«Եթե միջազգային հանրությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչի՞ մասին ենք 30 տարի բանակցել, ինչո՞ւ մինչև այժմ հարցը չի լուծվել». Արթուր Հարությունյան

Դեկտեմբերի 10-ին՝ երեք տարվա ընդմիջումից հետո, Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, մինչ այդ նրա ասուլիսներն անցկացվում էին օնլայն ձևաչափով՝ առանց լրագրողների անմիջական ներկայության։  Ինչպես և սպասելի էր, լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերի մեծ մասը վերաբերում էին Արցախին և այժմ Արցախում ստեղծված իրավիճակին։

Արցախի ու նրա կարգավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ Հայաստանն Արցախի ճակատագրի որոշողը չէ, դրա հասցեատերն արցախահայությունն է, և պաշտոնական Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ։ Իսկ Բերձորի ճանապարհի պատասխանատուն էլ ռուս խաղաղապահներն ու Ռուսաստանն են։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «միջազգային հանրությունն Արցախը ճանաչում է  Ադրբեջանի մաս»։

168.amհետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին, նախ նշեց՝ արդեն մի քանի ամիս խոսվում է, որ ուղիղ բանակցություններ պետք է լինեն, ինչի վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտն իր տեսակետն արդեն հայտնել է։

Կարդացեք նաև

«Մենք ասել ենք, որ կողմ ենք այդ բանակցություններին մասնակցելուն, սակայն դա պետք է լինի միջազգայնորեն ճանաչված ձևաչափով։ Այսինքն՝ եթե Արցախը ճանաչվում է բանակցությունների լիիրավ կողմ, և միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Արցախին ճանաչում է որպես բանակցող կողմ, իհարկե, մենք կողմ ենք այդ ձևաչափում ընդունված երեք սկզբունքների հիման վրա բանակցել՝ ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառման սկզբունք»,- նշեց Արթուր Հարությունյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ «Միջազգային հանրությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս», ԱԺ պատգամավորը նկատեց՝ եթե այդպես էր, ապա ի՞նչ էին բանակցում 30 տարի։

«Եթե միջազգային հանրությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ապա ինչի՞ մասին ենք 30 տարի բանակցել, ինչո՞ւ մինչև այժմ այդ հարցը չի լուծվել, ի՞նչն է Ադրբեջանին հետ պահում ամեն անգամ այս կամ այն փաստաթուղթը ստորագրելուց։ Ես չեմ հասկանում, առնվազն ինձ համար անհասկանալի է այս դիրքորոշումը։ Միջազգային հանրությունն Արցախը ոչ թե Ադրբեջանի մաս էր ճանաչում, այլ ճանաչում էր, որ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, որ կա այստեղ ազգերի ինքնորոշման իրավունքի խնդիր, ինչպես և աշխարհի բոլոր ազգերն էլ ինքնորոշման իրավունք ունեն՝ միջազգային բոլոր իրավանորմերի համաձայն։ Եթե մենք ուզում ենք հարցին այդ կողմից մոտենալ, իհարկե, կարող ենք այդպես ասել, կա դրա պատմական, իրավական, քաղաքական իրադարձությունները, որոնք մենք 30 տարիների ընթացքում իրականացրել ենք և այդ պայքարը սկսել ենք 1991 թվականի մեր ինքնորոշման հանրաքվեից։ Անկախության հռչակագիր, այնուհետև՝ դեկտեմբերի 10-ին հանրաքվե, որով Արցախի ժողովուրդը հայտնել է իր կամքը ինքնորոշվելու և որպես առանձին միավոր ձևավորվելու»,- հավելեց Արթուր Հարությունյանը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ ասուլիսի ժամանակ նաև հնչել է, որ «մադրիդյան սկզբունքները» ընդունելով՝ հայկական կողմն առոչինչ է ճանաչել 1991 թվականի այդ գործընթացները. դա իրականությանը չի համապատասխանում։

«Իրականում «մադրիդյան սկզբունք», որպես այդպիսին, չի ստորագրվել, ոչ մեկի կողմից այդ փաստաթուղթը չի ստորագրվել, դրանք սովորական աշխատանքային փաստաթղթեր էին՝ սկսած բանակցային առաջին օրվանից մինչև վերջ տասնյակ այդպիսի աշխատանքային փաստաթղթեր են եղել՝ «Կազանյան», «Քի Վեսթ» և այլն, բայց ստորագրված եռակողմ կամ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում որևէ փաստաթուղթ չենք ստորագրել։ Հիմնվել սրա վրա ու ասել, որ 1991 թվականի մեր հանրաքվեն «մադրիդյան սկզբունքներով»  առոչինչ է, սա առնվազն անհասկանալի է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ հայաստանյան հասարակությունը ստեղծված իրավիճակում ի՞նչ կարող է անել, Արթուր Հարությունյանը պատասխանեց, որ պայքարը պետք է շարունակվի նաև՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում՝ աշխարհին ցույց տալու, որ իրականում ահագնացող հումանիտար աղետը խորանում է։

«Կարծում եմ՝ հայության ամբողջ ներուժն օգտագործելով՝ կարող ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա։ Նաև այն կազմակերպությունները, որոնք կարող են գործուն քայլեր իրականացնել այդ ուղղությամբ, որպեսզի կարողանանք նպատակին հասնել»,- շեշտեց Արցախի ԱԺ պատգամավորը, հավելելով, որ այն, ինչ այսօր Հայաստանում տեղի է ունենում՝ մի քանի հավաք և այլն, դրանք բավարար չեն։ Տարբեր ձևաչափերով պետք է հարցը բարձրաձայնվի ու հասցվի միջազգային հանրությանը, քանի որ Ադրբեջանն Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակումը ներկայացնում է  ոչ թե՝ որպես Արցախի շրջափակում, այլ՝ «քաղաքացիական ակցիա», ինչն իրականությանը չի համապատախանում։

«Միայն այն, որ Կարմիր խաչի միջոցով հումանիտար օգնություն է գալիս կամ հիվանդների տեղափոխումը Հայաստան իրականացվում է  կրկին Կարմիր խաչի միջոցով, սա արդեն խոսում է Արցախի շրջափակման մասին։ Ադրբեջանի նախագահի կողմից երեկ հնչեցրած հայտարարությունները, որ ճանապարհը չի բացվելու, ապացուցում է, որ այս ամենը կազմակերպվել է հենց Ադրբեջանի իշխանության կողմից»,- եզրափակեց Արթուր Հարությունյանը։

Նշենք, որ հունվարի 11-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի վերաբերյալ տարածվել է պաշտոնական հաղորդագրություն, այնտեղ անդրադարձել են նաև Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, որոնք Արցախն անընդունելի է համարել։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության հիմնարար իրավունքները:

Տեսանյութեր

Լրահոս