«Սուտ են խոսակցությունները, թե ճանապարհը բացվելուց հետո բոլորը կգնան, ո՞ւր գնան՝ հարցը պետք է լուծվի». Մաճկալաշենի գյուղապետ

38-րդ օրն է արդեն, Արցախն  ադրբեջանական շրջափակման մեջ է, 120 հազար արցախահայեր փաստացի գտնվում են  ադրբեջանական գերության մեջ, կտրված են արտաքին աշխարհ դուրս գալու հնարավորությունից, խախտված է նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։

Արցախահայությունը դեկտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքում հայտարարեց, որ իրենք ընտրել են պայքարի ու Արցախում ապրելու ճանապարհը և մինչև վերջ կպայքարեն իրենց հողում ապրելու համար։

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղը շրջափակման պայմաններում շարունակում է  ապրել այնպես, ինչպես ամբողջ Արցախը՝ պայքարելով։

168.am հետ զրույցում Մաճկալաշենի գյուղապետ Լեռնիկ Ավանեսյանն ասաց՝ դեռ այնպիսի դժվարությունների առաջ չեն կանգնել, որ չեն կարողացել լուծել։

Կարդացեք նաև

«Այս պահին դեռ յոլա ենք տանում, իրավիճակը կարողանում ենք հաղթահարել։ Դե, այստեղ գյուղ է, գյուղում շրջափակման պայմաններում մի քիչ ավելի հեշտ է, քան քաղաքում։ Նկատի ունեմ, որ մարդիկ իրենց հավաքած բերք ու բարիքով ինչ-որ չափով կարողանում են օրվա հացի խնդիրը լուծել։ Խանութներում էլ մեկ-մեկ անհրաժեշտ ապրանքը բերում են, գնում ենք»,- շեշտեց Լեռնիկ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին Մաճկալաշենում դեղորայքի խնդիր չկա, այսինքն՝ դեղերի անհրաժեշտություն չկա, այն բնակիչները, որոնք դեղորայք էին ստանում, այս պահին էլ ստանում են, դեռ խնդիրների չեն բախվել։

«Խնդիրը հիմնականում կապված է մանկահասակ երեխաների կերերի հետ, տակդիր ևս չկա։ Իսկ մեծահասակների համար հիմնականում ճնշման, շաքարի դեղեր դեռևս ճարվում են»,- հավելեց նա։

Լեռնիկ Ավանեսյանի փոխանցմամբ, մարդկանց շրջանում անորոշություն կա, սակայն նրանցից որևէ մեկը չի պատրաստվում ճանապարհը բացվելուց հետո լքել Արցախը։

«Մարդիկ մի քիչ ավելի ագրեսիվ ու նյարդային են, բայց սուտ են խոսակցությունները, թե ճանապարհը բացվելուց հետո բոլորը կգնան, ո՞ւր գնան։ Հարցը պետք է լուծվի, մենք էլ հասկանանք՝ ի՞նչ ենք անելու ու ինչպե՞ս ենք անելու։

Ամեն դեպքում լավատես ենք, որ լավ է լինելու, իհարկե, պետք է լավ լինի, դե, սա Ադրբեջանի հերթական սադրանքներից է, էլի»,- շեշտեց Լ. Ավանեսյանը։

Մաճկալաշենի գյուղապետի բնորոշմամբ՝ 90-ականներին Արցախում ստեղծված իրավիճակն ու այսօրվա իրավիճակը գրեթե նույնն էր՝ նույն շրջափակված Արցախն էր, որտեղ հազարավոր մարդիկ փորձում էին գոյատևել։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Արցախի շրջափակումից առ այսօր  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երկու տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։

Տեսանյութեր

Լրահոս