Նիկոլ Փաշինյանի հեռախոսը՝ Ալիևի գրպանում
«Չափազանց կարևոր է նաև միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով»,- կառավարության հերթական նիստում իր հերթական/հերթապահ ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Այս միտքը տարբեր ձևակերպումներով կարելի է հանդիպել վերջին տևական ժամանակահատվածի նրա հրապարակային խոսքում, իշխանության տարբեր ներկայացուցիչների հարցազրույցներում։ Դրանց բոլորի իմաստն այն է, որ Հայաստանի իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում «Բաքվի և Երևանի միջև երկխոսություն հաստատելու համար»։
Հայաստանի իշխանությունների, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները ցինիզմի աննախադեպ դրսևորումներ են՝ ոչ միայն այն իմաստով, որ դրանց որևէ մեկն ուշադրություն չի դարձնում, և, որ դրանք արհամարհվում են՝ ինչպես միջազգային հանրության, այնպես էլ ու առավել ևս՝ Ադրբեջանի կողմից։
Վերջերս «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության ղեկավար, լրագրող Էդիկ Բաղդասարյանը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Արցախի երկու տարբեր պաշտոնյաներ իր հետ զրույցում փոխանցել էին, որ Հայաստանի պաշտոնյաներն իրենց զանգերին այլևս չեն պատասխանում, այն դեպքում, երբ նախկինում բոլոր գերատեսչություններն իրար հետ սերտ կապեր ունեին, ցանկացած հարց արագ լուծում էր ստանում:
Էդիկ Բաղդասարյանի այդ գրառումից անցել է շուրջ երկու շաբաթ, ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի պաշտոնական շրջանակներից նրա ներկայացրած տեղեկատվությանը որևէ հոդաբաշխ հերքում չի հետևել։
Ահա այս համապատկերում է, որ «Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության» մասին պաշտոնական Երևանի հայտարարություններն իրենց ցինիզմով ուղղակի նողկանք են առաջացնում։ Փաստացի Հայաստանը հրաժարվել է Ստեփանակերտի հետ անգամ պարզ հաղորդակցությունից և միևնույն ժամանակ միջազգային հանրությունից պահանջում է երաշխավորել «Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը»։ Դժվար չէ պատկերացնել որևէ եվրոպացի, ամերիկացի կամ ռուս դիվանագետի, պաշտոնյայի դեմքի արտահայտությունը, ով կարդալով Հայաստանի իշխանության կողմից Արցախի հետ անգամ պարզ շփումը դադարեցնելու մասին տեղեկությունը՝ Նիկոլ Փաշինյանից լսում է «Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը երաշխավորելու» մասին հերթական ծեծված կոչը։
Սա, իհարկե, ոչ թե առանձին վերցրած խայտառակ իրավիճակ է, այլ ավելի լայն համատեքստի խայտառակ դրվագներից մեկը։ Իսկ այդ համատեքստը կապված է Արցախի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի, Արցախի հանդեպ ունեցած ֆորմալ և ոչ ֆորմալ պարտավորությունների տրանսֆորմացիայի/դեֆորմացիայի հետ։ Ավելի քան երկուսուկես տասնամյակ Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակ ունեցող Հայաստանը զրոյացրել է իր այդ պարտականությունն ու դերը և հիմա զբաղված է միջազգային հանրությունից «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների» պաշտպանություն մուրալով։
Այդ գործընթացին զուգահեռ, ի դեպ, պաշտոնական Երևանի բառամթերքում հայտնվեց ու այսօր լայնորեն կիրառվում է «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հասցեագրում» դատարկաբանությունը, որը, սակայն, խորհրդանշական իմաստ ունի։
Նախկին իշխանությունների կառավարման տարիներին արցախահայերի իրավունքներն ու անվտանգությունը շաղկապված, փոխկապակցված էին հայկական ընդհանուր շահերին և հանդիսանում էին Հայաստանի պետական շահի օրգանական մասը։
Հայաստանի գործող իշխանությունը, ահա, պետական շահերի տիրույթից դուրս է մղել Արցախի ու արցախահայերի իրավունքների ու անվտանգության բաղադրիչը, դրանք, որքան էլ կոպիտ է հնչում՝ թողնելով «անտեր», և հիմա զբաղված է աշխարհում այդ իրավունքների տեր որոնելով, ինչի նպատակով առայժմ առանց արդյունքի շարունակ «հասցեագրում» է։
Սոսկալի, բայց անխուսափելի է արձանագրումը, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի վերաբերյալ Հայաստանի երկու կենսական պարտականությունները ցանկանում է պատվիրակել Ադրբեջանին։ Նա անընդհատ խոսում է Ադրբեջանի կողմից արցախահայերի իրավունքների ապահովման մասին, այսինքն՝ այն, ինչով ավելի քան 25 տարի զբաղվում էր Հայաստանը, փոխանցվում է Ադրբեջանին։ Եվ հենց այդ տրամաբանության շրջանակներում նա Ալիևին է պատվիրակում նաև Ստեփանակերտի հետ խոսելու, երկխոսելու իր պարտականությունը, որը, սակայն, Ադրբեջանին հանձնելու դեպքում վերափոխվում է իմպերատիվ իրավունքի։ Եթե ավելի պատկերավոր, ապա Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների հետ կապն ապահովող իր հեռախոսն ամեն կերպ ցանկանում է խցկել Ալիևի գրպանը, որը, սակայն, դեռևս անհաղորդ է այդ ընծայի հանդեպ։ Հենց սրանք են Արցախն Ադրբեջանին հանձնելու հակապետականության բովանդակային շերտերը, իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ դրա տարածքային ամբողջականության վերաբերյալ, ընդամենը Ալիևի քարոզչական կամակորությունները բավարարելու նպատակ ունեն։
Արցախն այսօր հայտնվել է ամբողջական շրջափակման, հումանիտար աղետի, սովի պայմաններում՝ ի թիվս այլ գործոնների, նաև այն պատճառով, որ «Արցախը Հայաստան է, և վերջ» վանկարկող Փաշինյանը «Արցախը Ադրբեջան է, և վերջ» քաղաքականությունն իրականացնելուն զուգահեռ՝ դադարեցրել է անգամ խոսակցությունը Ստեփանակերտի հետ։
Մինչդեռ, Արցախի ներկայիս ողբերգական իրավիճակը առանց, բառի լայն և նեղ իմաստներով, Հայաստանի հետ «խոսակցության»՝ չի կարող հաղթահարվել։ Այն, որ Հայաստանում ներկայումս չկա այդ խոսակցությունը վարելու ունակ իշխանություն, մազաչափ անգամ չի նվազեցնում դրա կարևորությունը, այլ ավելի է ընդգծում այդ իշխանության փոփոխության և Արցախի հետ «խոսակցության» (Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակի վերկանգնման) պատրաստ իշխանության հաստատման հրամայականը։
Հարություն Ավետիսյան