Ի՞նչ կապ ունի իմ ելույթը Ձեր հարցի հետ. Հերունի անունով փողոց կոչելն ընդհատվեց զուգարանի հարցով
Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ փողոցը հայ ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու անվամբ՝ «Պարիս Հերունու փողոց» անվանակոչելու մասին ավագանու նիստում ներկայացրեց ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը:
Նա նշեց, որ փողոցի ընտրությունը կատարել են հարազատները: Որոշումն ընդունվեց 40 կողմ, 2 դեմ, 0 ձեռնպահ ձայների համամասնությամբ:
Իսկ մինչև քվեարկությունը, հարցի քննարկման ընթացքում Արթուր Իսպիրյանի ելույթն ընդհատեց ԲՀԿ ավագանու անդամ Մարկոս Հարությունյանը. «Հազար անգամ ներողություն եմ խնդրում, հարցից շեղվեմ. Պարո՛ն Ավինյան, Բուենոս Այրեսի այգում զուգարան չկա: Այգում իրենց ժամանցն անցկացնող պապիկները խնդրել են, որ փոխանցեմ, որ հանրային զուգարան կառուցելու անհրաժեշտություն կա»:
Արթուր Իսպիրյանն ասաց. «Կներեք, լուրջ հարց ենք քննարկում, կավարտվեր, այդ հարցը կտայիք: Ի՞նչ կապ ունի իմ ելույթը Ձեր հարցի հետ»:
«Եթե Ձեզ թվում ա, ստեղ անլուրջ հարցեր ենք քննարկում, չարաչար սխալվում եք: Կարիք չկար ուղղելու, եղա՞վ»,- պատասխանեց Մարկոս Հարությունյանը:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս արձագանքեց. «Կարիք կար ուղղելու: Հերունու անունով փողոց կոչելու հարց ենք քննարկում, զուգարանի հարց եք բարձրաձայնում»: