Եթե ՔՊ-ական ես, չես կալանավորվի, հակառակ դեպքում միշտ կգտնվի մի Ժորա Չիչոյան

Երեկ ՀՀ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն հրապարակեց առ այն, որ պարզվել են Գյումրի քաղաքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Ըստ հաղորդագրության՝ 2023 թ. մայիսի 20-ին «Գյումրու բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Որովայնի հրազենային թափանցող վնասում, բարակ աղու բազմաթիվ վնասվածքներ, պարանոցի և կրծքավանդակի կողմնային մակերեսի ենթամաշկի կապտուկներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի 50-ամյա բնակիչ։

«Նախնական տվյալներով՝ վերջինս շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել 35-ամյա համաքաղաքացու հետ, որի ընթացքում, շինանյութ գողանալու հարցի շուրջ, ընկերների ներկայությամբ, վերջինս վիճաբանել է 50-ամյա տղամարդու հետ՝ նրա հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակելով, թքելով նրա դեմքին: Այնուհետև, շարունակելով իր անմարդկային և հակաօրինական գործողությունները, 50-ամյա տղամարդուն հրելով հանել է տան բակ, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, սակայն նկատելով, որ շունը չի հարձակվում, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել է տղամարդու վրա, որից հետո ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք»,- գրված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 35-ամյա տղամարդը, ով փորձել է լքել հանրապետության տարածքը, 2023թ. մայիսի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է՝ սպանելու փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ, և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։

Կարդացեք նաև

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով և 196-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակիորեն՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով տնային կալանքը և գրավը՝ 10մլն դրամի չափով։

Իսկ հիմա՝ ըստ էության:

Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով հանցագործության մեջ մեղադրվողը 168.am-ի՝ Գյումրիի աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրիում նախկինում հայտնի ԲՀԿ-ական պատգամավոր, ՇՊՀ նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի քրոջ որդին է՝ ՔՊ-ական Մարտուն անունով անձը: Վերջինս Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի մտերիմներից է:

35-ամյա տղամարդն ըստ էության մեղադրվում է մարդուն առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու, ապօրինի զենք կրելու ու սպանության փորձի մեջ, սակայն դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրում տնային կալանքն ու 10 միլիոն դրամ գրավը:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ վերը նշված զարհուրելի գործողությունները վերջինս միայնակ չի կատարել, այլ խմբի կազմում՝ ՔՊ-ական ավագանու անդամի և Օնիկ Կիրակոսյան անունով ևս մեկ հոգու հետ, ովքեր, չգիտես ինչու, չկան քրեական գործում: Բայց փաստորեն, դատարանը գտել է, որ համակցված խափանման միջոցի կիրառումը լրիվ բավարար ու տեղին է:

Այստեղ ՀՀ ողջ քաղաքական վերնախավին ու իրավական համակարգի ղեկավարներին մի հարց կարելի է տալ՝ լավ, դուք ձեզնից չե՞ք զզվում:

Այսինքն՝ մի քանի ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձին հնարավոր է չկալանավորել, իսկ հերոսածին մորը՝ Գայանե Հակոբյանին, մեկամսյա կալանք տալ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտն իր կամքով նստել է 44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Մարտիրոսյանի մոր մեքենան, որոշակի ճանապարհ անցել հետը, հավանաբար ճանապարհին լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնել, բայց որոշել իրեն մեքենայից նետել ընթացքի պահին, այն մեքենայի, որի դռներն արգելափակված չեն եղել:

ՔՊ-ականին չի կարելի կալանավորել, իսկ, օրինակ, միշտ գտնվում է մի Ժորա Չիչոյան, ով չի դիմանում ճնշումներին ու կալանավորում է Նիկոլ Փաշինյանի դեմ խոսող որդեկորույս մորը:

Մի քննիչ տիկին Գայանեին կալանավորելու միջնորդություն է պնդել, երբ պաշտպանական թիմի կողմից միջնորդություն էր եղել բոլոր այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ նույն տնային կալանքն ու 10 միլիոն դրամ գրավը: Բայց Նիկոլ Փաշինյանն ուզում էր ուժի ցուցադրություն կազմակերպել վշտի տակ կքած մի կնոջ նկատմամբ, ում որդին զոհվել էր 2020թ. հոկտեմբերի 22-ին, Փաշինյանի՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ մերժումից ճիշտ երեք օր անց, ում որդին զոհվել էր միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանին հանկարծ չասեին դավաճան: Եվ մի դատախազ կողմ էր եղել տիկին Գայանեին կալանավորելուն: Այդ քննիչն ու դատախազը, բնականաբար, առանց Արգիշտի Քյարամյանի ու Աննա Վարդապետյանի հրահանգների՝ նման բան չէին անի, դատավորն էլ չէր կալանավորի: Երկուսն էլ երիտասարդ են, իսկ բումերանգը հետ վերադառնալու սովորություն ունի:

Շիրակի մարզի դատախազը Գայանե Հակոբյանին կալանավորած դատավորի՝ Ժորա Չիչոյանի հայրն է՝ Արմեն Չիչոյանը: Հետաքրքիր է՝ մարդուն առևանգած, խոշտանգած, նրա նկատմամբ սպանության փորձ կատարած, ապօրինի զենք կրող ՔՊ-ական Մարտունի չկալանավորվելու լուրը լսելով՝ նա իր որդուն ի՞նչ է ասել:

Տեսանյութեր

Լրահոս