Եվրամիությունը հրապարակել է ՀՀ նախագահի ընտրությունների իր գնահատականը
Եվրամիության արտաքին գործերի Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով Եվրախորհրդի անդամ Շտեֆան Ֆյուլեն այսօր հանդես են եկել Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ միացյալ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է, որ նրանք ողջունում են միջազգային դիտորդական առաքելության նախնական գնահատականները և եզրակացությունները:
«Մենք ողջունում ենք նախագահական ընտրություններում Հայաստանի իշխանությունների կողմից միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և առաջընթացի հասնելու ջանքերը, մասնավորապես բարելավված ընտրական գործընթացի կառավարման միջոցով թեկնածուների ազատ քարոզարշավի հնարավորությունների ապահովումը և ընտրացուցակների որակի բարելավումը»,- ասված է ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում:
Եվրամիության ղեկավարության ներկայացուցիչները կոչ են անում, որ ընտրությունների ժամանակ մտահոգություն առաջացնող դեպքերը, մասնավորապես կապված պետական ծառայողների անաչառության, վարչական ռեսուրսների կիրառման, քարոզարշավի ֆինանսավորման դրույթների ոչ պարզ մեկնաբանության հետ, լուծում կստանան: