Ինչ է սպասվում դրամին

Անցած տարին առանձնահատուկ էր ազգային արժույթի համար։ Տարբեր արժույթների նկատմամբ դրամն էապես ամրապնդվեց՝ խնդիրներ ստեղծելով տնտեսության հատկապես արտահանելի հատվածի ու բնակչության այն խմբերի համար, որոնց եկամուտները ձևավորվում են տարադրամով։

Չնայած այդ հանգամանքին՝ Կենտրոնական բանկը կտրուկ քայլեր չարեց դրամի արժևորումը կասեցնելու համար։

Արդյունքում երկու հիմնական արժույթների՝ դոլարի ու եվրոյի նկատմամբ ունեցանք ազգային արժույթի գրեթե 20 տոկոսանոց արժևորում։ Անցած տարվա վերջից դոլարի գինը գտնվում է 400 դրամի սահմաններում։ Եվրոյի փոխարժեքը մի փոքր ավելի բարձր է՝ 425-430 դրամ։

Դոլարի ու եվրոյի այսօրվա փոխարժեքները 90 դրամով ավելի ցածր են, քան անցած տարվա այս շրջանում։

Թեև այս մեկ տարում ամերիկյան ու եվրոպական արժույթների գները դրամի նկատմամբ բավականաչափ արժեզրկվել են, այնուհանդերձ վստահությունը մեծ չէ, որ դա երկար կպահպանվի։ Թե ինչպիսի՞ն կլինեն տարադրամի փոխարժեքներն այս տարի, և ինչպե՞ս իրեն կպահի դրամը՝ հետաքրքրում է շատերին։ Հատկապես նրանց, ովքեր իրենց եկամուտները ստանում են տարադրամով։ Այդպիսիք մեր հասարակության մեջ քիչ չեն։ Բնակչության շատ մեծ հատված տրանսֆերտային օժանդակություն է ստանում դրսից՝ դա լինի արտագնա աշխատանքի, թե ուղղակի օգնության տեսքով։ Դրա համար էլ դրամի՝ ինչպես ամրապնդումը, այնպես էլ՝ թուլացումը շատ զգայուն խնդիր է այս մարդկանց համար։

Դրամի ամրապնդումից տուժում է նաև տնտեսության այն հատվածը, որի հասույթները ձևավորվում են հիմնականում արտահանումից, իսկ ծախսերը կատարվում են դրամով։

Հասկանալու համար, թե առաջիկայում ի՞նչ է սպասում դրամին, հարկավոր է դիտարկել այն գործոնները, որոնք անցած տարի իրենց ազդեցությունը թողեցին ազգային արժույթի ամրապնդման վրա։ Դրանցից առաջնայինը, անշուշտ, դրսից Հայաստան մտած մեծ քանակությամբ տարադրամային հոսքերն էին։ Գրեթե 5 միլիարդի տարադրամային մուտք եղավ միայն տրանսֆերտների տեսքով։ Այն 2,5 անգամ ավելի էր նախորդ ժամանակահատվածից։

Իհարկե, այդ գումարներն ամբողջությամբ չմնացին Հայաստանում։ Մի մասն ինչպես եկավ, այնպես էլ դուրս գնաց։ Տրանսֆերտային մեծ հոսքերն ուղեկցվեցին նաև նույնպիսի մեծ արտահոսքով։

Հինգ միլիարդ ներհոսքի պարագայում դուրս եկավ 2,5-2,6 մլրդ դոլար, որը ևս աննախադեպ էր։

Դրանով հանդերձ, սակայն, բավական մեծ գումարներ մնացին Հայաստանում։ Դա էլ մեծացրեց ճնշումն արժութային շուկայի ու տարադրամի փոխարժեքների վրա։

Կային նաև այլ գործոններ, որոնք ևս ազդեցին տարադրամի արժեզրկման վրա, բայց հիմնականը տրանսֆերտների տեսքով ստացվող ֆինանսական հոսքերն էին։

Տարադրամի առաջարկն ավելի մեծ, էր քան պահանջարկը։ Ու քանի որ Կենտրոնական բանկը խուսափեց չեզոքացնել առաջարկի ու պահանջարկի միջև ձևավորված անհավասարակշռությունը, դա բերեց այնպիսի իրավիճակի, ինչպիսին ականատես եղանք անցած տարի։ Թե որքանո՞վ կպահպանվի այդ իրավիճակն այս տարի, կախված է մի քանի գործոններից։

Առաջնայինը, բնականաբար, արտերկրից ստացվող տարադրամային հոսքերն են։

Անշուշտ, դժվար է միանշանակ ասել, թե դրանք որքանով կշարունակեն նույն տեմպերով գալ Հայաստան։ Հավանականությունն ավելի մեծ է, որ այս տարի տրանսֆերտային հոսքերի որոշակի պասիվացում կլինի՝ նախորդ տարվա բարձր ակտիվությունից հետ։ Բայց եթե նույնիսկ պահպանվի նախորդ տարվա մակարդակը, դա դեռ չի նշանակում, որ տարադրամի գները կլինեն այնպիսին, ինչպիսին հիմա են։

Սպասվում է, որ այս տարի արժութային շուկայում ավելի ակտիվ դերակատարություն կստանձնի Կենտրոնական բանկը։ Դրա համար որոշակի հիմքեր կարծես ստեղծվում են՝ կապված առաջին հերթին գնաճի հետ։

Նախորդ տարվա բարձր գնաճից հետո ակնկալվում է, որ այս տարի գնաճի տեմպը համեմատաբար ավելի թույլ կլինի։

Հասկանալի է, որ նախորդ երկու տարիների կտրուկ թանկացումների վրա, որքան էլ թանկացումները շարունակվեն, գնաճի վրա դրանց ազդեցությունը թուլանալու է՝ նախկինում ձևավորված գների բարձր դիրքի արդյունքում։

Դա հնարավորություն կտա Կենտրոնական բանկին համեմատաբար ավելի ազատ գործել փոխարժեքի շուկայում։ Անցած տարի Կենտրոնական բանկի դրսևորած պասիվությունն արժութային շուկայում մեծապես պայմանավորված էր բարձր գնաճով։

Հայտնի է, որ փոխարժեքները գնաճի վրա ազդող էական գործոն են, հատկապես, երբ գնաճի մի զգալի մասը թելադրված է միջազգային շուկաներից։

Միջազգային շուկաներում վերջին շրջանում գնաճային ակտիվության որոշակի թուլացում է նկատվում։ Որքան էլ արտաքին շուկաների այդպիսի դրսևորումները ոչ միշտ են համարժեք արտահայտվում ներսում, որոշակի ազդեցություններ այնուհանդերձ կլինեն։

Գնաճային ճնշման թուլացումը թույլ կտա, որպեսզի Կենտրոնական բանկը ներքաշի արժութային շուկայում առաջացած հավելյալ տարադրամը։ Զուտ այն պատճառով, որ դրամի ամրապնդումը տնտեսության մի շարք հատվածներում հասցրել է լուրջ խնդիրներ ստեղծել։

Անցած տարի կառավարությունը խտրական մոտեցում ցուցաբերեց ՏՏ նկատմամբ և ֆինանսական բավական մեծ օժանդակություն ցուցաբերեց, ի տարբերություն մի շարք այլ տուժած ոլորտների։ Բայց դա էլ ժամանակավոր օժանդակություն էր։ Վնասներն արտահանելի տնտեսության մեջ շարունակվելու են նաև այս տարի, եթե պահպանվեն տարադրամի այսօրվա փոխարժեքները։

Այնպես որ, տնտեսության արտահանելի հատվածի կորուստները որոշ չափով մեղմելու տարբերակներից մեկը կլինի դրամի թուլացումը։ Ամենայն հավանականությամբ, Կենտրոնական բանկը կգնա այդ ուղղությամբ։

Որոշակի կանխատեսումներ արդեն կան այս տարվա փոխարժեքների վերաբերյալ։ Այդ կանխատեսումների համաձայն, սպասվում է դրամի որոշակի թուլացում հիմնական արժույթների նկատմամբ։

Տարբեր գնահատումներով, այս տարի դոլարի փոխարժեքը կտատանվի 430-440 դրամի միջակայքում։

Իհարկե, սա զուտ կանխատեսում է. կիրականանա՞, թե՞ ոչ, կախված կլինի նրանից, թե ինչպես իրենց կպահեն այն գործոնները, որոնք, ի տարբերություն աշխարհի բազմաթիվ երկրների, անցած տարի բերեցին Հայաստանում դոլարի և եվրոյի փոխարժեքների նվազմանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս