28 տարում կուտակվել էր 6,7 մլրդ դոլար պարտք, 5 տարում Փաշինյանը կուտակեց 4,2 մլրդ դոլար

Տարիներ շարունակ կառավարությունը ձախողում է բյուջեի ծախսերի կատարողականը։ Գումարները հավաքում են տնտեսությունից ու չեն կարողանում ժամանակին իրականացնել նախատեսված ծախսերը։ Բայց դա չի խանգարում, որպեսզի մեծ տեմպերով պարտք ավելացնեն։

Անցած տարի կառավարությունը 1,4 մլրդ դոլար պարտք կուտակեց։ Այս տարի էլ շարունակում է նույնն անել։

Հայտարարում են, թե գերակատարել են հարկային եկամուտները, բայց տարվա առաջին երեք ամիսներին ևս 262 մլն դոլարով ավելացրել են պարտքը։

Եղածը չեն կարողանում ծախսել՝ պարտքեր են վերցնում։

Կարդացեք նաև

Հունվար-մարտին 461 մլրդ դրամի հարկ են հավաքել, ընդամենը 422 միլիարդի ծախս են կատարել։

Երեք ամսում բյուջեի հավելուրդը կազմել է շուրջ 61 մլրդ դրամ, այնինչ՝ պիտի պակասուրդային լիներ։

Սրա պատճառը միայն այն չէ, որ բյուջեի եկամտային մասն ավել է եղել նախատեսվածի համեմատ։ Հիմնական խնդիրը ծախսերի կատարման մեջ է, որը ոչ մի կերպ չեն կարողանում բերել բալանսի։ Անընդհատ թերակատարում են։ Ու չնայած դրան, էլի պարտք են ավելացնում։

Ինչո՞ւ են պարտք վերցնում և տոկոսներ վճարում, եթե եղածը չեն հասցնում ծախսել։ Մի՞թե ավել փող ունեն, չգիտեն ինչ անել, պարտք են վերցնում ու դրա դիմաց անիմաստ գումար վճարում։

Ո՞րն է սրա տրամաբանությունը։

Թեև այնպես չէ, որ կառավարության գործողություններում միշտ կարելի է տրամաբանություն գտնել։ Եվ սա այդ դեպքերից մեկն է։ Ասում են՝ բյուջեն փողի խնդիր չունի, հարկային եկամուտները գերակատարվել են, բայց շարունակում են պարտք վերցնել ու ավելացնել առանց այն էլ բարձր պարտքի բեռը։

Այն, որ անցած տարի պարտքի ցուցանիշներում որոշակի «բարելավումներ» եղան, ու դա իշխանություններին առիթ տվեց հայտարարելու, թե 2026թ. համար պարտք-ՀՆԱ ակնկալվող հարաբերակցությանը ժամանակից նույնիսկ մի քանի տարի շուտ են հասել, դա ոչ թե իրենց աշխատանքի արդյունքն է, այլ դոլարի էժանացման հետևանքը։

Եթե վաղը դոլարի փոխարժեքը վերադառնա նախկին մակարդակին, պետական պարտքի ցուցանիշները նույնքան խնդրահարույց կլինեն, որքան մեկ տարի առաջ էին։ Իսկ այն «աննախադեպ ձեռքբերումները», որոնցով այդպես հպարտանում են, ամբողջությամբ ի չիք կդառնան։

Որ նման ռիսկի հավանականությունը շատ բարձր է, միանշանակ է՝ հաշվի առնելով այն գործոնները, որոնք դարձել են դոլարի էժանացման պատճառ։ Սրա մասին մտածելու փոխարեն՝ կառավարությունը շարունակում է մեծ տեմպով պարտք ավելացնել։

Ապրիլի 1-ի դրությամբ պետական պարտքն անցել է 10 մլրդ 899 մլն դոլարից։

Հիշեցնենք, որ անցած տարին փակվեց 10 մլրդ 637 միլիոնով։

Ի տարբերություն արտաքին համեմատաբար էժան վարկերի, կառավարությունը կրկին նախապատվությունը տվել է ներքին պարտքին։

Ներքին պարտքն այս տարվա առաջին 3 ամսում ավելացել է ևս 312 միլիոնով։ Արտաքին էժան պարտքերը նույնիսկ կրճատվել են։ Կառավարությունը դրանք աստիճանաբար փոխարինում է թանկ ներքին պարտքերով։

Վերջին երկու տարիների ակտիվ ներգրավումից հետո ներքին պարտքն աստիճանաբար մոտենում է արտաքինին։ Այն հասել է 4,5 մլրդ դոլարի, ինչը համարժեք է պետական ամբողջ պարտքի ավելի քան 41 տոկոսին։

Շուրջ 10,9 մլրդ դոլար պարտքից 4,5 միլիարդը՝ ներքին, 6,4 միլիարդը՝ արտաքին պարտքն է։ Բայց արտաքին պարտքից 561 մլն դոլարը Կենտրոնական բանկի բաժինն է։ Ու եթե հանում ենք ԿԲ մասը, ստացվում է, որ կառավարության պարտքային պարտավորություններում ներքին ու արտաքին պարտքի հարաբերակցությունը դարձել է 43,5։56,5-ական տոկոս։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ արտաքին պարտքը գնալով նվազում է, իսկ ներքինը՝ արագորեն ավելանում, ապա շատ շուտով այս հարաբերակցությունը կարող է հավասարվել։

Որքան կառավարության պարտքը փոխվում է ի հաշիվ ներքինի, այնքան ծանրանում է նաև պարտքի բեռը։ Ներքին պարտքը, որ կուտակվում է հիմնականում գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումից, անհամեմատ ավելի թանկ է, քան արտաքին վարկերն ու փոխառությունները։ Դրա համար էլ պետական պարտքը գնալով թանկանում է։

Հիմա արդեն կառավարության պարտավորությունների գծով պարտքի գինը հասել է 6,5 տոկոսի։

Այս տարվա առաջին երեք ամիսներին այն հասցրել է թանկանալ ևս 0,2 տոկոսային կետով։

Նախորդ տարվա համեմատ էլ պարտքի գինը բարձրացել է 1,8 տոկոսային կետով։

Անցած տարվա սկզբին այն 4,7 տոկոս էր։ Դրանից առաջ ավելի ցածր՝ 4-4,5 տոկոսի սահմաններում։

Մասնագետները լավ կհասկանան, թե ինչ է նշանակում պարտքի գնի 1,8 տոկոսային կետով ավելացումը։ Կարճ ժամանակում կառավարությունը հաջողացրեց այսպիսի կտրուկ թանկացում ապահովել պետական պարտքի համար՝ ներգրավելով թանկ ու կարճաժամկետ փողեր։ Դրա հետևանքով նվազել է նաև պարտքի սպասարկման ժամկետայնությունը։

Նախորդ տարի մինչև մարումը մնացած միջին կշռված ժամկետը 8,4 տարի էր, հիմա դարձել է 7,5 տարի։

Մեկ տարում կառավարությունը հասցրել է պարտքի ժամկետայնությունը գրեթե 1 տարով կրճատել ու մեծացնել ծանրաբեռնվածությունը։

Սա էլ այս իշխանությունների հաջորդ «ձեռքբերումն» է՝ կարճ ժամանակում պարտքը կտրուկ մեծացնելուց ու առնվազն 40 տոկոսով թանկացնելուց հետո։

Հինգ տարում հասցրեցին հսկայական նոր պարտքային բեռ դնել պետության վրա։

Երբ եկան իշխանության, պետական պարտքը 6,7 մլրդ դոլար էր, ինչը կուտակվել էր անցած 27-28 տարվա ընթացքում։ Հիմա պարտքը հասել է 10,9 միլիարդի։

Հինգ տարվա ընթացքում ավելացրեցին 4,2 մլրդ դոլարով։ 27-28 տարում կուտակվել էր 6,7 մլրդ դոլար, 5 տարում կուտակեցին 4,2 միլիարդ։ Կարճ ժամանակում պետական պարտքն ավելացրեցին գրեթե 63 տոկոսով։

Այսօր էլ, երբ խոսում են իրենց իշխանության տարիների տնտեսական ու բյուջետային հաջողությունների մասին, մոռանում են, որ հսկայական պարտք են ներգրավել ու նաև այդ գումարների հաշվին են ավելացել ՀՆԱ-ն և հարկերը։ Նույնիսկ ոչինչ չանելու պարագայում, միայն պարտքի հաշվին դրանք պիտի ավելանային։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս