Փաշինյանը խոստովանեց՝ Արցախի հարցով հակասող բաներ է ասել, որովհետև չի հասկանում խնդրի էությունը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ վերջին 5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն արցախյան բանակցությունների մասին այնքան հայտարարություններ է հնչեցրել, որ դրանք վաղը կարող են գիտական աշխատանքի նյութ դառնալ:

Պատգամավորի գնահատմամբ՝ Փաշինյանի բոլոր հայտարարությունները՝ Արցախի ինքնորոշման իրավունքի, բանակցային պրոցեսի մասին, խճճված են եղել:

«Իմ ձեռքին 1991 թվականի սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության հռչակման հռչակագիրն է: Կհիշեն շատերը, որ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորեց այդ օրվա առիթով, նշելով, որ այսօր Արցախի անկախության օրն է, Արցախի Հանրապետությունը 28 տարեկան է, և նշեց, որ այսօր Սովետական Ադրբեջանից Արցախն անկախության օր հռչակեց: Այդ օրերին քննադատում էի, որ սեպտեմբերի 2-ը անկախության օրը չէ, այլ Հանրապետության հռչակման օրն է, անկախությունը հռչակվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին:

2020 թվականին շատ ավելի պայթեց Նիկոլ Փաշինյանի գրառումը, որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր Արցախն անկախացել է Խորհրդային Միությունից, լրիվ հակառակ բան:

Կարդացեք նաև

Դիմելով Նիկոլ Փաշինյանին, Գեղամ Մանուկյանն ասաց, որ պաշտոնի եկած անձը ինստիտուցիոնալ հիշողության համար պետք է խորհրդակցի նախկինների հետ.

«Մինչև հիմա ինձ հայտնի է մի հայտարարություն՝ 23.01.2019 թվական, երբ ասել եք՝ «Ալիևի հետ հանդիպմանը քննարկել ենք բանակցային գործընթացի պատմության հետ կապված հարցեր»: Այլ մարդ կա՞, պաշտոնյա, նախկին դիվանագետ, բանակցության գործընթացին մասնակից, որոնց հետ ամբողջ բանակցային գործընթացը քննարկվել է»:

Փաշինյանը խոստովանեց, որ ընդդիմադիր պատգամավորի բոլոր ասածները ճիշտ են, բայց մի նրբություն կա.

«Դա իմ մասին չի, դա մեր մասին է, որովհետև դուք շատ դիպուկ հիշատակեցիք Արցախի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրը, Անկախության հռչակագիրը:

Հիմա եկեք արձանագրենք՝ 1989 թվականին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը համատեղ որոշում ընդունեցին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վերամիավորման մասին:

1990 թվականի Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունում է Անկախության հռչակագիրը՝ հղում անելով 1989 թվականի Գերագույն խորհրդի և ԼՂ մարզխորհրդի համատեղ որոշման մասին:

1991 թվականին Լեռնային Ղարաբաղը հռչակում է անկախություն և անում է հանրաքվե: Հա՛րց, ումի՞ց էր անկախանում Լեռնային Ղարաբաղը:

Հա՛, ճի՛շտ եք ասում, բայց դա իմ պրոբլեմը չի, մեր պրոբլեմն է, էդ մեր մասին է, որովհետև մենք մեկ միավորվել ենք, մեկ անկախացել ենք, մեկ Հայաստանից ենք անկախացել, մեկ Ադրբեջանից ենք անկախացել, մեկ Սովետական Հայաստանից ենք անկախացել, մեկ չենք անկախացել, մեկ Լեռնային Ղարաբաղը բանակցել է, մեկ Լեռնային Ղարաբաղի տեղը բանակցել է Հայաստանի Հանրապետությունը, մեկ ընդհանուր պետություն ենք ունեցել, մեկ Մեղրին ուզում էինք տալ, Ղարաբաղը վերցնեինք, մեկ ասում էինք՝ Ղարաբաղը չի եղել Ադրբեջանի կազմում, հաջորդ պահին ասում ենք՝ Ադրբեջանի հետ պետք է քննարկենք, թե Ղարաբաղի կարգավիճակը ոնց պետք է որոշվի: Հա, ճի՛շտ եք ասում, բա ես էլ եմ է՛դ ասում:

Ինչ վերաբերում է քննարկումներին, Լեռնային Ղարաբաղի իշխանությունն ամբողջությամբ իմ բոլոր քայլերին եղել է տեղյակ, բոլոր քայլերին, նույնիսկ բանակցային փաթեթները փոխանցել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությանը:

Երկրորդը՝ էս վերջերս մի պաշտոնյա ասում է՝ ես էն ժամանակ ուզում էի առաջարկել, որ էս աներ, էս աներ, թող առաջարկեի՛ն: Ավելին ասեմ, հիմա թող գրավոր գրեն և հրապարակեն էն, ինչ որ էն ժամանակ ուզում էին առաջարկեին, չեն անում, գիտե՞ք ինչի, որովհետև էդ իրենց գրածը նույն հարցերն է բերելու, դրա համար էլ չեն անում…»:

Գեղամ Մանուկյանն էլ արձագանքելով Փաշինյանին՝ ասաց.

«Նիկոլ Փաշինյան «Հայկական ժամանակ» թերթի խմբագիրը, որ էդ ամբողջը խորիմաստորեն չհասկանար, դա Նիկոլ Փաշինյանի անձնական պրոբլեմն է: Մեր՝ ժողովրդի դժբախտությունն է եղել, որ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին և 2020 թվականին լրիվ տարբեր կերպ է ընկալել 1991 թվականի սեպտեմբերի 2-ի Արցախի անկախության հռչակման փաստաթուղթը, որը ողբերգական հետևանք է ունեցել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս