«Կսիրեն, չեն կարող չսիրել, դա իրենց արյան մեջ է». Ռուբեն Մաթևոսյան
Մեկնարկեց «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրը, որի նպատակն է՝ նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, խթանել աշակերտ-արվեստագետ կապը:
2022թ. Երևանում և ՀՀ մարզերում ծրագրին մասնակցել է 4887 աշակերտ՝ 525 դպրոցից:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ արդեն 4-րդ տարին է, որ իրականացվում է ծրագիրը:
»Տեսնում ենք, թե ինչքան կարևոր է, որ ծրագրի միջոցով մեր աշակերտները ստանան հնարավորություն՝ ծանոթանալու արվեստի բոլոր ճյուղերին, երկխոսելու ոլորտում արդեն մեծ հաջողություններ գրանցած և փորձառություն, ասելիք ունեցող արվեստագետների, արվեստի ներկայացուցիչների հետ, որը ոչ միայն գիտելիք է տալիս, այլև արժեքային դաստիարակություն, մասնագիտական կողմնորոշման լայն հնարավորություններ»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը նշեց, որ արվեստի կարևոր ճյուղերից մեկը կինոն է, և հայ կինոյի օրը, երբ ներկայացվել են մեծերը, նրանց թվում չեն եղել կանայք:
«Գուցե դա մի իրողություն է, որ ունեցել ենք, և նախորդ 100 տարին, կարծում եմ, դաս պետք է լինի՝ հասկանալու, որ արվեստն այն ասպարեզն է, որտեղ բոլորը կարող են հասնել հաջողության, եթե այդտեղ տեսնում են իրենց: Կարծում եմ, ծրագիրը լավ հնարավորություն է, որպեսզի կարողանանք ընձեռել այդ զարգացման պայմանները»,- հավելեց Ժաննա Անդրեասյանը:
Մշակութային կրթական ծրագիրը մեկնարկեց Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և աշակերտներն այսօր հանդիպեցին Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, Հայ երգարվեստի, ժողովրդական երգ-երաժշտության վարպետ Ռուբեն Մաթևոսյանին:
«Բոլոր նախադրյալները կան, որպեսզի երեխան գնահատի, սիրի իր ազգային երաժշտությունը, ճանաչի Կոմիտասին, բոլոր կոմպոզիտորներին, լսի ժողովրդական երգեր՝ վարպետների կատարմամբ: Այն աստիճանաբար կներթափանցի մանկան հոգին, և նրա մեջ կխոսի հայը, ու նա կդառնա այս կամ այն գործիքին տիրապետող կամ երգող, ստեղծագործող մեկը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Մաթևոսյանը:
168.am-ի դիտարկմանը, որ քչերն են հետագայում նախընտրում ազգային գործիքները, ի՞նչ անել այս առումով, Ռուբեն Մաթևոսյանը նախ ասաց, որ բոլոր դպրոցներում կան նվագարանների բաժիններ, իսկ թե ինչո՞ւ են քիչ դիմում՝ այս հարցում կարևոր է սերը:
Մեր հաջորդ հարցին՝ այդ դեպքում, ի՞նչ պետք է անել, որ սիրեն, Ռուբեն Մաթևոսյանը պատասխանեց. «Կսիրեն, չեն կարող չսիրել: Դա իրենց արյան մեջ է: Շատ երեխաներ կան, որոնք ծանոթանում են ազգային նվագարաններին ու այն դարձնում իրենց երաժշտական գործիքը»:
Իսկ այն, որ ամեն տարի քչերն են դիմում Կոնսերվատորիայի ազգային նվագարանների բաժին, Ռուբեն Մաթևոսյանը չհամաձայնեց՝ նշելով. «Չէի ասի, որ քիչ են. տոկոսային հարաբերությամբ, եթե համեմատենք դաշնամուրի և ջութակի հետ, բնականաբար՝ այո, բայց բոլոր դեպքերում ուրախալի է, որ կան: Երաժշտական բոլոր դպրոցներում կան ժողովրդական երգի բաժիններ: Ճիշտ է դրված, այդպես պետք է լինի: Ես ինքս սովորել եմ դաշնամուրի բաժնում, բայց հետո դարձել եմ ազգային երգի կատարող: Երևի ամենաճիշտը դա է»,- ասաց ժողովրդական երգիչը: