Եռակողմ հայտարարության մեջ գրեթե չկա որևէ դրույթ, որը չի խախտվում Ադրբեջանի կողմից. Միրզոյան

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա գրեթե որևէ կետ, որ Ադրբեջանը չխախտի․ հայկական կողմը հավատում է, որ գործընկերները, միջազգային հանրությունն իրենց դերը կխաղան՝ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելով:

Այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարության ժամանակ:

Նախարարները հանդիպմանը քննարկել են նաև Հարավային Կովկասի տարածշրջանում զարգացումները:

«Ես իմ գործընկերոջը ներկայացրեցի գոյաբանական մարտահրավերների և սպառնալիքների մասին, որոնց և Հայաստանի Հանրապետությունը, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվում են: Ցավոք, 2022-ի դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակումը, ահաբեկումը, ինչպես նաև Ադրբեջանի այլ գործողությունների նպատակն է ստիպել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը լքել իրենց տները: Էթնիկ զտումների համակարգված քաղաքականությունը Ադրբեջանի պատասխանն է միջազգային հանրության կոչերին՝ հասցեագրելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը միջազգային մարմինների կողմից թիրախային կոչերի և պահանջների հետ մեկտեղ հիշեցրեց նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին, որը Ադրբեջանին պարտադրում է ձեռնարկել բոլոր քայլերը՝ ապահովելու Լաչինի միջանցքով տեղաշարժը երկու ուղղությամբ:

«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միակ բացահայտ խախտումը չէ: Հայտարարության մեջ գրեթե չկա որևէ դրույթ, որը չի խախտվում Ադրբեջանի կողմից: Հայ ռազմագերիներին շարունակաբար որպես պատանդ պահելով, ինչպես նաև պահանջելով արտատարածքային միջանցք Հայաստանի սուվերեն տարածքով՝ Ադրբեջանը չի ապահովում, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնան Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ` ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո»,-ասաց ԱԳ նախարարը:

Միրզոյանն ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է իր ատելության խոսքը և ռազմատենչ հռետորաբանությունը բարձրագույն մակարդակներով, ինչպես նաև կանոնավոր ագրեսիվ գործողությունները՝ օկուպացնելով Հայաստանի շուրջ 150 քառ. կմ սուվերեն տարածք:

«Մենք հավատում ենք, որ մեր գործընկերները, միջազգային հանրությունը կարևոր դեր կունենան՝ օգտագործելով համապատասխան գործիքներ և մեխանիզմներ, այդ թվում՝ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելով Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը հիշեցրեց, որ Հայաստանը վերահաստատում է Ադրբեջանի հետ կառուցողաական երկխոսության պատրաստակամությունը՝ ատելության խոսքից, նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ մթնոլորտում՝ ձգտելով հասնել կայուն խաղաղության և անվտանգության Հարավային Կովկասում:

Հայաստանը ուժեղ քաղաքական կամք ունի՝ տարածաշրջանում հասնելու խաղաղության և կայունության: Միրզոյանն ընդգծեց՝ չնայած բոլոր դժվարություններին՝ Հայաստանը շարունակում է Ադրբեջանի հետ երկխոսությունը:

Տեսանյութեր

Լրահոս