Բաժիններ՝

Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի թեկնածուն կառավարության որոշման խախտմամբ է առաջադրվել և մասնակցել մրցույթին. Հետևանքը դեռևս հայտնի չէ

Դեկտեմբերի 16-ին Գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի պաշտոնում է վերընտրվել նկարիչ Արամ Իսաբեկյանը, սական խնդիրն այն է, որ եղել է կառավարության որոշման խախտում:

Դեռևս 2021թ. ՀՀ կառավարության` հուլիսի 29-ին կայացած նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում փոփոխություններ կատարելու մասին։ Ըստ այդմ, Գորիսի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանների կանոնադրություններում ներկայում ամրագրված են ռեկտորին ներկայացվող պահանջներ, ըստ որոնց՝ ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում ունեցող անձը: Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կանոնադրություններում սահմանված են նաև լրացուցիչ պահանջներ (ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ վաստակավոր արտիստի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում):

Պետական մի քանի բուհի կանոնադրություններում (փոփոխված նաև հոգաբարձուների խորհուրդների որոշումներով) ռեկտորի ընտրության համար նախատեսված չեն դոկտորի գիտական աստիճանի և պրոֆեսորի կոչման պահանջներ․ փոխարենը՝ առկա է ուղղակի գիտական աստիճանի և աշխատանքային ստաժի պահանջ (Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Գավառի պետական համալսարան, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա):

Հետևաբար, Արամ Իսաբեկյանը չէր կարող առաջադրվել և մասնակցել մրցույթի, քանի որ չունի գիտական աստիճան:

Կարդացեք նաև

ԿԳՄՍՆ-ից 168.am-ը հետաքրքրվեց, թե ե՞րբ է նախատեսվում խորհրդի նիստ գումարել, հնարավո՞ր է՝ նոր մրցույթ լինի, լրատվական բաժնից հայտնեցին, որ կա պարզաբանում, այն է՝ մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է նշանակվել Արամ Իսաբեկյանը, չի համապատասխանում իրականությանը։ Առ այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարություն չեն ներկայացվել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի 2022 թ․ դեկտեմբերի 16-ին կայացած նիստի արդյունքները։ Հետևաբար, տարածվող տեղեկությունը, թե 2023 թ․ հունվարի 12-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է ռեկտորի նշանակման հարցը, որն այնուհետև հանվել է օրակարգից, չի համապատասխանում իրականությանը: Նախարարությունը բուհի հոգաբարձուների խորհրդի կողմից տեղեկացվել է, որ նիստից հետո` փաթեթի կազմման ժամանակ, բացահայտվել է խնդիր, որի կարգավորման նպատակով հաջորդ շաբաթ նախատեսվում է խորհրդի նիստ գումարել։

Նշենք, որ դեկտեմբերի 16-ին կայացած նիստի արձանագրությունը դեռևս չի ուղարկվել ԿԳՄՍՆ, իսկ դրա պատասխանատվությունը կրում է հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն է:

Փորձեցինք կապ հաստատել Գեղարվեստի ակադեմիայի հետ, պարզելու, թե ե՞րբ է լինելու խորհրդի նիստը, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին;

Հավելենք, որ Արամ Իսաբեկյանը 1994 թվականից Երևանի գեղարվեստի ինստիտուտի (2000 թվականից` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա) ռեկտոր է: 2003, 2008, 2013 և 2017 թվականներին վերընտրվել է ակադեմիայի ռեկտորի պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս