Բաժիններ՝

Մինչև երթուղային ցանցը չփոխվի՝ ժողովրդի դժգոհությունը մնալու է. Հրանտ Եղիազարյան

Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակներում մշակված փուլային գործողությունների ծրագրի առաջին մասով Երևան համայնքի նոր ներկրված ավտոբուսները կներառվեն տրանսպորտային գործող ցանցում և հնարավորություն կտան ամբողջությամբ շահագործումից հանելու և ազատվելու միկրոավտոբուսներից՝ մասնավորապես «Գազել»-ներից: Երևանի քաղաքապետարանում մայիսի 29-ին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը՝ ընդգծելով, որ կատարված հաշվարկներով առկա ավտոբուսային պարկը բավարարում է այդ խնդիրը լուծելու համար:

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք բավարա՞ր են այս փոփոխությունները երթևեկությունը կարգավորելու համար, մեր հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ փոփոխություն կլինի որոշ չափով, բայց ոչ ամբողջական:

«Շատ էին խոսակցությունները, որ 12 մետրանոց ավտոբուսները կխանգարեին երթևեկությանը, բայց այդպես չեղավ, որովհետև ժամանակին էլ «գարմոշկա» ավտոբուսներ էինք շահագործում, գրեթե նույնն է, ինչ վերաբերում է երթևեկության կարգավորմանը, ապա փոփոխություններ պետք է արվեն: Մինչև երթուղային ցանցը չփոխվի՝ ժողովրդի դժգոհությունը մնալու է»,- ասաց Հրանտ Եղիազարյանը:

Զրուցեցինք նաև ամեն օր հասարակական տրանսպորտից օգտվող քաղաքացիների հետ:

Կարդացեք նաև

«Ավտոբուսները նախատեսված 13-15 րոպեն չեն պահպանում և շատ ավելի ուշ են աշխատում: Ես առավոտյան 30-40 րոպե ավտոբուսի եմ սպասում, ու դա նորմալ չէ: Ե՛վ ավտոբուսներն են ուշ գալիս, և՛ խցանումներն են շատ: Ամեն օր սթրես է դպրոց, բուհ կամ աշխատանքի գնալու ճանապարհը: Փողոցներ կան, որ ընդամենը մեկ տրանսպորտ է աշխատում, որին, ուզես-չուզես, սպասելու ես, օրինակ՝ 30 համարին, որը միակն է, որ անցնում է Տիչինայի փողոցով: Նույնը՝ նաև Ավան-Նոր Նորք երթուղու դեպքում: 20 համարի մի ավտոբուս է աշխատում ու կրկին վատ: Ամեն օր աշխատանքից ուշանում ենք»,- նշեց քաղաքացին:

Մեկ այլ քաղաքացու հետաքրքրում էր, թե 70 համարի «Գազելի» փոխարեն՝ ինչո՞ւ ավտոբուս չկա: «26 համարի ավտոբուս կա, որ գնում է ՀԱԹ, երևի եղածը երկու հատ է: Առավոտյան ՀԱԹ-ից Դալմա գնալը դժոխք է, ուր մնաց՝ կենտրոն հասնես»,- նշեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս