«Մանչեսթեր Սիթի»-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն ընդունել էր «Ռեալ»-ին:
Մանչեսթեր քաղաքում կայացած խաղի մեկնարկային րոպեներին երկու թիմերն էլ գերակտիվ էին և փոխադարձ գրոհում էին: Բայց առաջինն իր հնարավորությունն օգտագործեց «Մանչեսթեր Սիթի»-ն: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Բերնանդու Սիլվան: Վերջինս կրկնապատկեց հաշվի տարբերությունը 37-րդ րոպեին` երկրորդ գնդակն ուղարկում «Ռեալ»-ի դարպասը:
Երկրորդ կեսում ևս նույն զարգացումներն էին` «Մանչեսթեր Սիթի»-ն հիմնականում տիրում էր նախաձեռնությանը, սակայն «Ռեալ»-ն էլ պակաս ակտիվ չէր գրոհում: «Քաղաքայիններին» հաջողվեց նաև 3-րդ և 4-րդ գնդակներն ուղարկել «արքայական ակումբի» դարպասը: Ստանդարտ դիրքի խաղարկումից հետո «Ռեալ»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Միլիտաուն, իսկ խաղի ավելացված րոպեին գոլը խփեց Ալվարեսը:
«Մանչեսթեր Սիթի»- «Ռեալ»` 4:0:
Երկու խաղերի ընդհանուր 5:1 հաշվով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկավ «Մանչեսթեր Սիթի»-ն:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթի»-ն կմրցի Միլանի «Ինտեր»-ի հետ: Այդ հանդիպումը պետք է կայանա հունիսի 10-ին` Ստամբուլում: