Սա ֆունդամենտալ փաստ է. չարիքից ազատվելու շանսերը շատ մեծ են. Գագիկ Մինասյան

Ազգային ժողովի ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցության մասնակցության հարցը շատ երկար է քննարկվել ՀՀԿ Գործադիր մարմնում՝ ավելի քան մեկ ամիս, և, ի վերջո, բազմաթիվ թեր ու դեմ կողմերով որոշում է ընդունվել անմիջականորեն չմասնակցել առաջիկա ընտրություններին։ Այս մասին 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ խոսելով նախորդ շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ 18-րդ համագումարի մասին։

Գագիկ Մինասյանի խոսքով՝ որքան էլ  պարադոքսալ հնչի, բայց ՀՀԿ-ն այս որոշմամբ մեծ ընդառաջ քայլ է արել այն բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք ծառացած են հայկական պետականության առաջ՝ միգուցե նաև հետին պլանում թողնելով ներկուսակցական շահը։

«Ցավոք, իրողություն էր, որ ընդդիմադիր դաշտում կար բավականին տհաճ նեգատիվ հակամարտություն կուսակցությունների միջև, որն անխուսափելիորեն պիտի ազդեր ընդհանուր ճակատի համակցված գործողությունների վրա, որոնք պետք է կարողանային այս չարիքի իշխանությունը հեռացնել, և մենք գործնականում չենք մասնակցում, այսինքն՝ մեր անունը չի լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ցուցակում, հավատացեք, որ այդ նեգատիվ երևույթը կա՛մ վերանում է, կա՛մ այլևս իր ազդեցությունը չի կարող գործել»,- պարզաբանեց Գագիկ Մինասյանը։

Կարդացեք նաև

Մինասյանը նաև ավելացնում է, որ բազմաթիվ հարցումների տվյալներով՝ Հանրապետական կուսակցության ընտրազանգվածն իր ձայները 100 տոկոսով տալու է այս կամ այն ընդիմադիր ուժին և ոչ մի պարագայում չի տալու իշխող կուսակցությանը՝ ՔՊ-ին։

«Եվ շատ կարևոր է, որ մեր կուսակցության ընտրազանգվածը խիստ քաղաքականացված է, և անհնար է պատկերացնել, որ նրանք մնան տանը ու չգնան քվեարկության, և դա դրսևորվել է այս վերջին 7-8 տարիներին՝ այս չարիքի իշխանության հետ անհաշտ պայքարի ճանապարհին։ Չմասնակցելով բուն ընտրություններին՝ մենք շարունակելու ենք մեր գործողությունները, նախընտրական բոլոր փուլերում մեր նպաստն ենք բերելու այն ուժերին, որոնք լինելու են ընտրական ցուցակներում, բայց բացի դրանից՝ մենք նաև հետևողական աշխատանք ենք տանելու, որպեսզի չիրականացվի այն, ինչից մենք բոլորս շատ ենք վախենում. դա այս չարիքի իշխանության կողմից չնախատեսված կոպիտ խախտումներն են՝ ոչ միայն ընտրություններից առաջ, այլև՝ հենց ընտրական գործընթացում։ Մենք մեր ամբողջ ռեսուրսը ներդնելու ենք, որպեսզի թե՛ փողոցային պայքարի, թե՛ այլ մեթոդներով հնարավորինս չեզոքացնենք այդ հնարավորությունը»,- ընդգծում է ԱԺ նախկին պատգամավորը։

Իսկ «չարիքի իշխանությունից» ազատվելու հնարավորությունները Գագիկ Մինասյանը շատ բարձր է գնահատում՝ վերլուծելով «Գելափ»-ի վերջին հարցման արդյունքները։

Հանրապետական գործիչը հորդորում է բոլոր ընտրողներին և հատկապես՝ ընդդիմադիր ընտրազանգվածին՝ անպայման գնալ հունիսի 7-ի ընտրություններին՝ ընդգծելով, որ ինչքան ցածր լինի քվեարկության մասնակիցների թիվը, այնքան մեծ է լինելու «չարիքի իշխանության» ձայների տոկոսը, հետևաբար՝ առաջին գերխնդիրն ընտրողների թվի ավելացումն է։

Զրուցակիցը շեշտում է՝ «Գելափ»-ի վերջին հարցման և նախորդ բազմաթիվ հարցումների տվյալները հաստատում են միևնույն փաստը, որ առաջին երեք ընդդիմադիր ուժերի, տվյալ դեպքում՝ «Ուժեղ Հայաստան»-ի, «Հայաստան» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան»-ի տոկոսների միացյալ թիվը շատ ավելի մեծ է, քան ՔՊ-ի տոկոսային թիվը։

«Սա ֆունդամենտալ և մեծ հույս ներշնչող փաստ է, որ եթե նույնիսկ այսպես մնա, իսկ ես համոզված եմ, որ ընդդիմության տոկոսները գնալով ավելի են մեծանալու մնացած երկու ամսվա ընթացքում, և չարիքից ազատվելու շանսերը շատ-շատ մեծ են, և այդ հանգամանքը պետք է անպայման հաշվի առնեն նաև մեր ընտրողները և լիահույս լինեն, որ իրատեսական է չարիքին այն մեծ խնդրի՝ չարիքին մի կողմ վռնդելու լուծումը»,- կարծում է Գագիկ Մինասյանը։

Նախընտրական գործընթացների համատեքստում անդրադառնալով մեկ շաբաթ առաջ Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում շոշափված թեմաներին՝ Գագիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ դիվանագիտական ստանդարտ արարողակարգից փոքր-ինչ դուրս եկող ելույթը բխում էր այն իրողություններից, որոնք առկա են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում և հայաստանյան նախընտրական գործընթացներում։

«Եթե նախընտրական գործընթացներում տեղի ունենան ընտրական պրոցեսների կոպիտ խախտումներ, ապա այդ խախտումները կարող են բերել նրան, որ չարիքի իշխանությունը վերարտադրվի Հայաստանում, և դա խնդիրներ կառաջացնի հայ-ռուսական հարաբերություններում։ Կարծում եմ, որ այդ տեսակետից Ռուսաստանի մոտեցումներն այդ նեգատիվ խնդիրների կանխարգելմանը էական ազդեցություն կարող են ունենալ և՛ հայ-ռուսական հետագա հարաբերությունների պոզիտիվ զարգացմանը, և՛ Հայաստանի ներքին քաղաքական գործընթացների զարգացմանը, որովհետև անտրամաբանական կլինի, որ ամենահզոր ընդդիմադիր քաղաքական ուժին դուրս թողնեն մրցապայքարից։ Դա ընդհանրապես ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունեցող քայլ կարող է լինել»,- նշում է Գագիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ Գործադիր մարմնի որոշմամբ չի մասնակցի 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։ Ապրիլի 4-ին տեղի ունեցավ ՀՀԿ 18-րդ համագումարը, որին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն անմիջականորեն չի մասնակցի ընտրություններին, բայց կմնա այս իշխանության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930