Ֆինլանդիան Թուրքիայից ոչ մի ապացույց չի ստացել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթացի մասին
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենք ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթացի ոչ մի ապացույց չեն ստացել Թուրքիայից:
«Արտաքին գործերի նախարարությունը որևէ ապացույց չի ստացել այն մասին, որ Թուրքիան առաջընթաց է գրանցել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման հարցում… Բացի այդ, ես կցանկանայի ասել, որ մինչ այժմ մենք որևէ կոնկրետ քայլ չենք տեսել Թուրքիայի կողմից», – կիրակի օրը Yle հարթակին ասել Է Ֆինլանդիայի ԱԳՆ-ի քաղաքական վարչության գլխավոր տնօրեն Պիրիտա Ասունմաան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ Անկարան կարող է Շվեդիայից առանձին դիտարկել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը։
Ըստ արտաքին քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Թոնի Ալարանտի՝ Թուրքիան պետք է պաշտոնական հայտարարությամբ հանդես գա այն մասին, որ Ֆինլանդիան կատարել է անդամակցության համար համաձայնեցված բոլոր պայմանները, և որ ոչ մի նոր պայմաններ չեն լինի։ Ալարանտան հավելել է, որ դեռևս դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ունի Էրդողանն՝ ասելով, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունը կդիտարկվի Շվեդիայից առանձին:
«Միտքդ Է գալիս «բաժանիր և տիրիր» քաղաքականության գաղափարը», – նշել Է նա։ Կիրակի օրը հեռուստատեսային ելույթում Էրդողանն ասել էր, որ Թուրքիան կարող է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացնել Շվեդիայից առանձին, «եթե Ֆինլանդիան թույլ չտա նույն սխալը, ինչ Շվեդիան»: «Նրանք (խմբ.՝ Շվեդիայի իշխանությունները) յուրովի ծիծաղում են մեզ վրա… Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք այլ ազդանշան ուղարկել Ֆինլանդիայի վերաբերյալ:
Շվեդիան շոկի մեջ կհայտնվի, երբ մենք նման ազդանշան ուղարկենք», – մեջբերում են Էրդողանի խոսքն արևմտյան լրատվամիջոցները: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին աջ ծայրահեղական քաղաքական գործիչ Ռասմուս Պալուդան Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև հրապարակայնորեն այրել էր մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը։ Դրանից հետո Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան չպետք է ակնկալի, որ Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումը:
Թուրքիան անորոշ ժամանակով հետաձգել էր բանակցությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ՝ ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության շուրջ: Շաբաթ օրը Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց համատեղ ուղին։ Նա նշել էր, որ ՆԱՏՕ-ի ճանապարհը փակ չէ իրենցից ոչ մեկի համար։