Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին կանչել են կառավարություն. ծանր զրույց է եղել. գնդակը դատավորների դաշտում է
Երեկ հայտնի դարձավ, որ հուլիսի 19-ին անփառունակ կերպով տապալված Դատավորների ժողովից մոտ երկու շաբաթ անց՝ օգոստոսի 4-ին, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը կրկին հրավիրել է Ընդհանուր ժողով:
Հիշեցնենք՝ Ընդհանուր ժողովը հուլիսի 19-ին պիտի ընտրեր Բանակային երրորդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին կալանավորած ու դրա համար պաշտոնեական առաջխաղացում ստացած Մեսրոպ Մակյանից հետո թափուր տեղը համալրող ԲԴԽ դատավոր անդամի:
Թե ինչ է նշանակում դատավոր անդամի ընտրությունը՝ իր բոլոր հետևանքներով, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, բնականաբար, շատ լավ է պատկերացնում՝ աչքի առաջ ունենալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի ընտրությունը, երբ փակ գաղտնի քվեարկության արդյունքում վերջինս պարզապես ջախջախեց Նիկոլ Փաշինյան-Կարեն Անդրեասյան տանդեմի սրտի ԲԴԽ դատավորացու Ռուբիկ Մխիթարյանին:
Կարեն Անդրեասյան-Գրիգոր Մինասյան զույգը գտել էր հարցի լուծումը՝ չծանուցել Երևանի քրեական դատարանի դատավորներին, այլ ԲԴԽ դատավոր անդամի ընտրության համար ծանուցել միայն Հայաստանի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին:
Ըստ այդմ ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներն են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։ Իշխանությունները, ինչպես մամուլը գրեց, ունեն իրենց հարմար ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուն՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը: Հենց նրան էր խոստացվել այդ թափուր տեղը: Տապալված Ժողովից հետո լրագրողների հետ զրույցում Էդգար Հովհաննիսյանի նյարդային վարքագիծը հենց չիրականացած հույսերի մասին էր խոսում:
Ի դեպ, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանն ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավարի՝ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին ուղարկելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել և որպես հետևանք՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցում ուղարկել առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորներին, ովքեր բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։
Հուլիսի 19-ին, 168.am-ի տեղեկություններով, դատավորները եկել են այն եզրահանգման, որ, այնուամենայնիվ, պետք է ծանուցվեին բոլոր դատավորները, իսկ հետո Ժողովի ժամանակ միայն որոշվի՝ ում տալ նախապատվությունը՝ մարզայի՞ն դատավորի, թե՞ Երևանի: Բայց դրա համար ժամանակ է պետք, թեկնածուների բարեվարքությունը պիտի ստուգվի, մարդիկ պետք է կողմնորոշվելու ժամանակ ունենան նաև:
Այդ մասին Ժողովից հետո ասաց նաև Արագածոտնի մարզը ներկայացնող դատավոր, ԲԴԽ դատավոր-անդամի թեկնածու Սուրեն Մնոյանը. Այո՛, պետք է ծանուցվեն բոլոր դատավորները:
Արդյունքում Ժողովի օրակարգը չէր հաստատվել. 99 դատավորներ բաց քվեարկությամբ դեմ էին հանդես եկել Կարեն Անդրեասյանի օրակարգին:
Ժողովից հետո, սակայն, մեր տեղեկություններով, բավականին հետաքրքիր իրադարձություններ են զարգացել: Դատավորների ընդհանուր ժողովից մեկ օր անց: Կառավարություն է կանչվել Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը: Եղել է շատ ծանր խոսակցություն, և Լիլիթ Թադևոսյանին այն աստիճանի են առել աքցանների մեջ, որ վերջինս որոշել է շուտափույթ Ժողով հրավիրել՝ գոհացնելու համար քաղաքական իշխանությանն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին:
Այսինքն՝ 99 դատավորի կամք առոչինչ է Լիլիթ Թադևոսյանի, Կարեն Անդրեասյանի ու քաղաքական իշխանության համար: Սա ապտակ է՝ դատավորներին ուղղված: Ստացվում է, որ նորից կբերեն ձևական 3 թեկնածուներին, կընտրեն Էդգար Հովհաննիսյանին, և խնդիրը կլուծվի:
99 դատավորները պետք է շատ լավ գիտակցեն, որ սա իրենց արժանապատվության, ինքնասիրության հարցն է, որ իրենք արել են շատ ավելի կարևոր բան, քան փակ քվեարկության ժամանակ դիրքորոշում հայտնելն է: 99 դատավոր բաց քվեարկությամբ դիրքորոշում է հայտնել՝ հօգուտ անկախ դատական համակարգի, ընդդեմ ԲԴԽ-ում դատավորների լիազորությունները դադարեցնող ևս մեկ ձայնի:
Իշխանությունն ու Կարեն Անդրեասյանը խնդիր չունեն. կարող են և փչացնում են թե՛ Վճռաբեկ դատարանի նախագահին, թե՛ նույնը փորձում են անել Դատավորների ընդհանուր ժողովի ու հատկապես օրակարգին դեմ քվեարկած 99 դատավորների նկատմամբ:
Դատավորներն այլ բան չունեն անելու, քան բոյկոտել օգոստոսի 4-ին նախատեսված Ժողովը: Միայն այդ կերպ նրանք կարող են տեր լինել իրենց ձայնին ու թույլ չտալ, որ ինչ-որ մեկը կամ մի քանիսն իրենց ոտքերը սրբեն նրանց արժանապատվության վրա: Դատավորները վճռական պիտի գտնվեն, չտրվեն ճնշումներին, որոնք վստահաբար կան ու կլինեն, ու պարզապես չգնան, չմասնակցեն Ժողովին՝ դրանով իսկ ցույց տալով, որ իրենք իրենց ասելիքն ասել են:
Մասնագետներն ահազանգում են նաև, որ խիստ խնդրահարույց է նաև Վճռաբեկ դատարանի նախագահի որոշումը՝ ընդհանուր ժողով հրավիրելու մասին, քանի որ ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ։ Նույն հոդվածը սահմանում է, որ արտահերթ ժողով կարող է հրավիրել, ի թիվս այլոց, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն իր նախաձեռնությամբ։
Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը հրավիրել է ընդհանուր ժողով, այլ ոչ թե արտահերթ ընդհանուր ժողով, իսկ տարվա ընթացքում մեկ անգամից ավել ընդհանուր ժողով հրավիրելու լիազորությամբ օրենսդիրը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին չի օժտել։
Ամեն դեպքում հիմա արդեն գնդակը դատավորների դաշտում է: Նրանց մարտահրավեր է նետված, ու հիմա իրենք պիտի որոշեն՝ գնո՞ւմ են օգոստոսի 4-ի ժողովին, մասնակցում դրան ու դառնում մանրադրամ Նիկոլ Փաշինյան-Կարեն Անդրեասյան-Գրիգոր-Մինասյան-Լիլիթ Թադևոսյան քառյակի քաղաքական խաղերի մեջ, թե՞ պահում են իրենց դեմքն ու կուլ չեն գնում մանր մարդկանց քմահաճույքին: