««Լեռնային Ղարաբաղ» եզրը՝ որպես միջազգայնորեն ճանաչված տերմին, առավել լայն կիրառություն է գտել». Հանրայինը՝ Արցախի ՄԻՊ-ի հայտարարության մասին
Հունիսի 10-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջի եթերում անդրադարձել էր Հանրային Հեռուստաընկերության լուրերի թողարկման ժամանակ Արցախի Հանրապետություն անվանումը Լեռնային Ղարաբաղ տերմինով փոխարինելուն։
«Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն անկեղծորեն տարակուսանք է առաջացնում, որովհետև մինչև վերջերս մշտապես օգտագործվում էր Արցախ անվանումը։
Արցախի ժողովուրդն իհարկե չի հրաժարվում Լեռնային Ղարաբաղ տերմինից, ավելին, ԱՀ սահմանադրության համաձայն՝ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են:
Այնուամենայնիվ, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հանրապետություն բառը վաղուց չի օգտագործում, հիմա էլ զարմանալիորեն Արցախն է փոխարինել Լեռնային Ղարաբաղով, այն դեպքում, երբ օրինակ միջազգային լրատվական խմբի մաս կազմող Ազատություն և Սպուտնիկ Արմենիա լրատվականներն են օգտագործում Արցախ անվանումը»,- գրել էր Արցախի ՄԻՊ-ը։
168.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանին՝ ինչո՞ւ է որոշվել Արցախը փոխարինել Ղարաբաղ-ով, հարցն ո՞ւմ հետ է քննարկվել, ո՞վ է կոնկրետ նման որոշում կայացրել։
Տվյալ հարցերի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության պատասխանները ներկայացնում ենք ամբողջությամբ։
«Արցախի Սահմանադրության առաջին հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ «Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են»: Ուստի, երկու եզրերն էլ համարժեք գործածելի են։
Առաջինի լրատվական ալիքը մուլտիմեդիա արտադրանք է թողարկում 4 լեզվով, այդ թվում՝ միջազգային լսարանին մատուցելով լուրեր տարածաշրջանի մասին։ Այս համատեքստում «Լեռնային Ղարաբաղ» եզրը՝ որպես միջազգայնորեն ճանաչված տերմին, առավել լայն կիրառություն է գտել։
Նշենք նաև, որ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հունիսի 28-ից եղանակի կանխատեսման հրապարակումներում կատարել է նշված փոփոխությունը, ինչը համապատասխանաբար արտացոլվել է նաև հեռարձակվող թողարկումներում։
Հանրային հեռուսաընկերությունը լրատվական թողարկումներում ամենօրյա ռեժիմով անդրադառնում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, թղթակցական կետ ունի Ստեփանակերտում, ինչպես նաև համագործակցում է Արցախի հանրային հեռուստաընկերության հետ։ Փոխգործակցության վերջին օրինակը հուլիսի 5-ին կայացած «Ստեփանակերտ-Երևան» հեռուստակամուրջն է, որի հեռարձակումն ապահովել են երկու Հանրայինները»։