Ցնցված ենք ԼՂ վերադարձող երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
Ցնցված ենք հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հայ երեխաներին հոգեբանական ահաբեկման ենթարկելու և իրավունքները խախտելու դեպքը:
«Ինչպես ակնհայտորեն երևում է հենց ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերում, ահաբեկիչներին հատուկ վարքագիծ ցուցաբերող «էկո-ակտիվիստները» կանգնեցրել են Լաչինի միջանցքով երեխաներին տուն՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխող փոխադրամիջոցը, ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել, դիմակավորված ներխուժել փոխադրամիջոց, անօրինական կերպով տեսանկարահանել երեխաներին և հոգեբանական բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Այս ամենի հետևանքով երեխաները ենթարկվել են հոգեբանական ահաբեկման, նրանցից մեկն ուշաթափվել է։
Ադրբեջանական կողմի այս գործողություններն այդ երկրում պետական մակարդակով իրականացվող հայության նկատմամբ ատելության և թշնամանքի, Լեռնային Ղարաբաղի հայությանը տեղահանելու քաղաքականության վառ օրինակներից են, որը հասնում է անգամ երեխաներին թիրախավորելու մակարդակի։ Նմանօրինակ վարքը որևէ արդարացում չունի թե՛ միջազգային իրավական, թե՛ մարդկային-բարոյական հարթությունում:
Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն ու կառույցները, քաղաքակիրթ մարդկության ներկայացուցիչները պետք է հստակ գնահատական տան ադրբեջանական կողմի այս արգահատելի գործելակերպին` նմանօրինակ նոր դեպքեր թույլ չտալու համար»,- նշված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկնաբանության մեջ: