«Գտնել առաջնորդ, բռունցք դառնալ և երեք օր տալ ժողովրդին». Հրանտ Խաչատրյան

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանն այսօր ԱԺ-ում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ հայտարարեց, որ չի եկել հայտարարության տեքստը քննադատելու, քանի որ հասկանում է, որ այն ընդդիմադիր դաշտը միավորելու համար է։

«Ենթադրում եմ, որ մեկ անգամ մերժված նախագծի շուրջ ավելի լայն հասարակական աջակցություն կազմակերպելու խնդիր է այսօր դրված։ Այդ առիթով մենք կարող ենք ապահովել նման աջակցություն։ Բայց գիտեք ինչ, նախագիծը թույլ է, անկեղծ ասած, այն համապատասխանում է մեր խորհրդարանական ընդդիմության ռեսուրսների գնահատման՝ իմ գնահատականին։ Այստեղ ես չեմ տեսնում նույնիսկ այն նշաձողը, որը իմ գործընկերների հետ պահել ենք երկար տարիներ շարունակ։ Բայց արդեն խոստացել եմ՝ ոչ մի քննադատություն»,- նշեց Հրանտ Խաչատրյանը։

Ըստ նրա, Հայաստանում յուրաքանչյուրի արտասանած ամեն մի բառը, հատկապես՝ իշխանության բարձրագույն մարմնի ամբիոնից, լսում են բոլորը, հետևաբար՝ իր խոսքը ուղղված չէ միայն ԱԺ նիստերի դահլիճում գտնվողներին։

«Կարծում եմ՝ մեր առջև նետված մարտահրավերների պատասխանը կարող է լինել, եթե մենք ձև, առիթ գտնենք, պատճառ գտնենք, առաջնորդ գտնենք, ում շուրջ համախմբվելով՝  կարող ենք բռունցք կազմել ու այդ բռունցքը սեղանին հարվածելով՝ ասել, որ հայ ժողովուրդը եկել է հավերժության խորքերից, հիմա ապրում է այդ նույն կենսակերպով, տրամաբանությամբ և գնում է դեպի հավերժություն։ Եվ ցանկացած ոտնձգություն հայ ժողովրդի նկատմամբ ոչ միայն հանցանք է ժողովրդի նկատմամբ, այլև ողջ մարդկության հանդեպ։ Ես այդ բանն արել եմ, շատ տեղերում եմ արել, ամենախոշոր հավաքը դա Վաշինգտոնում 1260 երկրներից եկած 1200 պատվիրակների առաջ էր, որն ընդունվեց մեծ ոգևորությամբ»,- շեշտեց Հրանտ Խաչատարյանը։

Կարդացեք նաև

ԳԽ նախկին պատգամավորն ԱԺ ամբիոնից նաև առաջարկ հնչեցրեց։

«Երբ ժողովուրդը երես է թեքում իշխանական մեծամասնությունից, նա հայացքը շրջում է դեպի իշխանական փոքրամասնությունը։ Մեզ այսօր հրավիրել են պաշտոնական ընդդիմության կողմից։ Ես առաջարկում եմ, եթե ուզում եք այս փաստաթուղթը ձեր անունից հրատարակեք, բայց կա նաև այլ ճանապարհ։ Թեկուզ այստեղ հավաքված մարդիկ ինձ հետ համաձայն կլինեն, որ երեք օր այս հայտարարության տեքստի վրա աշխատելուց հետո կարող ենք դիմել հայ ժողովրդին և ստանալ այն աջակցությունը, որն ակնկալում ենք։ Իմ խոսքն ուղղված է նաև խորհրդարանական մեծամասնությանը, նաև աշխարհասփյուռ հայությանը, որ վաղը հանգստանում ենք, երկուշաբթի նորից հավաքվում՝ գուցե խմբերի բաժանվելով, աշխատում ենք այս հայտարարության տեքստի վրա։ Այդուհանդերձ ես այս պահին հայտարարում եմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի նոր փուլի սկիզբը»,- եզրափակեց Հրանտ Խաչատրյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս