Դատավորների ընդհանուր ժողովը հետաձգվեց. օրակարգը չհաստատվեց. ԲԴԽ դատավոր անդամի տեղը շարունակում է մնալ թափուր
Այսօր՝ 16:00-ին, մեկնարկեց Դատավորների հերթական ընդհանուր ժողովը: Ընտրելու են Բանակային երրորդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին կալանավորած ու դրա համար պաշտոնեական առաջխաղացում ստացած Մեսրոպ Մակյանից թափուր տեղը համալրող ԲԴԽ դատավոր անդամի:
Թե ինչ է նշանակում դատավոր անդամի ընտրությունը՝ իր բոլոր հետևանքներով, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը շատ լավ է պատկերացնում՝ աչքի առաջ ունենալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի ընտրությունը, երբ փակ գաղտնի քվեարկության արդյունքում վերջինս պարզապես ջախջախեց Նիկոլ Փաշինյան-Կարեն Անդրեասյան տանդեմի սրտի ԲԴԽ դատավորացու Ռուբիկ Մխիթարյանին:
Կարեն Անդրեասյանը միգուցե իր ընկեր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ համատեղ քննարկումների արդյունքում գտել է հարցի լուծումը՝ չծանուցել Երևանի քրեական դատարանի դատավորներին, այլ ԲԴԽ դատավոր անդամի ընտրության համար ծանուցել միայն Հայաստանի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին:
Ըստ այդմ ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներն են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանն ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավարի՝ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին ուղարկելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել և որպես հետևանք՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցում ուղարկել առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորներին, ովքեր բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։
Հայցը քննող վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու հայցվոր կողմի միջնորդությունը:
Ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Դավիթ Բալայանն ասաց, որ իր կարծիքով՝ Դատական դեպարտամենտը կանխորոշել է այն դատավորների շրջանակը, ովքեր իրավունք ունեն առաջադրվելու որպես ԲԴԽ անդամի թեկնածու, ինքը գտնում է, որ այդպես չի կարող լինել։
«Կփորձեմ դատավորներին տեղ հասցնել այն հիմքը, որով դիմել էի դատարան»,- ասաց Դավիթ Բալայանը, ով պնդում է՝ խախտվել է իր՝ ԲԴԽ անդամ ընտրվելու իրավունքը:
Նա նաև ասաց՝ ինքը գտնում է, որ Դավիթ Հարությունյանի լիազորություններն անարդար կերպով են դադարեցվել:
Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը նույնպես մատնանշեց համակարգային խնդիրներ:
«Ես ընդհանրապես չեմ վախենում խոսելուց: Պարզապես պետք է տարանջատել վախենալը խելամտությունից»,- ասաց Արման Հովհաննիսյանը:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին նկատեց՝ անկախ նրանից, ով կլինի Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը, իր աշխատաոճում փոփոխություն չի լինելու:
«ԲԴԽ-ն սրբավայր չէ, ԲԴԽ անդամներն էլ՝ սրբեր, որ չկարողանաս քննադատել նրանց: Գովել կարելի է, քննադատել՝ ո՞չ: Շատ մտահոգիչ ու աննախադեպ երևույթ է մի օրում 4 դատավորի լիազորություն դադարեցնելը: Այսօրվա ժողովում փորձելու ենք բարձրացնել ԲԴԽ դատավոր անդամներին հետ կանչելու հարց»,- նշեց Վազգեն Ռշտունին:
Ժողովի մեկնարկից քիչ անց հայտնի դարձավ, որ, ինչպես միշտ, Ժողովն անց է կացվելու առանց լրագրողների ներկայության, փակ ռեժիմով:
Դատավորների ընդհանուր ժողովը, սակայն, չկայացավ: Օրակարգը չհաստատվեց 77 կողմ, 99 դեմ ձայներով:
ԲԴԽ դատավոր անդամ այսպիսով չընտրվեց:
Մանրամասները՝ տեսանյութում: