«Ընդհանուր լարվածությունը կա, բայց կրակոցներ չկան». Իրավիճակը՝ Կոռնիձոր և Խնածախ գյուղերում
Ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Հիշեցնենք, որ թշնամին Տեղ գյուղի հատվածում առաջ էր եկել մարտի 30-ին՝ դիրքավորվելով Տեղի բնակիչներին պատկանող դաշտերում։
168.am-ի հետ զրույցում Կոռնիձոր գյուղի վարչական ղեկավար Արշակ Կարապետյանը խոսելով գյուղում ընդհանուր իրավիճակի մասին՝ ասաց, որ շատ բան չի կարող ասել, միայն կարող է ասել, որ իրավիճակը Կոռնիձորում տվյալ պահին նորմալ է։
«Այս պահին դեռ ամեն ինչ հանդարտ է, ինձ կներեք, մանրամասնորեն չխոսեմ, բայց դեռ ձեն-ձուն չկա, հանգիստ է»,- նշեց Կոռնիձորի վարչական ղեկավարը։
Խնածախում էլ, ինչպես Կոռնիձորում, այս պահին իրավիճակը նորմալ է։
«Ընդհանուր լարվածություն կա, բայց կրակոցներ չկան, հանդարտ է իրավիճակը, ամեն ինչ իր հունով ընթանում է, ինչպես որ եղել է։
Երեք տարի է՝ ժողովրդի մեջ ընկճվածությունը միշտ էլ լինում է, բոլորի մոտ էլ սպասողական վիճակ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական Զինված ուժերի ներկայացուցիչները Տեղ համայնքում հայտնվել են մարտի 30-ին և սկսել են դիրքավորվել Տեղի բնակիչներին պատկանող դաշտերում։ Իսկ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում խախտել էին նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել էին տվյալ բարձունքին և վերահսկում էին այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց անվտանգությունը։
Բերձորի այլընտրանքային ճանապարհն անցնում է Կոռնիձորի վարչական տարածքով։