«Ուղղակի սարսափելի է, երբ երկրի ղեկավարը բանակի մասին նման հայտարարություն է անում». Վիտալի Մանգասարյան

«Փաստացի, իշխանությունները տեղյակ են եղել, որ Տեղ գյուղում նման գործողություններ պետք է իրականացվեն, և բերել վերջին օրը ծառայողական քննություններ անցկացնել ու մեղավորներ փնտրել, պարզ է, չէ՞, որ մինչև այդ եթե պլան է եղել, որ այնտեղ պետք է դիրքեր տեղադրվեն, պետք էր հետևողական լինել և ստուգել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը՝ հղում անելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե հանձնարարական են տվել, բայց ինչ-որ մարդիկ թերացել են:

«Երբ հրամանատարը հրաման է տալիս, պետք է այդ հրամանի հետևից գնա: Ստացվում է, որ փաստացի հրամանը տվել են, վերջում նոր պարզվել է, որ այնտեղ ոչ մի գործ տեղի չի ունեցե՞լ: Այդպես չի լինում: Ոչ մի տրամաբանական բացատրություն չկա: Մեղքը ներևի օղակի զինվորականների վրա բարդելն ուղղակի պատասխանատվությունից խուսափել է նշանակում: Պետք է այս քաղաքական պատասխանատվությունն էլ իշխանությունը կրի: Ինչքա՞ն կարելի է: Ինչքան նման դեպք լինում է, պարզվում է, որ հրամանը տվել են, ինչ-որ մարդիկ չեն կատարել: Եթե անգամ ամեն ինչ պատշաճ կարգով տեղի է ունեցել, այդ մեխանիզմը չի աշխատում»,- շեշտեց նա՝ չբացառելով, որ քաղաքական իշխանությունների վրայից մեղադրանքի սլաքները կուղղվեն զինվորականների կողմը:

Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանը խոսել էր սահմանային իրավիճակի մասին՝ հղում անելով Եվրամիության կողմից տարածված հաղորդագրությանը՝ մասնավորապես նշելով. «Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից 2 կողմերի Զինված ուժերի ետքաշումը ապահով հեռավորության վրա, որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք: Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի՝ Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով: Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021 թվականից, և նման գործողությունը բխում է վերը հիշատակված Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից»:

Կարդացեք նաև

Մանգասարյանը նկատեց՝ Ադրբեջանը մտել է ՀՀ սուվերեն տարածք, ամրապնդվել է, իր համար կենսական անհրաժեշտության առնվազն մինիմալ պայմանները փորձում է ժամանակի ընթացքում ստեղծել. «Դրանից հետո մեր տարածքից մենք ուզում ենք հայելային հետ քաշվե՞լ: Որքան որ իրենք եկել են, առնվազն այդքանով եթե հետ էլ գնան, փաստացի, ստացվում է, որ մենք ավելի շատ ենք հետ գնում, քան իրենք: Եթե ինչ-որ մարդկանց թվում է, թե նրանք առանց ոչ մի բանի վեր են կենալու ու այդ դիրքերից հեռանալու են, ապա չարաչար սխալվում են: Այդտեղից հեռանալն էլ ինչ-որ գին է արժենալու: Եթե անգամ այդտեղից իրենց ինչ-որ բանակցությունների ընթացքում հնարավոր լինի հեռացնել, այդ ամենը գին է ունենալու, և ինչքան իրենք այդտեղ երկար մնան, այդ գինն այդքան բարձրանալու է: Խոսել հայելային հետքաշումների մասին այն պարագայում, որ մենք դեռ մեր սուվերեն տարածքից չենք կարողանում իրենց դուրս շպրտել, առնվազն ժամանակավրեպ հայտարարություն է: Ադրբեջանի քաղաքականությունն ի՞նչ է՝ կամաց-կամաց տեղավորվել, սեղմել օղակը, վերահսկողության տակ վերցնել պետական նշանակություն ունեցող բարձունքները, միջպետական ճանապարհները, հետագայում պլացդարմ ստեղծել՝ հաջորդ նմանօրինակ քայլին գնալու համար: 2020թ. նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունից հետո առնվազն 4-5 նմանօրինակ դեպքի ականատես ենք եղել»:

Ըստ նրա՝ պարզից էլ պարզ է, որ «խաղաղության դարաշրջան» բացելու միֆական հայտարարություններն ուղղակի բարի ցանկություններ են և չեն իրականանալու. «Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Ադրբեջանն ուզում է մեզ ցեղասպանել, պլանավորում է մեզ տարածաշրջանից դուրս մղել, և այլն, ու մենք ուզում ենք այս ամենի ֆոնին պահանջ ձևակերպել՝ խաղաղության դարաշրջան բացելու: Այս ամենն իրար հետ չեն բռնում: Դա առնվազն մեր հասարակության իմունիտետի թուլացմանն ուղղված գործընթաց է: Խաղաղության դարաշրջան բոլորս ենք ուզում, բայց ո՞նց, ո՞նց ենք իրականացնելու, եթե դուք եք ասում, որ Ադրբեջանն ուզում է մեզ ցեղասպանել: Այս սադրանքները պատրաստության անցնելու գործընթացներ են. ժամանակ առ ժամանակ իրենց զորքը լոկալ մարտերի մեջ են մտցնում, որպեսզի ունակությունները բարձրացնեն՝ էլ ավելի մարտունակ դառնան, էլ ավելի կարևոր խնդիրներ լուծեն»:

ԱԺ-ում կառավարության նետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը 2016թ. բանակում առկա իրավիճակից խոսեց. «Կներեք, էլի, մենք օդի՞ց ենք ընկել, չգիտե՞նք՝ այդ ժամանակվա բանակն ինչ էր և ինչ էր նշանակում: Սկսած նրանից, թե ծնողները ինչ էին ստիպված ուղարկել իրենց երեխեքին, սկսած նրանից, որ արձակուրդ գնալիս պետք է կոնկրետ «Գազել»-ով գնային, և այլն, և այդպես շարունակ: Այսինքն՝ օդի՞ց ենք ընկել, դա հո ասելո՞վ չի»:

Վիտալի Մանգասարյանից հետաքրքրվեցինք ՝բանակի մասին նման պատկերացում ունեցող գերագույն գլխավոր հրամանատարի օրոք ի՞նչ ռեֆորմներ սպասել բանակում:

«Ուղղակի սարսափելի է, երբ երկրի ղեկավարը, որը մինչ այդ տարբեր ստրատեգիական մտքերից էր խոսում, հիմա այս դիսկուրսն իջեցնում է դեպի «Գազելի» շոֆերի մակարդակի զրույցի: 2006թ. բանակը ավելի լավն է եղել, քան 2000թ., 2010-ինը ավելի լավն է եղել, քան 2006-ինը, այսինքն՝ քայլ առ քայլ խնդիրները լուծելով՝ առաջ ենք գնացել: Դրա ապացույցներից էր ապրիլյան պատերազմը: Մենք քանի՞ դասալիք ենք ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ. այն ժամանակ ղեկավարման օղակն աշխատել է, մարդիկ հասկացել են՝ ինչ գործ են անում, իսկ հիմա նույն երկրի ղեկավարությունը 11 հազար դասալիքի մասին է խոսում: Ենթադրենք՝ ճիշտ են ասում, ենթադրենք՝ 11 հազար քրեական գործ կա, բայց որտեղի՞ց է եկել այդ խնդիրը:

Երբ 2018թ. խաղաղապահների բրիգադը միանում էր հեղափոխության շարժմանը, դա դասալքություն էր, բայց դրանից հետո այդ գնդի հրամանատարի պաշտոնը բարձրացվեց, ՊՆ-ն հայտարարեց, որ բոլոր այդ գործերը կարճվել են, և ոչ մի խնդիր չկա, այսինքն՝ ստացվեց, որ պետական մակարդակով դասալքությունը խրախուսվում է, հասկանո՞ւմ եք: Դրանից հետո Մեղրիում էին զինծառայողները որոշակի ակցիա իրականացնում: Ոչ մի պատասխանատվության մարդիկ չենթարկվեցին: Պետությունն ի՞նչ է անում, ասում է՝ լավ, դու դասալի՞ք ես եղել, հես ա պաշտոնդ բարձրացնում ենք, բա այդ պայմաններում 11 չէ, կարող է 21 հազար դասալիք էլ ունենանք, դու ի՞նչ քայլեր ես արել, որ չունենաս: Ցանկացած պատերազմում, հատկապես նման երկար պատերազմում, դասալիքներ միշտ էլ եղել են, ձեզ թվում է՝ Ադրբեջանում չե՞ն եղել դասալիքներ, բայց ապարատը պետք է աշխատի, որ դու կանխես դա»,- ի պատասխան՝ ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս