Կարեն Անդրեասյանը հարցը կտրուկ է դրել՝ կա՛մ Արշակ Վարդանյանը չի դառնա ԲԴԽ անդամ, կա՛մ…
Օրեր առաջ տեղեկություն ստացվեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն առաջադրվել է որպես Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դատավոր անդամի թեկնածու: Տեղեկությունը Արշակ Վարդանյանը հաստատել էր ԶԼՄ-ների հետ զրույցում:
ԲԴԽ երկու դատավոր-անդամների՝ Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է ապրիլի 9-ին: Մինչ այդ՝ ապրիլի 7-ին, Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրված, որի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամների ընտրության հարցն է լինելու ԲԴԽ-ն լքող երկու դատավոր անդամների փոխարեն:
Վերաքննիչ քրեական դատարանից առաջադրվել է երկու թեկնածու՝ դատավոր Արշակ Վարդանյանը, որը մեծ հեղինակություն է վայելում մասնագիտական հանրության շրջանում և աչքի է ընկնում համարձակ ու անկախ որոշումներով, իսկ մյուս թեկնածուն նույն դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն է, որը համարվում է իշխանություններին լոյալ դատավոր, և նրանք հենց Մխիթարյանին էլ փորձում են «տեղավորել» ԲԴԽ-ում:
Այս խնդիրը լուծելու համար ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն արդեն իսկ ձեռնամուխ է եղել հնարավոր ու անհնարին բոլոր տարբերակներն իրականություն դարձնելուն:
Մասնավորապես, 168.am-ի հավաստի տեղեկություններով՝ մարտի 20-ին՝ ԲԴԽ նիստից հետո, Կարեն Անդրեասյանը ԲԴԽ անդամներին ասել է, որ Արշակ Վարդանյանը որևէ տարբերակով ԲԴԽ անդամ չպետք է դառնա:
Նա նշել է, որ կառավարությունը դատավորների բոլոր ուզածներն անում է, հաստիքներ է տրամադրում, որ ծանրաբեռնվածությունը նվազեցնի, փորձում են աշխատավարձ բարձրացնել:
«Հիմա, օրինակ, Կառավարությունը չի ուզում Արշակ Վարդանյանին տեսնել ԲԴԽ կազմում, և եթե նա հանկարծ ընտրվի, դատական համակարգում աշխատավարձ չի բարձրանա»,- ԲԴԽ նախագահի խոսքերը փոխանցեց ԲԴԽ կազմին մոտ կանգնած մեր աղբյուրը:
Բայց Կարեն Անդրեասյանը միայն ԲԴԽ կազմով չի բավարարվի:
Մեր տեղեկություններով՝ Կարեն Անդրեասյանը կառավարության ցանկությունը եթե արդեն չի փոխանցել, կփոխանցի նաև Դատարանների նախագահներին, որ նրանք էլ իրենց հերթին՝ իրենց դատարանների դատավորներին զգուշացնեն՝ հանկարծ Ընդհանուր ժողովի ժամանակ չընտրեն Արշակ Վարդանյանին:
Կարեն Անդրեասյանն իր տեսանկյունից ճիշտ թիրախ է ընտրել՝ դատավորների ծանրաբեռնվածություն և աշխատավարձ, մնում է՝ դատավորները հասկանան՝ ինչու է կառավարությանն ու Կարեն Անդրեասյանին պետք ամեն գնով չեղարկել Արշակ Վարդանյանի՝ ԲԴԽ գնալը: