«Կը շինեմ կոր»… կամ՝ ի՞նչ խաղաղություն են ուզում շինել դպրոցներում

Մինչ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ամենաբարձր մակարդակով հրամցնում հակահայկական թեզեր, պետական մակարդակով և անգամ մանկապարտեզից սկսած՝ հայատյացության քարոզչությունը դարձնում սերունդներին կրթելու միակ ճանապարհ, պարզվում է՝ Հայաստանում դպրոցականներին պատրաստում են «խաղաղաշինության»:

168.am-ի հետ այսօր կապ է հաստատել Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկի աշխատակից Վանո Կարապետյանը՝ ահազանգելով.

««Խաղաղաշինական կրթություն» ձեռնարկն է ուղարկվել հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններ. այն նախատեսված է «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների համար՝ որպես օժանդակ ձեռնարկ:

Գուցե առաջին հայացքից ձեռնարկը թվում է լավը, սակայն կոնֆլիկտների հաղթահարման հետ կապված ձևակերպումներ կան, որոնք, իմ կարծիքով, չեն համապատասխանում այն մարտահրավերներին, որոնց շուրջ կանգնած է մեր երկիրը:

Որպես պատմության մասնագետ, երբ ուսումնասիրեցի ձեռնարկը, այն տպավորությունն էր, թե այն գրված է ադրբեջանա-թուրքական հասարակության նման հասարակություն ունեցող դպրոցահասակ երեխաների համար. այսինքն՝ մի հասարակության համար, որը չի հանդուրժում այլ էթնիկական հանրույթի կամ ազգային փոքրամասնությունների գոյությունն իր երկրում և ցանկանում է բնաջնջել իր հարևան ժողովուրդներին»:

Այս ձեռնարկին ծանոթացանք նաև մենք.

Այսպիսով, խոսուն նախաբանով տեղեկանում ենք. «Ձեռնարկը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։ Ձեռնարկը երաշխավորված է ԿԳՄՍՆ-ի կողմից»:

Սրան հաջորդում է տեղեկություն, որ ձեռնարկը տպագրվել է «Զարտպրինտ» ՍՊԸ-ում: Իսկ այս տպարանը, հետաքրքիր զուգադիպությամբ, պատկանում է «խաղաղասիրության» առաջամարտիկ իշխանությունների վառ ներկայացուցիչ, թավշյա «շերեփ-կաթսա նվագախմբի ղեկավար», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանին։

Իսկ ովքե՞ր են ներգրավված «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» հասարակական կազմակերպության մեջ:

«Գուգլ» որոնողական համակարգում այս ՀԿ-ի անվան հետ առաջին նույնացումը մեզ ուղղորդում է «հկ Դեպո» կայքէջ: «ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիր» է, որի ցանցի մի կազմակերպություն էլ «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում»-ն է (ի դեպ, վերոգրյալ ծրագրում ներառված փորձագետների անունները շատ բան կարող են ասել ծրագրի ու նրանց մասնակիցների մասին. օրինակ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի Ամանորը շնորհավորած Արսեն Խառատյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն, «խաղաղարարության և երկխոսությանն» առնչվող ծրագրերի գեներատոր Գևորգ-Տեր Գաբրիելյան և այլք):

Իսկ հիմա՝ հենց «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» հասարակական կազմակերպության մասին:

Հասցեն՝ սահմանապահ Բերդ քաղաքն է, իսկ թե ովքեր են այս հ/կ թիմի անդամները՝ կայքէջում տեղեկությունը հասանելի չէ, միակ ուղերձը, որ կարող ենք կարդալ, «խաղաղությունը սկսվում է քեզնից» ամորֆ պատկերացումն է: Թերևս  այս պատկերացումն է դրված է «խաղաղաշինական» ձեռնարկում:

Ինչ ենք կարդում ձեռնարկում.

«Խաղաղաշինական կրթության նպատակն է սովորեցնել, թե ինչպես լուծել կոնֆլիկտն (հակամարտություն) առանց բռնության, հարգել կյանքի և իրավունքների բոլոր ձևերը և ներգրավվել խաղաղության կառուցման մեջ քաղաքացիական գործունեությամբ: Այն նաև օգնում է սովորողներին գնահատել միջմշակութային բազմազանությունը, յուրացնել խաղաղ մասնակցության հմտություններ և պատկերացնել ապագան առանց պատերազմի». ինչ խոսք, թվարկվածը ճշմարտություն է, բայց համաձայնեք՝ այն չի աշխատում միակողմանի խաղաղասիրության դեպքում, կամ որ է՝ երբ գալիս են քեզ սպանելու:

Ձեռնարկում մեջբերումներ կան խաղաղության մասին այս կամ այն հեղինակավոր անձանց մտքերից, զորօրինակ՝ «Մենք չպետք է պատերազմենք» ասելը բավական չէ։ Հարկավոր է սիրել խաղաղությունը և հանուն դրա պատրաստ լինել զոհաբերությունների», «Լայնորեն բաժանված ընտանիքը ժառանգում է մի տուն, որտեղ նրանք պետք է միասին ապրեն»:

Պետության կառավարման ձևերը գործնականում լավ պատկերացնելու համար ձեռնարկում առաջարկվում է կազմակերպել դերային խաղ՝ Անգելա Մերկելի, Ադոլֆ Հիտլերի, Բարաք Օբամայի, Տիգրան Մեծի, Կիմ Չեն Ինի, Վուդրո Վիլսոնի, Նիկոլ Փաշինյանի դերերով:

Խաղաղաշինական քաղաքականությունից խոսելիս՝ առաջարկվում է քննարկել Արցախյան կոնֆլիկտը։

«Մինչև Արցախյան երկրորդ պատերազմը ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սկսում է Արցախյան բանակցությունները նոր էջից։ Միաժամանակ, նա շեշտում էր, որ շատ կարևոր է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործընթացը և շեշտում, որ առանց դրա կոնֆլիկտի խաղաղ լուծում ակնկալել հնարավոր չէ։ Դրան զուգահեռ նույնատիպ հայտարարություններով հանդես էր գալիս նաև Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը»,- նշվում է ձեռնարկում և որպես քն­նարկ­ման հար­ցեր առաջարկում.

1. Արդյո՞ք երկրի ղեկավարների մակարդակով արվող հայտարարությունները խաղաղաշինական քաղաքականություն կարող ենք համարել,

2. Եթե Հայաստանում հակաադրբեջանական քարոզչություն չի իրականացվում, արդյո՞ք դա խաղաղաշինական քաղաքականության ենթաբաղադրիչ կարող ենք համարել։

Վար­ժութ­յունն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար օգ­տա­կար խոր­հուրդ­ներ. Քննարկման հարցերը հնչեցնելիս կարևոր է, որ սովորողները վերլուծեն թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ Ադրբեջանի նախագահի հռետորիկան ու կարողանան ցույց տալ, որ երկուսի դեպքում էլ խաղաղաշինությունը միայն հայտարարությունների մակարդակում է եղել և ոչ պետական քաղաքականության։ Առաջարկվում է, որ ուսուցիչը հուշող հարցեր ձևակերպի, որ, ի վերջո, սովորողներն այս մտահանգումներն ունենան»:

Ինչ խոսք, չափազանց անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է ուսուցիչը հուշող հարցերով նման մտահանգումներ ապահովի, և ի՞նչ պետական քաղաքականություն են ակնկալում ձեռնարկների հեղինակները:

Հետաքրքրական է նաև, որ  այս օրինակներում  հեղինակները մեր բոլոր արքաներից առանձնացրել են Պապ թագավորին, որի մասին հաճախադեպ «աղմկում էր» Նիկոլ Փաշինյանը: Եվ դարձյալ, Պապ թագավորին հիշատակել են եկեղեցուն հակադրվող լույսի ներքո. արդյո՞ք աշակերտներին պետք է հրամցնել «հակաեկեղեցական թեզեր» և ինչի՞ համար:

Մեջբերում ձեռնարկից. «Ի­րա­վի­ճակ երկ­րորդ. Պապ թագավորի կառավարման ժամանակահատվածում վերջինս ձեռնամուխ եղավ որոշ բարեփոխումների։ Քրիստոնեության ընդունումից հետո Պապ թագավորը հստակ տեսնում էր, որ քրիստոնեությունը պաշտոնապես է ընդունվել, բայց վերջինս դեռ չի մտել ժողովրդի առօրյա։ Դրան զուգահեռ եկեղեցին կամ դրան կից կառույցները, որոնք պետական գանձարանի լուրջ մաս էին կազմում, անիմաստ էին, քանի որ նրանց նպատակը քրիստոնեական բարոյագիտության տարածումն էր։ Փոխարենը նրանց պատճառով տարածվում էր ծուլությունը, կուսանոցների պատճառով կրճատվում էր բնակչության աճը։ Այս ամենով պայմանավորված Պապի որոշմամբ կրճատվում են եկեղեցուն շնորհված հողերը և դրանք տրամադրվում են զինվորականներին։ Պապը սկսում է փակել աղքատանոցները, կուսա­նոցները, որոնցում գտնվող կանանց պարտադրում է ամուսնանալ, իսկ տղամարդկանց՝ ծառայության անցնել զորքում։ Նա վերացնում է նաև տասանորդի և պտղի հարկերը, որոնք ռամիկներից տրվում էին եկեղեցուն։ Զուգահեռ կրճատվեց նաև հոգևորականների թիվը։

Քն­նարկ­ման հար­ցեր՝

1. Այս քաղաքականությունը արդյո՞ք արդարացված էր և արդյո՞ք պետականամետ էր։

2. Ըստ քեզ՝ հասարակության կողմից այս քաղաքականությունը առավելապես ողջունվե՞ց, թե՞ չէ»:

Ձեռնարկի վերջում տեղեկանում են, որ «Խաղաղաշինական կրթություն Տավուշում» ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ ու «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շահերի պաշտպանության արշավի ենթադրամաշնորհի շրջանակում։

«Ծրագրի նպատակն է խթանել խաղաղության վերաբերյալ երիտասարդների վերաբերմունքային և վարքագծային փոփոխությունը,- ասվում է ձեռնարկի ծանուցման մեջ, ապա նշվում,- Ակնկալվող ազդեցությունն է խաղաղաշինության վերաբերյալ գիտելիքահեն մոտեցման խրախուսում ուսուցիչների շրջանում, երիտասարդների մասնակցայնության խրախուսում խաղաղաշինության գործընթացներում, համագործակցություն դպրոցների հետ, խաղաղության վերաբերյալ զրույցների ավելացում»:

Այստեղ տեղին է հիշեցնել, որ, օրինակ, ըստ ուսումնասիրությունների, Ադրբեջանի 3-9-րդ դասարանի երեխաների համար նախատեսված դասագրքերում հակահայկականությունը դրված է իբրև առաջնահերթություն, մինչդեռ մեր հանրակրթական դպրոցներ ներմուծված այս ձեռնարկից տպավորություն է, թե Հայաստանն է տարածաշրջանի ագրեսորը: Ու հենց այս պատճառով է, որ ներսից ու դրսից «դաստիարակները» լծվել են խաղաղ ու ստեղծագործ ժողովրդին «խաղաղություն» սովորեցնելու վեհ առաքելությանը, կամ՝ տպավորություն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն շարունակում ցեղասպանական գործողություններ Արցախում, որ Ադրբեջանի բռնապետը չի շարունակում պահանջել պատմական Հայաստանի տարածքները, որ թուրքական պաշտոնական շրջանակները չեն գորշ գայլերին վերագրվող ահաբեկչական նշաններով ողջունում հայերին:

Երվանդ Օտյանն ասում էր. «Ի զո՜ւր հայրը երկար-բարակ կը բացատրէ, թէ՝ երբ առարկայ մը գետին նետելով կտոր-կտոր կ՚ընենք, այդ գործողութիւնը շինել բայով չի բացատրուիր, այլ՝ կոտրել։ Անկարելի եղաւ բառագիտական այդ նրբութիւնը հասկցնել Փանջունիի, որ շարունակեց տանը մէջ գտնուած գաւաթները, պնակները, շիշերը կոտրտել և ամէն անգամ որ «Ի՞նչ կ՚ընես կոր» ըսելով զինքը կը յանդիմանէին, անդրդուելի ու անխռով կը պատասխանէր.

– Կը շինեմ կոր»:

Գրողի այս միտքը թերևս նաև մեր օրերի «խաղաղություն շինողների» մասին է:

Տեսանյութեր

Լրահոս