ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում բարձրացրել է Լաչինի միջանցքի հարցը

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին ապրիլի 12-ին Բաքու կատարած այցի ընթացքում բարձրացրել է Լաչինի միջանցքի հարցը:

Բույար Օսմանին այս մասին հայտարարեց Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ճեպազրույցում:

Նա նշեց, որ դեռ հունվարին ԵԱՀԿ նախագահի պաշտոնում իր առաջին գործողությունը եղել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ իր հեռախոսազրույցը՝ Լաչինի միջանցքի հետ կապված: Այնուհետև Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի հանդիպում է կազմակերպվել, հրավիրել են նաև ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանին՝ Լաչինի միջանցքի հետ կապված՝ հայկական կողմի տեսակետը ներկայացնելու համար:

«Այս հարցը, մի շարք մարդասիրական խնդիրներ բարձրացրեցի երեկ Բաքվում: Եվ այսօր այդ հարցերը բարձրացնելու եմ նաև այստեղ՝ հասկանալու, թե արդյոք կա այս երկու երկրների միջև կամուրջների կառուցման հնարավորություն: Սա է մշտական խաղաղություն ապահովելու մեր նպատակը՝ որպես ԵԱՀԿ, որպես երկրների միջև մշտական երկխոսության հարթակ»,-ասաց ԵԱՀԿ գործող նախագահը:

Նա ընդգծեց, որ իրենք ներգրավված եղել են և շարունակելու են լինել: Կազմակերպության համար կարևոր է կենտրոնանալ ժողովրդի կարիքների վրա հենց տեղում, մասնավորապես, մարդասիրական թեմաներով:

Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Տեսանյութեր

Լրահոս