Ինչո՞ւ է վիրավորվել Լոռու մարզի նախկին դատախազը
Հունվարի 30-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը փոխադրվեց ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:
Ուղիղ մեկ օր անց՝ հունվարի 31-ին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 1-ից:
168.am-ի տեղեկություններով՝ Կարեն Գաբրիելյանին ոչ թե ազատել են, այլ վերջինս ինքն է ազատման դիմում գրել՝ ըստ էության վիրավորված նախկին հրամանից:
Բանն այն է, որ Լոռու մարզի նախկին դատախազին, ով համարվում է նախկին դատախազ Արթուր Դավթյանի կադրը և նրա հետ մտերիմ ու ըստ որոշ խոսակցությունների՝ նաև քավոր-սանիկական հարաբերություններ ունի, փոխադրելով դատախազության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ պաշտոնի իջեցում են կատարել:
Եվ հենց սա է դարձել պատճառը, որ մեկ օր անց Կարեն Գաբրիելյանն աշխատանքից ազատվելու դիմում գրի, հատկապես որ, փաստաբան դառնալու մտադրություն ունի և ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ներկայումս ակտիվորեն պատրաստվում է ընդունվել Փաստաբանական դպրոց:
Մեր տեղեկություններով՝ անգործ չի մնա նաև Շիրակի մարզի նախկին դատախազ Գուրգեն Գրիգորյանը: Վերջինս պատրաստվում է դառնալ Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննիչ: