Բաժիններ՝

Բրյուսովում դեռ չգիտեն, թե ով է իրականացնելու ռեկտորի լիազորությունը, մինչև խորհուրդ ձևավորեն կամ ռեկտորի մրցույթը հաստատեն

Հունվարի 11-ին տեղի է ունեցել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի հերթական նիստը, որը նախագահել է Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը:

Օրակարգում ընդգրկված հարցերից են «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի անդամների ընտրությունը, «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ասպիրանտների և հայցորդների ատեստավորումը:

Նիստի ավարտին գիտական խորհուրդը միաձայն հայտարարություն է ընդունել՝ ««Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում համալսարանի ռեկտորի ընտրությանը հաջորդող ապօրինությունների կապակցությամբ»:

Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ ՀՀ կառավարությունը մինչ օրս չի հաստատել Կարինե Հարությունյանի` Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի` 2022 թ. դեկտեմբերի 9-ի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները` չնայած նիստն անցել է սահմանված կարգի բոլոր կետերի խստագույնս պահպանմամբ՝ առանց որևէ խախտման: Քվեարկության արդյունքներն արձանագրվել և ստորագրվել են հինգ անդամից բաղկացած հաշվիչ հանձնաժողովի կողմից, որը նախագահում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ներկայիս նախարար Ժաննա Անդրեասյանը: Ավելին՝ քվեարկությունից հետո նա բարձրաձայն ընթերցել է արդյունքները, և հոգաբարձուների խորհուրդը միաձայն՝ բոլոր 20 անդամների կազմով, բաց քվեարկությամբ հաստատել է դրանք։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը հայտնեց, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ թե՛ բուհը, թե՛ ռեկտորը դիմել են դատարան:

Մեր հարցին՝ ռեկտորի պաշտոնավարման ժամկետը լրացել է հունվարի 11-ին, հիմա ի՞նչ է լինելու, գուցե նոր ընտրությո՞ւն, ռեկտորի պաշտոնակատարը պատասխանեց. «Ոչ, մինչև որոշում չլինի՝ ընտրություն չեն կարող անել: Հիմա մենք հետևյալն ենք մտածում. իրավունքի ուժով ռեկտորը շարունակում է իր պարտականությունների կատարումը: Եվ երկրորդ, ռեկտորի՝ արձակուրդ մեկնելուց առաջ պարտականություններն իմ վրա է դրվել: Հիմա նամակ ենք ուղարկել ԿԳՄՍՆ, որպեսզի պատասխանեն, թե ո՞վ է իրականացնելու ռեկտորի լիազորությունը, մինչև խորհուրդ ձևավորեն կամ ռեկտորի մրցույթը հաստատեն»:

Հավելենք, որ բուհի ռեկտորի ընտրության առնչությամբ երկու հայց է ներկայացվել դատարան: Մեկը՝ ռեկտորի ընտրության ժամանակ առաջադրված թեկնածու, ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն է ներկայացրել՝ պահանջելով չեղարկել Կարինե Հարությունյանի հետ աշխատանքային պայմանագիրը։ Մյուս հայցը ներկայացրել է բուհը, որպեսզի Կառավարությունը հաստատի ռեկտորի ընտրության արդյունքները։

Տեսանյութեր

Լրահոս