Լևոն Տեր-Պետրոսյանը կմիանա՞ Րաֆֆիին

Մոտ մեկ ժամ հետո Ազատության հրապարակում տեղի է ունենալու փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական առաջին միջոցառումը: Գուցե մարտավարական նկատառումներից ելնելով` ժամը 17-ին հրավիրված միջոցառումը «Ժառանգությունն» անվանում է բացօթյա ասուլիս, բացառված չէ, որ այն չի հայտարարվում հանրահավաք` ելնելով մտավախությունից, որ բավարար թվով մարդիկ չեն լինի այնտեղ: Անկախ բոլոր այդ հանգամանքներից, ընդամենը 1-2 ժամ հետո պարզ կլինի, ինչ ընթացք են ստանալու հետընտրական իրադարձությունները:

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի և թիմակիցների համար, թերևս, ամենադժվար որոշում կայացնելու օրն է: Տարբերակները շատ չեն` Րաֆֆին կամ պետք է վճռականություն ունենա և բողոքի զանգվածային միջոցառումների միջոցով իշխանությանը պարտադրի առնվազն երկրորդ փուլ, կամ որևէ լղոզված ձևակերպմամբ ընդունի Սերժ Սարգսյանը հաղթանակը:

Ընդ որում, որոշումներից յուրաքանչյուրն էլ արժանանալու է ինչպես՝ գովասանքի, այնպես էլ՝ սուր քննադատության: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ասուլիսը հայտարարի ավարտված ու գնա տուն, ապա իշխանությունը, թերևս, շատ բարձր կգնահատի նրա այդ քայլը և ավելի հաստատակամ ու շռայլ կդառնա համագործակցության առաջարկ անելու հարցում: Մյուս կողմից` Րաֆֆիի  նման որոշումը կարժանանա ընդդիմության, հասարակության ստվար զանգվածի քննադատությանը ու զգալիորեն կխորացնի առանց այդ էլ խորը հիասթափությունը: Այս և բազմաթիվ այլ առումներով Րաֆֆի Հովհաննիսյանն իսկապես մեծ պատասխանատվության առջև է կանգնած: Ընդ որում, կանգնած է, ըստ էության, միայնակ: Ի տարբերություն 2008 թվականին գրեթե նույն իրավիճակում հայտնված Լևոն Տեր-Պետրոսյանի, ով ոչ միայն բազմաթիվ  կուսակցությունների կողմից սատարվող թեկնածուն էր մինչև ընտրության օրը, այլ նաև աջակցություն ստացավ ընտրություևներին մասնակցող և չմասնակցող մյուս թեկնածուներից, այդ թվում` նույն Րաֆֆի Հովհաննիսյանից:

Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը, թերևս, աջակցությունից բացի ու գուցե առավել՝ ունի խորհրդի, կշռադատված, հաշվարկված խորհրդի կարիք, որոնք նրան կօգնեն գործողությունների արդյունավետ քայլեր մշակել:

Այդ առումով նրա խորհրդատուների և աջակիցների թվում առաջինը կարող էր լիներ, ու, թերևս, պարտավոր էր լիներ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ոչ միայն ու ոչ այնքան 2008 թվականի «պարտքը վերադարձնելու», որքան այն տեսանկյունից, որ այդպիսով Րաֆֆիի պայքարը կարող է շատ ավելի իրատեսական դառնալ: Եթե, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանն ազնիվ է «ավազակապետության դեմ պայքարի» մասին իր հայտարարություններում:

Դա ապացուցելու համար Լևոն Տեր-Պետրոսյանը պարտավոր էր եթե ոչ՝ երեկ գիշերվանից, ապա առնվազն այսօր ժամը 17-ից լինել Ազատության հրապարակում: Ոչ այնքան Րաֆֆի Հովհաննիսյանի, որքան իշխանությանը «ոչ» ասած ժողովրդի կողքին: Այլապես ակնհայտ կդառնա, թե փետրվարի 18-ին յոթ թեկնածուներից հատկապես ում օգտին է «սիրով» քվեարկել Լևոն Տեր-Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս