Վիլնյուսի առաջիկա գագաթնաժողովում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության երաշխիքներ չկան. Ստոլտենբերգ
Վիլնյուսում հուլիսին կայանալիք գագաթնաժողովում առայժմ չկան Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության երաշխիքներ, սակայն ՆԱՏՕ-ն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ժամանելով ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը։
«Շվեդիան կատարել է Թուրքիայի բոլոր պահանջները՝ վերացրել է զենքի մատակարարման սահմանափակումները, փոխել սահմանադրությունը և հակաահաբեկչական օրենսդրություն ընդունել, ուստի մենք կարծում ենք, որ այն պետք է հնարավորինս շուտ դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Սակայն դեռ Շվեդիայի անդամակցության երաշխիքներ չկան Վիլնյուսի գագաթնաժողովում, մենք ակտիվորեն աշխատում ենք դրանց վրա», – ասել է Ստոլտենբերգը։
Շվեդիան և Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտեր են ներկայացրել 2022 թվականի մայիսին, սակայն Թուրքիան արգելափակել է անդամակցության գործընթացը՝ նրանցից պահանջելով ահաբեկչական հայտարարել քրդական կազմակերպությունները և հանձնել այն անձանց, որոնք մեղադրվում են ահաբեկչության կամ 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։
Այս տարվա մարտի 31-ին Թուրքիայի խորհրդարանը հաստատեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը. երկիրը դաշինքի անդամ դարձավ ապրիլի 4-ին: Սակայն Անկարան առայժմ չի հաստատում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը: