«Նախկին դրամաշորթ լրագրողը մտածե՞լ է՝ «անկլավներն» Ադրբեջանին հանձնելով՝ շրջափակում է սկսվելու Հայաստանի նկատմամբ». Հայկ Նահապետյան

Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ 86.600 քկմ տարածքով, ներառում է նաև «ադրբեջանական անկլավները»՝ Տիգրանաշենը և Տավուշի մի քանի գյուղեր։

168.am-ի հետ զրույցում անվտանգության փորձագետ Հայկ Նահապետյանն ասաց, որ այդ տարածքների հանձնումն Ադրբեջանին տոտալ շրջափակում է ստեղծելու Հայաստանի համար։

«Այստեղ ոչ միայն տարածքների, այլև անվտանգության խնդիր է: Այդ գյուղերը  խորհրդային տարիներին իբր Խորհրդային Ադրբեջանինն  են եղել՝ ինչպես Փաշինյանն էր ասում, բայց դրանք գյուղեր չեն եղել, այդ տարածքներում եղել են գոմեր, քանի որ այնտեղ զբաղվել են անասնապահությամբ։

Հիմա տեսեք, թե Տիգրանաշենի հանձնումը թշնամուն ինչ լրջագույն վտանգներ է  ստեղծելու մեր երկրի համար։ Ռուսաստանի համար ստրատեգիական ուղղությունը հյուսիս-հարավ կապն ապահովելն է՝ տրանսպորտային, կոմունիկացիոն, էներգակիրների, պետությունների միջև շփումների, մշակութային, հումանիտար և այլն։ Հյուսիս-Հարավը դա ստրատեգիա է, պարզվում է՝ այդ երթուղին, որը Ռուսաստանը կապում է Հնդկաստանին, ունի մի քանի ուղղություն։ Առաջինը գնում է Ադրբեջանով, ընդ որում, այժմ կառուցվում է Ադրբեջանից Իրան մի երկաթուղի։ Մյուս ուղղությունը միջին ասիական ուղղությունն է՝ Միջին Ասիա-Ռուսաստան-Իրան, հետո՝ Հնդկաստան։ Մյուս ուղղությունը պետք է անցներ Հայաստանով՝ հյուսիս-հարավը, ընդ որում, Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան, հետո Իրանից կարող էր կա՛մ ծովով Հնդկաստան, կա՛մ ցամաքով Պակիստանով՝ Հնդկաստան»,- նշեց Հայկ Նահապետյանը։

Կարդացեք նաև

Այս համատեքստում նա ասաց, որ ՀՀ օրվա իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի  մեկ ուղղությունը, որ Ռուսաստանի հյուսիս-հարավը Հնդկաստանին էր կապում, և որն անցնում էր Հայաստանով՝ չաշխատի։ Իսկ դրա համար նրանք իրականացրել են մի քանի քայլ։ Այսպիսով՝ Ադրբեջանին հանձնեցին Գորիս-Կապան ճանապարհի Ճակատենի 21 կիլոմետրը, նորմալ ճանապարհը փակեցին, երթևեկելի դարձրեցին այլընտրանքային ճանապարհը Տաթևով, որը վատ եղանակին առաջացնում է երթևեկության հետ կապված բազմաթիվ խնդիրներ։

«Իրանը Հայաստանին կապող ճանապարհի երկրորդ կտորն են փաստորեն հիմա կտրում, արդեն Տիգրանաշենի ճանապարհն է։ Եթե Տիգրանաշենը հանձնում են, ապա միայն գյուղը չի տրվում, հանձնվում է  նաև գյուղի հարակից միջպետական ճանապարհը։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը Իրանին կամ ավելի հեռուն գնացող՝ Հյուսիս-Հարավով, Ռուսաստանը Հնդկաստանին կապող ճանապարհին են խցանումներ առաջացնելու։ Իրանը մեզ համար կյանքի ճանապարհ է, առաջին պատերազմի ժամանակ Իրանն է մեզ համար եղել կյանքի ճանապարհ, այլ ոչ թե Վրաստանը»,- շեշտեց փորձագետը։

Ինչ վերաբերում է Տավուշի գյուղերին, նա ընդգծեց, որ Տավուշում դեպի Վրաստան երկու ճանապարհ կա։ Մի ճանապարհն անցնում է այն վայրով, որտեղ Փաշինյանը պատրաստ է տարածքներ հանձնել Ադրբեջանին։ Իսկ մյուս ճանապարհը՝ թողունակությունը Հայաստանից-Վրաստան սկզբունքորեն մեծ խցանումների պատճառ կարող է հանդիսանալ, որովհետև մեծ թողունակությամբ առավել մեծ ճանապարհը փակվելու է։

«Այսինքն՝ անկլավները  մեր երկրի համար ոչ այնքան տարածքներ են, որքան ստրատեգիական կապ մեր հարևանների հետ, դրանք հանձնելով՝ այդ կապը կտրվում է։ Այսինքն՝  անկլավներն Ադրբեջանին հանձնելով, փաստացի շրջափակում է  սկսվելու Հայաստանի նկատմամբ, մենք ենք հայտնվում ամբողջական կամ կիսաշրջափակված վիճակում, ինչպես ժամանակին Արցախն էր, որն ունի մեկ ճանապարհ։ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանին կտրեն իր հարևաններից՝ կիսաշրջափակման դեպքում, գործողություններ կանեն ու ամբողջովին կշրջափակեն։ Այս ամենը նշանակում է, որ Հայաստանում ապրող մեր հայրենակիցները կարժանանան Արցախում ապրող մեր հայրենակիցների ճակատագրին։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայաստանի նկատմամբ որդեգրել է մի մարտավարություն, ըստ որի՝ առաջին փուլում առավելագույնը վերցնել այն, ինչ կարող է, իսկ երկրորդ փուլում՝ դատարկել սահմանի հայկական բնակավայրերը, իսկ երրորդ փուլում իրականացնել տնտեսական էքսպանսիա, աշխարհաքաղաքական հարմար պահին՝ նաև ռազմական ագրեսիա։ Եթե իշխանության կարկառուն ներկայացուցիչ, նախկին դրամաշորթ լրագրողը մտքեր է բարբաջում անկլավների հանձնման մասին, արդյո՞ք դրանից առաջ չպետք է Ադրբեջանը վերականգնի ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ասաց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա վստահեցրեց, եթե ՀՀ օրվա իշխանությանը փոխարինեն ազգային ուժեր, ապա երեք ամսում հնարավոր կլինի սահմաններն այնպես ամրացնել, որ Ադրբեջանը երբեք չհարձակվի։

Տեսանյութեր

Լրահոս