ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնը տեր ունի. ինչո՞ւ չկայացան դեկանի ընտրությունները

Այս տարվա հունվարի սկզբին 168.amգրել էր, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կանոնադրությունը փոխելու որոշում է կայացրել, ըստ որի՝ ԵՊՀ ֆակուլտետների դեկաններն այսուհետ ընտրվելու են ոչ թե ֆակուլտետների, այլ ԵՊՀ գիտխորհրդի կողմից:

«Այսինքն՝ եթե մինչ այդ ռեկտորատը դեկանների ընտրության հարցում քվեարկելու իրավունք չուներ, այժմ ունի: Դա ընդամենը մեկ նպատակ է հետապնդում՝ վերահսկողության տակ վերցնել նաև դեկանների ընտրությունը: Եվ այս պարագայում վերանում է ներքին ինքնավարությունը: Սա հերթական աղաղակող ապօրինությունն է ԵՊՀ-ում, քաղաքական մահակ՝ կախված դեկանների գլխին»,- մեզ հետ զրույցում ասել էր ԵՊՀ Իրավագիտության դասախոսը՝ հավելելով, որ խոսքն ինքնավարության 2 տեսակների մասին է՝ քաղաքական, տնտեսական կախվածությունից զերծ մնալու և ներքին ստորաբաժանումների անկախության:

Եվ թեպետ արդեն ընտրված դեկանների վրա այդ փոփոխությունները չեն տարածվելու, սակայն այստեղ էլ խնդիր կա: Քանի որ ԵՊՀ գիտխորհուրդն արդեն պետք է հաստատի նաև դեկանների հաշվետվությունները, արդեն ընտրված դեկանները պետք է հաշվետու լինեն նոր կարգի համաձայն, այսինքն՝ ԵՊՀ գիտխորհրդին: Այսինքն՝ կարող են չընդունել արդեն ընտրված դեկանների հաշվետվությունը, ու դա ունենա հետևանք, ընդհուպ՝ լիազորությունների դադարեցում:

Բնական է, որ այս իրավիճակը ձեռնտու է բացառապես ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանին և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, որոնք աստիճանաբար ազատվում են անցանկալի, իրենց նկատմամբ ոչ լոյալ դեկաններից: Խնդիրը հեշտանում է, երբ ավարտվում են դեկանների պաշտոնավարման ժամկետները: Ինչ-որ հրաշքով որևէ մեկը չի առաջադրվում, և դեկան է նշանակվում, ասենք, Սուրեն Պապիկյանի հերթական մտերիմներից մեկը:

168.am-ի տեղեկություններով՝ նման իրավիճակ է ստեղծվել, օրինակ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի պարագայում:

Մայիսի սկզբին լրանում է գործող դեկանի պաշտոնավարման ժամկետը, իսկ դրանից առաջ, ըստ կարգի՝ պետք է դեկանի ընտրություն անցկացվի:

Սակայն պարզվում է, որ վաղուց անցել է ընտրության օրը, և արձանագրվել է, որ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար որևէ մեկը չի առաջադրվել: Այսինքն՝ ողջ ֆակուլտետում, ուր դասավանդում են նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներ, չի գտնվել մեկը, ով կառաջադրվեր որպես ԵՊՀ ամենամեծ ֆակուլտետներից դեկանի պաշտոնի թեկնածու:

Սա առավել քան տարօրինակ է, հատկապես ԵՊՀ-ում համառորեն շրջանառվող այն լուրերի ֆոնին, որ Միջազգային հարաբերությունների դեկանի պաշտոնը պահած է Սուրեն Պապիկյանի մտերիմներից մեկի համար:

Ըստ օրենքի՝ եթե դեկանի ընտրություններ չեն անցկացվում, նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար, և 168.am-ի տեղեկություններով՝ արդեն հաջորդ շաբաթ ժ/պ կնշանակվի ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմը:

Մենք հետևում ենք զարգացումներին և հաջորդ շաբաթ մանրամասներ կհայտնենք թեմայի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս