Բյուջեից 28 միլիոն դրամ՝ Երևանում Սահմանադրության օր նշելու համար
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվին՝ պետբյուջեից հատկացված 28 միլիոն 445 հազար դրամով, Երևանում նշվեց Սահմանադրության օրը: Մարզերում տոնի մասին, թերևս, տեղեկացան միայն լրատվամիջոցներից:
Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունը՝ կառավարության հունիսի 29-ի N 1057-Ն որոշմամբ բյուջեի վերաբաշխմամբ 28 միլիոն 445 հազար դրամ դրամաշնորհ էր հատկացրել «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամին միջոցառումն ի կատար ածելու համար:
Պարզվեց, այս հիմնադրամը «պետական և ազգային արժեքները հանրահռչակել է» նաև նախորդ տարի. 2022 թվականի հունիսի 9-ին կնքված 12 միլիոն 99 հազար դրամ արժողությամբ դարձյալ դրամաշնորհի պայմանագրով ստանձնել էր Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթի կազմակերպումը:
Հիշեցնենք, որ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի մամուլի ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ հուլիսի 4-ին` ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնի նախօրեին, և հուլիսի 5-ին Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն: