւն դարձնենք. մենք ոչ միայն տեսնում ենք, թե սոդոմիտներն ինչ մեղքով են վարակված, այլև մեր առջև գծագրվում է մի ողջ համակեցության բարոյական լրիվ անկման պատկերը, որում ամբողջովին ջնջված է մեղսալիցի և ոչ մեղսալիցի, թույլատրելիի և անթույլատրելիի տարբերությունը: Սուրբգրային պատմությունը լակոնիկ է, սակայն բավարար ասված է հասկանալու համար, որ Սոդոմի բնակիչները գործում էին այնպիսի մոլուցքով, ագրեսիայով ու անամոթությամբ, որ հազիվ էին մարդու հիշեցնում: Մոսկվայի Ֆիլարետ Սրբազանը (Դրոզդով) նրանց «գազանային ամբոխ» է անվանել և դա դեռ մեղմ է ասված, քանի որ հազվադեպ կհանդիպես, երբ կենդանիներն իրենց այդպես լկտիաբար պահեն, և հաստատ իրենց արատները ի ցույց չեն դնում: Սոդոմացիներին միանգայամն տեղին է անվանել «սատանայական խառնամբոխ»՝ հետևելով Հայտնության գրքի հեղինակին, որն այդպես է արտահայտվում քրիստոնյաներին հալածողների մասին (Հայտ. 2:9):
Սոդոմի և Գոմորի բնակիչների խնդիրն ամենևին էլ չէր սպառվում նրանց անբնական հակումներով: Դրանք մարդիկ էին, որ վաղուց և ամուր միահյուսված էին մեղքին: Եվ համառորեն չէին նկատում Աստծու փորձերը իրենց աչքերը բաց անելու այն դժոխքի վրա, որը հենց իրենք էին կազմակերպել իրենց բերրի քաղաքներում:
Չէ՞ որ պատահական չէր, որ Աբրահամի զարմիկ Ղովտը բնակություն էր հաստատել նրանց մեջ, ըստ ամենայնի, երկու քաղաքների կործանումից դեռևս մի քանի տարի առաջ: Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ Տերը դիտավորյալ այնպես արեց, որպեսզի այդ մոլեգին անառակ (Բ Պետ. 2:7) մարդկանց աչքի առջև լինի արդարի օրինակը, և որպեսզի Ղովտը, ինչպես բժիշկ, կարողանա «սանձահարել նրանց չար ախտերի ուժը»: Սակայն սոդոմացիները չօգտվեցին բարի օրինակից. նրանք «ոչ միայն չհեռացան չարից, այլև ավելի ու ավելի բազմապատկեցին այն», այնպես որ Ղովտը, բնակվելով նրանց մեջ, ականատես և ականջալուր էր լինում նրանց անօրեն ընթացքին՝ ամեն օր տանջելով իր արդար հոգին (Բ Պետ. 2:8): Սոդոմացիներն ավելի վաղ էին կուրացել, քան հրեշտակները նրանց կզրկեին տեսողությունից, ընդորում՝ սեփական կամքով: Նրանք արել էին ամեն ինչ, որպեսզի ջնջեին իրենց միջից Աստծու պատկերը, այն, ինչը նրանց դեռ մարդ էր պահում: Եվ արդյունքում, ինչպես Ոսկեբերանն է ասում, «ամբողջովին զրկվեցին ներումից»:
Սոդոմի և Գոմորի կործանման պատմությունն ինչո՞վ է կարևոր մեզ համար
Երկու քաղաքների ոչնչացումը, որոնց բնակչությունը չարություն ու անառակություն էր գործում, սարսափազդու, սակայն արտահայտիչ օրինակն է այն բանի, թե ինչով է ավարտվում ըստ մեղքի օրենքի ապրելու յուրաքանչյուր փորձ՝ արհամարհելով Աստծու պատվիրանները և մերժելով կյանքը վերարժևորելու յուրաքանչյուր կոչ: Եվ տխրահռչակ «սոդոմական մեղքը» այս պարագայում ոչ այլ ինչ է, քան մեկնակետն այն երկար ճանապարհի, որը Սոդոմի ու Գոմորի բնակիչների համար ավարտվեց հրե անձրևից կործանմամբ (կարևոր չէ, թե Աստված բնության ինչ երևույթ գործածեց այդ չարիքը վերացնելու համար): «Ընթացքում» այդ մեղքին ինչ ասես, որ չավելացավ. և՛ չարություն, և՛ սեր ինքնավայելչության հանդեպ, և՛ բացարձակ անբարոյականություն, և՛ գռեհիկ վերաբերմունք մերձավորի նկատմամբ, էլ չենք ասում արդեն Աստծու հանդեպ… Հավանաբար նման ինչ-որ կետի էր գլորվել-հասել նաև Նոյի ժամանակների մարդկությունը, և այն օրերի մարդկանց համար դա ավարտվեց ջրհեղեղով: Իսկ այժմ Աստված ստիպված էր կրակով այրելու միջոցով ոչնչացնել վարակի օջախները:
Միայն թե չարժե կարծել, թե այդ քաղաքների բնակիչներն ինչ-որ արտասովոր մեղավորներ էին, որոնցից մենք շատ հեռու ենք:
Մի անգամ մարդացյալ Աստված Հիսուս Քրիստոս շատ բնորոշ հարց ուղղեց Իր ունկնդիրներին: Այն տասնութ մարդիկ, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, կարծում եք, թե ավելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ: Եվ Ինքն էլ պատասխանեց. Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք (Ղուկ. 13:4, 5): Տերը մի շատ պարզ բան նկատի ուներ. երբեք չպետք է գայթակվես քո վերաբերյալ: Քանի որ Նա սոդոմացիներին ևս նախազգուշացրեց, երբ ցուցադրեց Ղովտի օրինակը, կողոպտիչների զորքն ուղարկեց նրանց վրա, հրեշտակներին քաղաք բերեց: Իսկ մեզ այլ օրինակներով է նախազգուշացնում, այդ թվում և՝ Սոդոմի: Հարցը միայն այն է՝ արդյո՞ք մենք ուշադրություն կդարձնենք այդ օրինակներին, թե՞ պինդ կփակենք մեր աչքերն ու ականջները: Կփոխե՞նք մեր կյանքը, թե՞ կշարունակենք ապրել այնպես, ինչպես սովոր ենք: Սոդոմացիները մինչև վերջ շարունակեցին իրենց կյանքն այնպես, ինչպես սովոր էին: Եվ այդ կյանքի ավարտը սարսափելի էր:
Իգոր Ցուկանով («Ֆոմա» ամսագրի հեղինակ)
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը