«Հերթական աղաղակող ապօրինությունը՝ ԵՊՀ-ում. քաղաքական մահակ՝ դեկանների գլխին». Վահե Հովհաննիսյան

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կանոնադրությունը փոխելու որոշումն արդեն կայացրել է և փոփոխված տարբերակն ուղարկել է Պետռեգիստր՝ գրանցման: Երբ գրանցեն, փոփոխությունները կմտնեն ուժի մեջ, որով բուհ-ական ինքնավարությունն իսպառ կվերացվի:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ այս գործողությունների տրամաբանական շղթան լիովին ըմբռնելու համար պետք է սկսել Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումից:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա փետրվարի 22-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշում հրապարակեց Մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Արման Թաթոյանի դիմումի հիման վրա գրավոր ընթացակարգով քննված «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով:

Կարդացեք նաև

«ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց «Հիմնադրամների մասին» օրենքի այն դրույթը, որ արդարադատության նախարարի կողմից անցումային կամ ժամանակավոր Հոգաբարձուների խորհուրդ ստեղծելն իրավաչափ է, և ՍԴ-ն փաստացի ինքն առոչինչ դարձրեց իր՝ նախկինում կայացրած որոշման հետևանքները: Իսկ նախկին որոշմամբ՝ ՍԴ-ն մեկնաբանել էր բուհ-ական ինքնավարությունը և հստակ դիրքորոշում էր ներկայացրել առ այն, որ բուհ-ական ինքնավարությունը ենթադրում է, որ պետությունը Հոգաբարձուների խորհրդում չի կարող ունենալ ավելի շատ անդամներ, և Խորհուրդն այնպես պետք է ձևավորվի, որպեսզի ապահովվի բուհ-ի ինքնակառավարումը»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ սա նշանակում է, որ ցանկացած դեպքում, երբ Հոգաբարձուների խորհուրդը կարող է ցրված լինել, արդարադատության նախարարը կարող է նշանակել 3 հոգուց բաղկացած Հոգաբարձուների խորհուրդ:

«Համալսարանի դեպքում եղավ հենց այդպես, և փաստացի քաղաքական իշխանությունը, օգտագործելով այդ հնարավորությունը, արհեստական ճգնաժամ ստեղծեց, ու շատ կասկածելի, խորհրդավոր պայմաններում քաղաքական իշխանության կողմից նշանակված բոլոր անդամները մեկ օրում հրաժարական տվեցին, բացի մեկից՝ Ավետ Քերոբյանից, ով, ի պատիվ իրեն, պատշաճ կերպով մինչև վերջ Հոգաբարձուների խորհրդի անդամի իր պարտականությունները կատարեց: Արդյունքում՝ Խորհուրդը ցրվեց, և արդարադատության նախարարը նշանակեց Մհեր Գրիգորյան, Եղիշե Կիրակոսյան, Վահրամ Դումանյան կազմով 3 հոգանոց Խորհուրդը, որի պայմաններում նշանակվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ինչի տրամաբանական շարունակությունը հանդիսացավ ռեկտորի «ընտրության» կազմակերպումը, փաստացի ռեկտորի նշանակումը»,- ասաց ԵՊՀ դասախոսը:

Վահե Հովհաննիսյանը հավելեց նաև, որ երբ «իրականացվեցին» ընտրությունները, արդեն իսկ Հոգաբարձուների խորհուրդը ձևավորված էր նորովի, բոլոր անդամներն արդեն իսկ փոփոխված էին, և բուհ-ը վերցված էր արտաքին միջնորդավորված կառավարման տակ:

«Այս պայմաններում ոչ թե հրապարակային մրցույթ չեղավ, այլ նույնիսկ ռեկտորի նախընտրական ծրագիրը չհանրայնացվեց, որ բոլորի համար պարզ լինի, թե Համալսարանի հնգամյա զարգացումն ինչ ուղղությամբ է տեղի ունենալու: Եթե մինչ այդ բոլոր թեկնածուները ծրագիր ներկայացրել էին, ԵՊՀ գրադարանում հանրամատչելի կերպով դրված էր, տարբեր կայքերով լուսաբանված էր, այս պարագայում այդ գործընթացը տեղի չունեցավ, և դրա հետևանքները մենք հիմա ենք տեսնում: Տեղի են ունենում փոփոխություններ, որոնք բոլորը նորություն են»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

ԵՊՀ Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչն առանձնացրեց թե դրական և թե բացասական փոփոխությունները, նկատեց՝ տեղեկատվություն չի եղել թե դրականի, թե բացասականի վերաբերյալ: Որպես դրական փոփոխություն՝ Վահե Հովհաննիսյանը նշեց Ֆիզիկայի և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների միավորումը, որովհետև, ըստ նրա, ժամանակին ԵՊՀ-ում բազմիցս են քննարկվել բուհ-ի ինստիտուցիոնալիզացման և խոշորացման հարցերը, ու այս կառուցվածքային փոփոխությունը պետք է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ:

«Բայց եթե պետք է որոշ ֆակուլտետներ միավորվեն, ապա դա հստակ պետք է երևա ծրագրից. ինչպես են միավորվում, ինչ հիմքեր կան դրա համար, և ինչ արդյունք է ակնկալվում»,- ասաց նա:

Վահե Հովհաննիսյանը շեշտեց նաև, որ երկու փոփոխություն են նախաձեռնել նաև, որոնցից մեկը չի հաջողվել ավարտին հասցնել, բայց մյուսը հաջողվել է:

«Առաջին փուլով փորձ կատարվեց փոխել ԵՊՀ գիտխորհրդի ձևավորման կարգը, և դրա արդյունքում ԵՊՀ գիտխորհուրդը ամբողջապես դառնալու էր վերահսկվող մարմին: Դա կիսատ մնաց, իսկ տրամաբանությունն այն էր, որ գիտխորհրդի անդամների ինստիտուտը վերանում էր, նրանց նշանակում էր ռեկտորը, և փաստացի ստացվում էր, որ ԵՊՀ գիտխորհրդի մեծամասնությունը գործելու էր ԵՊՀ ռեկտորի վերահսկողության տակ»,- ասաց ԵՊՀ դասախոսը:

Շարունակելով թեման՝ նա հավելեց՝ թեպետ այս փոփոխությունը կիսատ է մնացել, բայց ԵՊՀ ղեկավարությունը կատարել է դրա տրամաբանական շարունակությունը հանդիսացող մեկ այլ փոփոխություն, որը ՍԴ կողմից վերը նշված պարարտ հող նախապատրաստված գործընթացի շարունակությունն էր:

«ԵՊՀ ֆակուլտետների դեկաններն այսուհետ ընտրվելու են ոչ թե ֆակուլտետների, այլ ԵՊՀ գիտխորհրդի կողմից: Այսինքն՝ եթե մինչ այդ ռեկտորատը դեկանների ընտրության հարցում քվեարկելու իրավունք չուներ, այժմ ունի: Դա ընդամենը մեկ նպատակ է հետապնդում՝ վերահսկողության տակ վերցնել նաև դեկանների ընտրությունը: Եվ այս պարագայում վերանում է ներքին ինքնավարությունը: Սա հերթական աղաղակող ապօրինությունն է ԵՊՀ-ում, քաղաքական մահակ՝ կախված դեկանների գլխին»,- ասաց ԵՊՀ Իրավագիտության դասախոսը՝ հավելելով, որ խոսքը ինքնավարության 2 տեսակների մասին է՝ քաղաքական, տնտեսական կախվածությունից զերծ մնալու և ներքին ստորաբաժանումների անկախության:

Ըստ նրա՝ այս փոփոխություններով՝ ներքին ֆունկցիոնալ ինքնավարությունը վերանում է:

Հարցին՝ որտե՞ղ և ե՞րբ են քննարկվել այդ փոփոխությունները, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց՝ դրանք քննարկվել են նախորդ տարեվերջի ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստում ու մեծամասնության կողմից արժանացել հավանության:

«Այս փոփոխությունը նաև պրակտիկ տեսանկյունից խնդիր ունի: ԵՊՀ Գիտխորհրդի անդամներ են հանդիսանում 22 ռեկտորատի ներկայացուցիչ, 22 ուսանող, մնացած 44-ից 22-ն ի պաշտոնե ընտրված դեկաններն են, և յուրաքանչյուր ֆակուլտետ ներկայացնում է 1-ական հոգի, որպես կանոն՝ ամբիոնների վարիչներին, որոնք ռոտացիոն կարգով փոխվում են: Հիմա ստացվում է, որ կոնկրետ մի ֆակուլտետի դեկանի օգտին պետք է քվեարկի նաև այլ ֆակուլտետի ներկայացուցիչ: Ասենք, Երկրաբանության ֆակուլտետի ներկայացուցիչը պետք է քվեարկի Պատմության ֆակուլտետի դեկանի օգտին:Այս դեպքում նախ արդյունավետ կառավարման տեսանկյունից կարող են խնդիրներ առաջանալ, ու բացի դրանից, նոր կարգ պետք է մշակվի՝ ով կարող է առաջադրվել դեկանի պաշտոնում, կամ ինչ չափանիշներով պետք է առաջնորդվեն մի կառույցի ղեկավարները մյուս կառույցի ղեկավարին ընտրելիս, կամ հաշվետվությունն ինչպես պետք է գնահատեն, որովհետև գիտխորհուրդը ոչ միայն պետք է ընտրի դեկանին, այլև հաստատի նրա հաշվետվությունը»,- խնդիրների ցանկը ներկայացրեց ԵՊՀ դասախոսը՝ նշելով՝ սրա նպատակն այն է, որ ռեկտորն ու ռեկտորատը մասնակցություն ունենան դեկանների ընտրությանը:

Նրա խոսքով՝ թեպետ արդեն ընտրված դեկանների վրա այդ փոփոխությունները չեն տարածվելու, սակայն այստեղ էլ խնդիր կա:

«Քանի որ ԵՊՀ գիտխորհուրդը արդեն պետք է հաստատի նաև դեկանների հաշվետվությունները, արդեն ընտրված դեկանները պետք է հաշվետու լինեն նոր կարգի համաձայն, այսինքն՝ ԵՊՀ գիտխորհրդին: Այսինքն՝ կարող են չընդունել արդեն ընտրված դեկանների հաշվետվությունը, ու դա ունենա հետևանք, ընդհուպ՝ լիազորությունների դադարեցում»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ինքը խնդիր է տեսնում առ այն, որ եթե դեկանն ընտրվել է ֆակուլտետի գիտխորհրդի կողմից, իր ծրագիրը ներկայացրել է նրան, ուրեմն հաշվետվությունն էլ պետք է նրանց ներկայացնի, բայց, փաստորեն, հաշվետվությունները ներկայացնելու մասով գործելու է նոր կարգը:

Տեսանյութեր

Լրահոս