«Բանակը սարքել են կրկես. զինվորին ասում են՝ մի կրակիր՝ կա՛մ գերի հանձնվիր, կա՛մ կրակիր ու դատվիր». Աշոտ Սևյան

Փետրվարի 12-ին ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ «հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», ինչից հետո ՊՆ-ն հաղորդեց որ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ փետրվարի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):

Ադրբեջանական կողմի հայտարարությունից հետո ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարեց, որ միջադեպի վերաբերյալ տեղի կունենա քննություն, ԱԺ իշխանական պատգամավորներն էլ իրենց հարցազրույցներում ասում էին, որ տեղի կունենա ծառայողական քննություն և մեղավորները կպատժվեն։

Հայկական կողմի այս հայտարարություններից հետո ֆեսյբուքյան օգտատերերը նույնիսկ սկսեցին կատակել, թե «պետք է աղոթել, որպեսզի հանկարծ ադրբեջանցի զինվոր չմահանա, հակառակ դեպքում հայ զինվորներին հայկական կողմը կդատի»։

168.amի հետ զրույցում ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանը հայկական կողմի պաշտոնական արձագանքը բնորոշեց՝ որպես հոգեբանական ճնշում հայ հասարակության վրա։

Կարդացեք նաև

«Փաստացի այս մարդիկ հոգեբանական ճնշում են գործադրում ժողովրդի վրա, սա ռազմական գործողության մի մասնիկն է։ Կարծում եմ՝ համընկնումներ կան, օրինակ, Սահմանադրությունը փոխելու մասին հայտարարությունները, իշխանություններն ասում են՝ եթե չփոխենք, պատերազմ կլինի, զոհեր կունենանք և այլն, սա այդ գործողությունների մի մասն է։

Բոլորիս էլ պարզ է, եթե ՊՆ ղեկավարը Պապիկյան Սուրոն է, իսկ ՀՀ ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, վիճակն այսպես պետք է լինի։ Իսկ եթե հանկարծ ռազմական ոստիկանությունը հետաքննություն անցկացրեց ու պարզեց, որ Ադրբեջանն է առաջինը դիմել սադրանքի, ինձ հետաքրքիր է ՝ ի՞նչ են անելու՝ ոչինչ, ուղղակի ջուր են ծեծելու, այս ամենը նույնիսկ ծիծաղելի է։

Չեմ էլ կասկածում, որ ամեն ինչ կբարդեն մեր տղաներից մի քանիսի վրա, նույնիսկ այդ զոհվածների վրա, ասեն՝ իրենք են մեղավորը, ու նրանց հետմահու դատեն»,- նշեց Աշոտ Սևյանը։

Ըստ նրա, երբ ասում է՝ հասարակությանը հոգեբանորեն կոտրում են, նշանակում է, որ սահմանին կանգնած զինվորն իր վրա հարձակվելու դեպքում գուցե հապաղի պատասխանել՝ մտածելով, որ դրա համար իր երկրում իրեն կպատժեն։

«ՀՀ-ում հայ զինվորի պարտականությունը ո՞րն է, ադրբեջանական զորքը Հայաստանի սուվերեն տարածքում է նստած ու կրակում է, սա նշանակում է, որ հայ զինվորը պետք է պատասխանի։ Այսինքն՝ սրանք զինվորին ասում են՝ մի կրակիր՝ կա՛մ գերի հանձնվիր, կա՛մ կրակիր ու դատվիր, այլընտրանք չկա։

Կամ՝ ադրբեջանցի զինվորն ի՞նչ գործ ունի ՀՀ սուվերեն տարածքի խորքում, թեպետ սրա բացատրությունը տվել են, թե ինչու չեն ոչնչացրել հայկական կողմից, ասում էին՝ ժամանակի ընթացքում նրանց սնունդը կվերջանա, հետ կգնան։

Այս մարդիկ մեկ օր ավելի պաշտոնի մնալու համար, հավատացեք, ամեն ինչի պատրաստ են։ Պատկերացրեք՝ ինչ վիճակում են դիրքերում կանգնած այն մարդիկ, որոնք կարդում են ՊՆ ռազմական ոստիկանության հաղորդագրությունը Ներքին Հանդի միջադեպի վերաբերյալ։ Այս մարդիկ բանակը սարքել են կրկես»,- շեշտեց ազատամարտիկը։

Աշոտ Սևյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը մշտապես գնալու է տեղային ռազմական գործողությունների, առայժմ լայնածավալ գործողություններ չի իրականացնի, քանի որ տեղայինով ամեն անգամ մեկ-երկու դիրք, մեկ գյուղ վերցնելով՝ գալու են առաջ։

«Այսօր ՀՀ-ում բոլորս էլ մեղավոր ենք՝ սկսած ինձանից, որ այս մարդիկ դեռ երկիր են ղեկավարում։ Նստած ինչ-որ փրկիչների ենք սպասում, մինչդեռ պետք է ոտքի կանգնենք։ Այս մարդիկ իրենց դեմ ծրագիր են դրել ու իրականացնում են, վերջինը երևի Կասկադը կտան, որովհետև այնտեղ շատ ծախս են արել։ Քանի դեռ մեր իշխանավորները սրանք են, թշնամին քիչ-քիչ տաշելով՝ տարածքներ է վերցնելու, մինչև դիմադրություն չլինի»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։

Տեսանյութեր

Լրահոս