Նիկոլի մատնանշած դատավորի տեսակը

Երբ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով նահատակ Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության դեմ ու միաժամանակ նախաքննական մարմնի՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու նիստը նախագահելու է դատավոր Ժորա Չիչոյանը, իրավաբանական շրջանակները սեղմեցին շրթունքները:

«Մացոն գցեց սրա գրպանը»,- սա էր ընդհանրական, դեռևս փակագծեր չբացող առաջին արձագանքն իրավաբանական հանրույթի:

Վստահաբար մակագրումը կատարել էր Երևանի քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը, իսկ ընտրել էին Ժորա Չիչոյանին շատ ենթադրելի պատճառներով:

Ժորա Չիչոյանը դատավոր է դարձել 2022թ. սեպտեմբերի 22-ին, նախկին դատախազ է: Նախագահականում չի երդվել, ինչ-ինչ պատճառներով ՀՀ նախագահը չի ստորագրել նրա՝ դատավոր դառնալու հրամանագիրը: Երդվել ու իրավունքի ուժով դատավոր է դարձել Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ), երբ այդ ժամանակ ԲԴԽ ժամանակավոր պաշտոնակատար էր հորեղբայրը՝ Սերգեյ Չիչոյանը:

Կարդացեք նաև

Որդու՝ դատավոր դառնալուց երկու ամիս անց Ժորա Չիչոյանի հայրը՝ Արմեն Չիչոյանը, դարձավ Շիրակի մարզի դատախազ: Մինչ այդ Արարատի մարզի դատախազն էր:

Ժորա Չիչոյանի վրա Նիկոլ Փաշինյանի կամակատար Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը պատահական չի ընկել. Ժորա Չիչոյանը չէր կարող չանել Նիկոլ Փաշինյանի ու Աննա Վարդապետյանի հրահանգը, հակառակ դեպքում խնդիրներ կունենային ոչ միայն ինքը, այլև հայրն ու հորեղբայրը:

Ժորա Չիչոյանը, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի ասած՝ վնգստացող դատավորներից է, որոնց մասին նա իշխանության գալով՝ ասում էր. էս երկրում ինչի դատավոր կա, որ իմ ասածը չանի՞: «Ինչի այսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞»  արտահայտությունը նաև Չիչոյան Ժորայի մասին էր:

Հիշեցնենք, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում 2019թ. նման հարց էր հնչեցրել Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անկախ դատարանների և դատավորների աշխատավարձերի բարձրացման թեմային։

Ճակատագրի հեգնանքով՝ Ժորա Չիչոյանը նույն անունն ունի, ինչ այն կնոջ նահատակ զավակը, ով զոհվել էր, այդ թվում՝ նաև Ժորա Չիչոյանի կյանքի համար:

Ժորա Չիչոյանը Ժորա Մարտիրոսյանի գրեթե հասակակիցն է: Ժորա Մարտիրոսյանը եկավ ՌԴ-ից, որ ծառայի ու նահատակվի Արցախում: Ժորա Չիչոյանը կալանավորեց նրա մորը Նիկոլ Փաշինյանին գոհացնելու համար, կամ իր հարազատներին ու իրեն չվնասելու համար:

Ժորա Չիչոյանը կատարեց իր ընտրությունը, ինչի հետ ապրելու է ողջ կյանքի ընթացքում:

Թե ի՞նչ է նրան ասել Մնացական Մարտիրոսյանը, պարզ է: Առանց այդ էլ խոցելի երիտասարդին համոզել են, որ կալանքը, ուզի-չուզի, պետք է տա (ծանոթ ձեռագիր է.- Գ.Ս.), որ երկրի անվտանգության հարցն է, որ ինֆորմացիա կա, որ ծնողներն ինչ-որ բան են նախապատրաստում, որ նման օպերատիվ ինֆորմացիա ունեն:

Մնացական Մարտիրոսյանը, հնարավոր է՝ նաև խնդրած լինի՝ «որպեսզի նման բաները չշարունակվեն, գոնե էս փուլում կալանավորենք, արի կանխենք, տղա՛ ջան» սրտաճմլիկ ողբերանգներով:

Պաշտոնն ու սեփական մորթին, իհարկե, կարևոր են, հատկապես ժորաչիչոյանների համար, ում վստահաբար նաև պաշտոնեական առաջխաղացում են խոստացել:

Տեսանյութեր

Լրահոս