Բաժիններ՝

Աշխատանքային պայմանագիր պետք է կնքել ոչ միայն աշխատողի, այլև փորձաշրջան անցնող աշխատողների հետ

Հայաստանում և աշխարհի ավելի քան 140 երկրներում մայիսի 1-ին նշվում է Աշխատանքի կամ Աշխատավորների համերաշխության մօջազգային օրը: Այն պատմության մեջ մտել է 1886 թվականից, և այդ ժամանակ էր, երբ ամերիկացի բանվորները դուրս էին եկել փողոց` պահանջելով սահմանել 8 ժամանոց աշխատանքային օր:

Մեր օրերում խնդիր է նաև գործատուի և աշխատողի միջև պայմանագիր կնքելու հարցը՝ նաև փորձաշրջան անցնելու դեպքում: Ո՞րն է կնքման կարգը, և որո՞նք են լուծման հիմքերը, 168.am-ի հարցերին պարզաբանումներ ներկայացրեցրին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

Նրանց փոխանցմամբ՝ աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի աշխատանք, իսկ գործատուն՝ աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել օրենսդրությամբ սահմանված աշխատանքային պայմանները։ Դրանում պարտադիր պետք է նախատեսվի հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը, աշխատաժամանակի ռեժիմը, ամենամյա արձակուրդի տեսակը, տևողությունը, և այլն։

«Աշխատանքի ընդունվելիս գործատուն պարտավոր է աշխատանքային պայմանագիր կնքել աշխատողի հետ։ Այն կնքվում է նաև փորձաշրջան անցնող աշխատողների հետ (փորձաշրջանի ժամկետն առավելագույնը 3 ամիս է, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ մինչև 6 ամիս)։ Աշխատանքային պայմանագիրը կազմվում է 2 օրինակից, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին՝ այն ստորագրելուց հետո 3 օրվա ընթացքում։ Այն, որպես կանոն, կնքվում է անորոշ ժամկետով՝ բացառությամբ, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները։

Կարդացեք նաև

Աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ, աշխատողի կամ գործատուի նախաձեռնությամբ, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ հիմքերով։ Գործատուի նախաձեռնությամբ այն կարող է լուծվել, օրինակ, կազմակերպության լուծարման, հաստիքների կրճատման, անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` չներկայանալու դեպքերում»,- մանրամասնեցին նախարարությունից՝ ընդգծելով, որ գործատուն աշխատողին չի կարող աշխատանքից ազատել վերջինի ժամանակավոր անաշխատունակության, արձակուրդում գտնվելու ժամանակահատվածներում՝ բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքի։

Հավելենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում լայնածավալ փոփոխություններ են սպասվում․ 266 հոդվածից նախատեսվում է փոփոխել 122-ը: Փոփոխությունը լավարկումներ կբերի նաև այս ընթացակարգում:

Տեսանյութեր

Լրահոս