Բաժիններ՝

Բրազիլիան 2022 թ.-ին անտառահատումների նոր ռեկորդ է սահմանել. ԶԼՄ-ներ

Բրազիլիան ռեկորդ է սահմանել 2022 թ.-ին Ամազոնի հատված անտառների մակերեսով, որը կազմել է ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետր:

Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: «2022 թ.-ին Բրազիլիան անտառահատումների նոր ռեկորդ է սահմանել՝ կորցնելով 10 537 քառակուսի կիլոմետր անտառ… Սա ամենաբարձր ցուցանիշն է 2008 թ.-ից ի վեր, երբ ինստիտուտն սկսել Է տվյալների հավաքումը», – հունվարի 19-ին հայտնել է Telesur հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ամազոնի մարդու և շրջակա միջավայրի ինստիտուտի (Imazon) տվյալները։

«Մենք հուսով ենք, որ սա (ռեկորդային) անտառահատումների վերաբերյալ վերջին նման տեղեկությունն է, քանի որ նոր կառավարությունը խոստացել է առաջնահերթ ուշադրություն նվիրել Ամազոնի անտառների պաշտպանությանը», – ասել է Imazon-ի ներկայացուցիչ Բիանկա Սանտոսը: Ըստ հեռուստաալիքի՝ վերջին չորս տարվա ընթացքում երկիրը կորցրել է ավելի քան 35 հազար քառ. կմ անտառ:

Այս շրջանը համընկնում է նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի կառավարման ժամկետի հետ։ Հունվարի 1-ին Բրազիլիայի նախագահի պաշտոնն ստանձնեց Աշխատավորական կուսակցության առաջնորդ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո իր առաջին ելույթում սոցիալիստը խոստացել է վերսկսել հսկման և մոնիտորինգային ծառայությունների աշխատանքն Ամազոնի անտառներում՝ տարածաշրջանում անօրինական տնտեսական գործունեության դեմ պայքարելու համար։

Դրա հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Նորվեգիան ծրագրում է վերականգնել Ամազոնի հիմնադրամի (Amazon Foundation-ի) ֆինանսավորումը. այն ընդհատվել էր Բոլսոնարուի կառավարության հետ տարաձայնությունների պատճառով՝ կապված այն հարցի հետ, թե ով և ինչպես պետք է բաշխի կազմակերպությանը հատկացված միջոցները։ Ամազոնի արևադարձային խոնավ անտառներն ամենախոշոր անտառային զանգվածն են աշխարհում և զբաղեցնում են Հարավային Ամերիկա մայրցամաքի մի քանի երկրների տարածքի զգալի մասը։

Բիոմի մակերեսը կազմում է 5,5 մլն քառ. կմ, որից գրեթե 4,2 մլն քառ. կմ-ը գտնվում է Բրազիլիայում։ Այնտեղ աճում են 2500 տեսակի ծառեր, ինչը կազմում է աշխարհի ամբողջ արևադարձային անտառների մոտ մեկ երրորդը, և 30 հազար բուսատեսակներ (ամբողջ մայրցամաքի 100 հազար տեսակներից): Թռչունների և կաթնասունների տարատեսակների թիվը տարածաշրջանում կազմում է մոտ 2000:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս